Հյուսիս-հարավ մայրուղու դերը Իրանի և Հայաստանի միջև տարանցիկ փոխադրումներում և առևտրում

7 ր.   |  2025-06-10

Վալի Քալեջի- Ավագ փորձագետ, Իրան-Եվրասիա ուսումնասիրությունների ինստիտուտ (IRAS), Թեհրան, Իրան


Ժաննա Վարդանյան -փորձագետ, «Օրբելի» վերլուծական հետազոտական կենտրոն, Երևան, Հայաստան



Վ երջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կայուն աճ է գրանցել: 2021 թվականին երկկողմ առևտուրը առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարի սահմանը, իսկ դրան հաջորդող 2022 թվականին հասել 700 միլիոն դոլարի։ Առևտրաշրջանառության ծավալները շարունակել են մեծ լինել նաև 2023 թվականին՝ հասնելով 690, իսկ 2024թ.-ին 737 միլիոն դոլարի: Այս տեմպերով երկու երկրները մոտենում են իրենց սահմանած 1 միլիարդ դոլարի շեմին: Այնուամենայնիվ, սա վերջնական նպատակ չի համարվում: Երկու կողմերի պաշտոնյաները հայտնել են առևտրաշրջանառության ծավալները երկարաժամկետ հեռանկարում 3 միլիարդ դոլարի հասցնելու համատեղ հանձնառության մասին։

Չնայած էներգետիկայի ոլորտը (հիմնականում բնական գազը և էլեկտրաէներգիան) շարունակում է կազմել երկկողմ առևտրի մեծ մասը, այլ ապրանքների մասնաբաժինը աճում է, ինչը վկայում է ապրանքատեսակների աստիճանական դիվերսիֆիկացիայի մասին: Մյուս կողմից,  Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև «Ազատ առևտրի համաձայնագիրը» ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ին, և այս ամսաթվից սկսած՝ Իրանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրում ընդգրկված 87 տոկոս ապրանքների ներմուծման և արտահանման մաքսատուրքերը կհասնեն զրոյի: Դա իր հերթին կարող է զգալիորեն ավելացնել Իրանի և Հայաստանի միջև առևտրի և տարանցման ծավալները:

Այս պայմաններում ընդգծվում է  առևտրի խթանման գործում ժամանակակից և արդյունավետ ենթակառուցվածքների աճող կարևորությունը: Թեև Հայաստանը կապվում է Վրաստանին խորհրդային շրջանի երկաթուղային երթուղով, այն չունի ուղիղ երկաթուղային կապ Իրանի հետ: Հետևաբար, Հայաստանի և Իրանի միջև հաղորդակցության և տարանցման միակ միջոցը Երևանից Մեղրի ճանապարհն է՝ մինչև իրանական սահմանը: Այս 400 կիլոմետրանոց երթուղին, որն անցնում է լեռնային շրջաններով, շատ նեղ է, բեռնատարների համար դժվարանցանելի՝ հատկապես ձմռանը ձյան և սառույցի պայմաններում: Հետևաբար, ժամանակակից, անվտանգ և բարձրորակ տարանցիկ երթուղիների կառուցումն ու զարգացումը դարձել է անխուսափելի անհրաժեշտություն Հայաստանի համար:

Ենթակառուցվածքների զարգացման ջանքերի առանցքում գտնվում է Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղին՝ հիմնական տրանսպորտային միջանցքը, որը ներկայումս գտնվում է կառուցման փուլում և կկապի Բավրան (վրացական սահման) Մեղրիի հետ (իրանական սահման): Այս նախագիծը անկախ Հայաստանի պատմության ամենամեծ ներդրումային տրանսպորտային ծրագիրն է: Այն մեկնարկել է 2009 թվականին՝ երկրի հարավը հյուսիսի հետ կապելու նպատակով: Շինարարության պլանավորված է ավարտել 2030 թվականին՝ նախատեսելով ևս 2 տարի թերությունների շտկման համար: Նախագիծը բաժանվել է հինգ հատվածի: Չնայած Երևանի և Գյումրիի շրջակայքում գտնվող հյուսիսային հատվածների աշխատանքները ավարտվում են, մայրուղու զգալի հատվածները գտնվում են շինարարական փուլում: Հարավային Հայաստանի լեռնային շրջանները մայրուղիների և թունելների կառուցման գործընթացը դարձրել են ծախսատար և երկարատև: Ստորև գտնվող քարտեզը պատկերում է Հայաստանի հյուսիս-հարավ մայրուղու երթուղին, որը ձգվում է հյուսիսում Շիրակի մարզից մինչև հարավում Սյունիք մարզ:

Հայաստանի «Հյուսիս-Հարավ մայրուղու» երթուղին՝ հյուսիսում Շիրակ մարզից (Վրաստան) մինչև հարավում Սյունիք մարզ (Իրան): (Աղբյուր՝ Tunleing World)

Այս ռազմավարական միջանցքը նպատակ ունի նվազեցնել տրանսպորտային հեռավորությունը իրանական և վրացական սահմանների միջև հասցնելով 560 կմ-ից մոտ 460 կմ-ի: Սպասվում է, որ մայրուղին զգալիորեն կկրճատի փոխադրումների ժամանակը և կնվազեցնի լոգիստիկ ծախսերը: Հայկական լրատվամիջոցներում հրապարակված գնահատականների համաձայն՝ Հայաստանի տարածքով իրանական ապրանքների տարանցման ժամանակը կնվազի 9 ժամից մոտ 5 ժամի: Միևնույն ժամանակ մեկ կիլոմետրի հաշվով մեկ տոննա բեռի փոխադրման արժեքը կնվազի 1,5-2 դոլարով:

Մայրուղու ազդեցությունը հատկապես զգալի կլինի Հայաստանի Սյունիք մարզում: Ղարաբաղյան 2-րդ պատերազմից և 2021 թվականի սեպտեմբերին Սյունիք մարզի Գորիս-Կապան մայրուղում իրանական բեռնատարների համար առաջացած խոչընդոտներից հետո պարզ դարձավ, որ Տաթև-Աղավնի այլընտրանքային ճանապարհը չուներ անհրաժեշտ որակն ու ստանդարտը, հատկապես ձմռանային եղանակին:

Բացի այդ, ըստ Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին  նախարարի՝ Սյունիք մարզում, Սիսիանից Քաջարան տանող ճանապարհին, վարելու միջին արագությունը կազմում է մոտ 50 կմ/ժ: Նոր մայրուղում սա կարող է հասնել 100 կմ/ժ-ի՝ այս հատվածով ճանապարհի տևողությունը նվազեցնելով մոտ երկու ժամով: Այս առումով, Քաջարանի թունելի կառուցումը՝ որպես Հյուսիս-հարավ ծրագրի մաս, նույնպես կվերացնի Մեղրի լեռնանցքի օգտագործման անհրաժեշտությունը՝ ապահովելով ավելի անվտանգ և վստահելի տարանցում, հատկապես ձմռանային ամիսներին:

Սիսիան-Քաջարան մայրուղու հատվածը ներառում է ճանապարհի նոր 60 կիլոմետրանոց հատվածի կառուցումը: Մայրուղին կունենա եռաշերտ ճանապարհներ ասֆալտբետոնային ծածկույթով, հինգ թունել (այդ թվում մեկը Բարգուշատի շրջանում), 11 կամուրջ, 68 ցանկապատ և 43 ամրակցման պատ: Սիսիան-Քաջարան մայրուղու հարավային հատվածի կառուցման գնահատված արժեքը կազմում է 452 միլիոն եվրո:

2 025 թվականի հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ մեծ ֆինանսական համաձայնագիր՝ Սիսիան-Քաջարան մայրուղու ռազմավարական կարևորության հատվածը կառուցելու համար: Ֆինանսավորումը կտրամադրվի մի քանի միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից. Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) բացի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ԵՎԶԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կտրամադրեն յուրաքանչյուրը 236 միլիոն եվրո:

Բացի այդ, 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանը և Իրանը ստորագրել են համաձայնագիր Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև ճանապարհային տուրքերի վերացման վերաբերյալ: Այս պայմանագրի հիման վրա իրանական կողմը կկառուցի Ագարակ (իրանական սահմանից) - Վարդանիձոր - Քաջարան թունելի 32-կիլոմետրանոց հատվածը, որը կունենա 5 նոր խաչմերուկ, 6 անցում, 2 թունել և 17 կամուրջ: Իրանական ինժեներական ընկերությունները իրականացնում են Ագարակ-Վարդանիձոր ճանապարհի (մոտ 21 կմ) մեծ վերակառուցումը և Վարդանիձորի ճանապարհի կառուցումը մինչև թունելի ելքը (մոտ 11 կմ) Հայաստանի հյուսիս-հարավ մայրուղու ներդրումային ծրագրի չորրորդ հատվածի շրջանակում։

Հյուսիս-հարավ մայրուղու կարևորությունը  չի սահմանափակվում միայն երկկողմ առևտրով։ Այս Նախագիծը կարող է կարևոր դեր խաղալ «Պարսից ծոց-Սև ծով միջանցքում», որը նավային, երկաթուղային և ճանապարհային բեռնափոխադրական երթուղիների բազմակերպ և համակցված ցանց է։ Այն միացնում է Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը: Այս համատեքստում Հայաստանի համար այն ապահովում է  մուտք դեպի իրանական տարածք և, դրա միջոցով, դեպի Պարսից ծոցի նավահանգստներ և Հնդկաստանի շուկաներ: Այն կարող է նաև բարելավել Իրանի մուտքը դեպի Սև ծով՝ հեշտացնելով առևտուրը եվրոպական երկրների հետ: Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագրով՝ մայրուղին դիրքավորվում է նաև որպես Իրանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրի հիմնական միջանցք: Ավելի լայն տարածաշրջանային առումով մայրուղին օգնում է բարելավել առևտրային երթուղիների վստահելիությունը և դյուրացնում տարածաշրջանի շուկաների միջև կապը։

Մյուս կողմից, Հյուսիս-հարավ մայրուղու արդյունավետությունը Իրանում և Վրաստանում  տարանցիկ երթուղիների զարգացում է պահանջում: Այս առումով, հաշվի առնելով Իրանի և Հայաստանի միջև Արաքս գետի վրա Նորդուզ-Մեղրի սահմանային կամրջի առկա սահմանափակ թողունակությունը, երկու կառավարությունները դիտարկում են երկրորդ կամրջի կառուցման հարցը։ Միաժամանակ Արևելյան Ատրպատական նահանգում արդեն իրականացվել է Թավրիզ-Վարզաղան տրանզիտային մայրուղու զարգացման ծրագիրը, իսկ Վարզաղանից Նորդուզ՝ Հայաստանի սահման երթուղու զարգացումն ընթացքի մեջ է: Վերջին զեկույցների համաձայն՝ ծրագիրն իրագործվել է ավելի քան 90 տոկոսով և կավարտվի ընթացիկ իրանական տարվա վերջին՝ 2026 թվականի մարտին: Փաստացիորեն,  Վարզաղան-Նորդուզ մայրուղին նույնպես սահմանը Թավրիզի և Թեհրանի հետ կապող հատված է, որը միանալով Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղուն՝ կարող է բարձրացնել երկու երկրների միջև տարանցման և առևտրի ծավալն ու արագությունը:. 

Հյուսիսում Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղին պետք է միանա Վրաստանի Արևելք-արևմուտք միջազգային մայրուղուն: Իրանի Թավրիզ-Վարզաղան-Նորդուզ մայրուղու միացումը Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղուն և Վրաստանի արևելք-արևմուտք մայրուղուն կարող է կարևոր դեր խաղալ Պարսից ծոց-Սև ծով միջանցքում: Այն կարող է կապել Պարսից ծոցի և Օմանի ծովի իրանական նավահանգստները Սև ծովի վրա գտնվող Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգստների հետ՝ թույլ տալով բեռնատարների և կոնտեյներների փոխադրումը Roll-on/roll-off նավերով Սև ծովից դեպի բուլղարական նավահանգստներ, այդ թվում Բուրգաս և Վառնա:

Ամփոփելով՝ Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղին ավելին է, քան ազգային ենթակառուցվածքային ծրագիր. այն Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների առաջխաղացման ռազմավարական հարթակ է, որը կարող է կարևոր դեր խաղալ ինչպես Եվրասիական տնտեսական միությունում, այնպես էլ Պարսից ծոց-Սև ծով, հյուսիս-հարավ միջանցքներում: Հետևաբար, լոգիստիկայի բարելավմամբ, միջսահմանային համագործակցության խթանմամբ և տարածաշրջանային կապակցման ապահովմամբ՝ մայրուղին կարող է աջակցել ինչպես կարճաժամկետ տնտեսական նպատակներին, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հեռանկարներին: Քանի որ առևտուրը շարունակում է աճել և դիվերսիֆիկացվել, այս միջանցքը կշարունակի ունենալ առանցքային դեր երկու երկրների միջև տնտեսական գործընկերության ամրապնդման գործում:

Հոդվածի անգլերեն տարբերակն՝ այստեղ։

Հոդվածի պարսկերեն տարբերակն՝ այստեղ։