Լիբանանի հայ համայնքի գիտական ներուժը

7 ր.   |  2019-02-04

Առհասարակ Սփյուռքի գիտական ներուժը դիտարկվում է երկու հարթության մեջ՝ ինստիտուցիոնալ և անհատական։ Ինստիտուցիոնալ հարթության մեջ են հայկական գիտական կառույցները, իսկ անհատականում՝ այն հայ գիտնականները, որոնք գործունեություն են ծավալում արտասահմանյան հետազոտական և բարձրագույն կրթական հաստատություններում։ Այս հոդվածում փորձ է արվել դիտարկել Լիբանանի հայ համայնքի գիտական ներուժը՝ անհատական մակարդակով։

Նախևառաջ, անհրաժեշտ է հաշվի առնել երկու հանգամանք.

1. Հայկական սփյուռքում 20-րդ դարի կեսերից սկսված ժողովրդագրական տեղաշարժերի պատճառով (նկատի ունենք հայերի գաղթը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից դեպի Արևմտյան երկրներ) Լիբանանում հայերի թիվը էապես նվազել է։ Եթե 20-րդ դարի 70-ական թվականներին համայնքը 250-300 հազար էր, ապա այժմ այն զգալիորեն նվազել է։

Քանի որ 1932թ.-ից մինչ օրս Լիբանանում մարդահամար չի անցկացվել, ապա պաշտոնական վիճակագրական տվյալներ չկան նաև հայ համայնքի թվաքանակի վերաբերյալ։ Ոչ պաշտոնական տվյալները տատանվում են 65-70 հազարից մինչև 140 հազարի սահմաններում։ Այս մեծ տարբերությունը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. ա) Լիբանանից դեպի Արևմուտք գաղթած բազմաթիվ հայեր պահպանում են քաղաքացիությունը՝ շարունակելով համարվել Լիբանանի բնակչության մաս, թեև փաստացի չեն բնակվում այնտեղ, բ) կա նաև սեզոնայնության գործոն. բազմաթիվ լիբանանահայեր տարվա որոշակի եղանակների վերադառնում են այդ երկրի իրենց բնակավայրերը, ապա՝ կրկին հեռանում։ Հաշվի առնելով այս գործոնները՝ կարծում ենք, որ Լիբանանի հայ համայնքի փաստացի թվաքանակը մոտ 65-70 հազարն է։

Հասկանալի է, որ հայ համայնքի նվազումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ նաև գիտական ներուժի վրա։

Այնուամենայնիվ, որպես Սփյուռքի մայր գաղութ Լիբանանի հայ համայնքը շարունակում է պահպանել նշանակալի գիտական կարողականություն։ Հետևաբար, չնայած քանակական սահմանափակությանը, ինչպես ճշգրիտ գիտությունների, այնպես էլ հասարակագիտական ոլորտներում առկա է որոշակի ներուժ, որն արժե ենթարկել դիտարկման։

Հայկազյան համալսարանի շենքը Բեյրութում

2. Լիբանանը չի դասվում աշխարհի գիտատեխնիկական զարգացած երկրների շարքը [1]։ Համենայն դեպս, այն համեմատելի չէ Արևմտյան աշխարհի կամ Հեռավոր Արևելքի զարգացած երկրների՝ Ճապոնիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ։ Հետևաբար, բնագիտության ոլորտում հայ մասնագետների համար զարգացման մեծ հեռանկար չկա։ Տաղանդավոր հայերն էլ, ինքնադրսևորման առավել լայն հնարավորություններ փնտրելու ձգտումով, մեկնում են տեխնոլոգիապես ավելի զարգացած երկրներ։ Նրանցից է, օրինակ, Գարաբեդ Անտրանիկյանը, ով Բեյրութի Ամերիկյան համալսարանում մագիստրոսի աստիճան ստանալուց հետո մեկնել է Գերմանիա և Գյոտտինգենի համալսարանում ստացել միկրոբիոլոգիայի դոկտորի աստիճան, այնուհետև՝ Համբուրգի Տեխնոլոգիական համալսարանում դարձել տեխնիկական միկրոբիոլոգիայի պրոֆեսոր։ Ներկայում պրոֆեսոր Անտրանիկյանը Համբուրգի Տեխնոլոգիական համալսարանի Տեխնիկական միկրոբիոլոգիայի ինստիտուտի տնօրենն է։

Բնագիտություն կամ ճշգրիտ գիտություններ

Մ եր դիտարկումների համաձայն, հայ համայնքի ներկայացուցիչները ամենաշատը հանդիպում են ճարտարապետության և առողջապահության ասպարեզներում։

Ճարտարապետներից առավել հայտնի է պրոֆեսոր Րաֆֆի Գերգյանը, ով Լիբանանի համալսարանի անտիկ և միջնադարյան ճարտարապետության պատմության պրոֆեսոր է (professor of the history of architecture in Antiquities and the Medieval Ages at the Lebanese University)։ Նա միաժամանակ Այնճարի Համաշխարհային ժառանգության հնագիտական կայանի հոգաբարձուներից է (the conservator of the World Heritage Archeological site of the city of Anjar)։ Րաֆֆի Գերգյանի իրականացրած նշանավոր հետազոտություններից մեկը նվիրված է Լիբանանի հայկական եկեղեցիներին, որը 2011թ. տպագրվել է «Լիբանանի հայկական եկեղեցիները» («Les Églises Arméniennes du Liban)» ֆրանսերեն մենագրության մեջ։

Ճարտարապետության ասպարեզում նշանավոր են նաև Վիգեն և Րաֆֆի Թարխանյանները, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ավելի շատ գործարարության ասպարեզում՝ հանդիսանալով «Տունբեյթ նախագիծ» («Doonbeyt Design») ճարտարապետական ընկերության համասեփականատերեր։ Ընկերությունը զբաղվում է ճարտարապետական աշխատանքներով՝ քաղաքային պլանավորումից (urban planning), լանդշաֆտի ընտրությունից, շինությունների նախագծումից մինչև շենքերի ներքին ձևավորում (interior design)։ Թարխանյան եղբայրներն են իրականացրել Լիբանանի Ջբեյլ քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Բեզիկյան» թանգարանի նախագծման և ներքին հարդարման, ինչպես նաև Անթիլիասի Մայրավանքի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերակառուցման աշխատանքները [2]։ Թարխանյանները նաև համակարգում են Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության Լիբանանի ներկայացուցչության աշխատանքները ։

Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչության անդամները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Լիբանանում հայերը նշանակալի ներուժ ունեն նաև բժշկագիտության ասպարեզում։ Հայ բժիշկներից հայտնի են Գրիգոր Էջիդյանը, Պետրոս Կարագյոզյանը, Կարլո Աքաչերյանը, Ռիտա Չուխադարյան Հարունին և ուրիշներ։ Գրիգոր Էջիդյանը Լիբանանի հայ բժիշկների միության նախագահն է (ատենապետ), իսկ Պետրոս Կարագյոզյանը՝ քարտուղարը (ատենադպիր)։

Մաթեմատիկայի ասպարեզում նշանավոր հայ մասնագետ է Պողոս Քենտիրճյանը, ով Ճապոնական սորոբան (ճապոնական հաշվիչ սարք է) և մտավոր հանրահաշվի համաշխարհային ընկերակցության (GAJSMA- Global Association of Japanese Soroban & Mental Arithmetic) Լիբանանի մասնաճյուղի տնօրենն է։ Նրա հետ համագործակցությամբ և օգտագործելով նրա ունեցած կապերը՝ կարելի է հասնել նաև Հայաստանում GAJSMA-ի մասնաճյուղի բացմանը, ինչը նորություն կլինի և կխթանի ոլորտի զարգացմանը մեր երկրում։

Քիմիայի ասպարեզում նշանավոր հայ գիտնական է Բեյրութի Սան Ժոզեֆ համալսարանի Դեղագործության ֆակուլտետի դեկան Հերմինե Այդնյանը։

Ճարտարագիտության ոլորտում Լիբանանի հայ համայնքի գիտական ներուժը կազմող անհատներից ամենախոստումնալիցը թերևս երիտասարդ գիտնական Սևակ Բաբիկյանն է։ Այս ասպարեզում հիշատակելի անուն է նաև ռոբոտագետ Ժակ Տարագջյանը։

Հասարակական գիտություններ

Հ ասարակագիտական ճյուղերում հայ մասնագետները քանակապես գերազանցում են բնագիտական ոլորտների իրենց ազգակիցներին։ Նրանց գերակշիռ մեծամասնությունն ընդգրկված է հայկական գիտակրթական հաստատություններում՝ աշխատելով հիմնականում հայագիտության կամ կրոնագիտության ասպարեզներում։ Այս տեսակետից ամենանշանավոր գիտնական հայագետը և աստվածաբանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն է։ Նրա հեղինակած վերջին գիրքը 2016թ. հրատարակված «Հայ եկեղեցին» («The Armenian Church») անգլիալեզու աշխատությունն է։ Ընդհանուր առմամբ, Վեհափառը հեղինակ է հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հրատարակված 29 գրքի։

Առավել նշանավոր հայագետներից են պատմաբաններ Երվանդ Փամբուկյանը, Եղիկ Ջերեջյանը, Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը, նույն համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ Նանոր Կարագյոզյանը, լեզվաբանության դոկտոր Արտա Ջեբեջյանը և այլոք։ Հայկական գիտակրթական հաստատություններում ոչ հայագիտական ուղղվածությամբ գործունեություն ծավալող հայազգի գիտնականներից կարելի է հիշատակել, օրինակ, Հայկազյան համալսարանի մանկավարժության բաժանմունքի դասախոսներ Շաղիկ Խուդավերդյանին և Հակոբ Յակուբյանին։

Ինչ վերաբերում է ոչ հայկական գիտակրթական հաստատություններում գործունեություն ծավալող հայերին, ապա Լիբանանում միջազգային իրավունքի խոշոր մասնագետ է պրոֆեսոր Նորա Բայրաքդարյան-Գապաքյանը, ով դասավանդում է Լիբանանի պետական համալսարանում։ Վերջինս ընդգրկված է Սիսի կաթողիկոսական նստավայրը վերադարձնելու նպատակով Թուրքիայի դեմ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռնարկած դատական գործընթացում, ակտիվ մասնակցություն է ունեցել իրավական թղթածրարը կազմելու աշխատանքներում։

Կրոնագիտության և արաբագիտության ասպարեզում նշանավոր հայ գիտնական է դոկտոր Ժան Սալմանյանը, ով իսլամական փիլիսոփայություն և  արաբական գրականություն է դասավանդում Լիբանանի տարբեր համալսարաններում։ Նա Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչության անդամ է [3]։ Սալմանյանն իր գործունեությունը ծավալում է ինչպես հայ համայնքի, այնպես էլ ընդհանուր Լիբանանի և տարածաշրջանի մակարդակներով։

Թեև Հայաստանում բավական զարգացած գիտաճյուղեր են կրոնագիտությունը (իսլամագիտությունը), արևելագիտությունը, այնուամենայնիվ, իսլամական փիլիսոփայության մասնագետ Ժան Սալմանյանի փորձն ու գիտելիքները կարող են օգտակար լինել մերձավորարևելյան տարածաշրջանի վերաբերյալ ակադեմիական և կիրառական հետազոտություններում։

Ձախից՝ աջ՝ Կարմա Էքմեքջի (Բեյրութի Ամերիկյան համալսարանի դասախոս, կառավարման մասնագետ, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի խորհրդական), Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Քաղաքագիտության ասպարեզում նշանավոր է Հովհաննես Կեոքջյանը, ով դասավանդում է Բեյրութի Ամերիկյան համալսարանում։ Նույն համալսարանում դասավանդում է նաև պետական կառավարման ոլորտի մասնագետ Կարմա Էքմեքջին, ով գիտամանկավարժական գործունեությունը համատեղում է քաղաքական գործունեության և պետական ծառայության հետ։ Էքմեքջին վարչապետ Սաադ Հարիրիի խորհրդականն է և Լիբանանի նախարարների խորհրդի գրասենյակի Միջազգային գործերի և հարաբերությունների բաժնի պետը [4]։ Նրա գիտելիքներն ու աշխատանքային գործունեությունը կարող են օգտակար լինել ինչպես Հայաստանում պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացման, այնպես էլ հայ-լիբանանյան հարաբերությունների խթանման տեսանկյունից։

Նշանավոր տնտեսագետ է Մկրտիչ Պուլտուքյանը, ով 1985-90թթ. եղել է Լիբանանի կենտրոնական բանկի փոխնախագահը։ Քաղաքացիական պատերազմի դժվարին տարիներին Լիբանանի նման բարդ երկրի կենտրոնական բանկի ղեկավարմանն էական մասնակցություն ունեցած տնտեսագետի փորձն ու գիտելիքները խորհրդատվական հիմունքներով կարող են օգտակար լինել Հայաստանի ֆինանսական և բանկային ոլորտի ղեկավար մարմինների ու մասնագետների համար, ինչպես այդ համակարգում ընթացիկ խնդիրների, այնպես էլ հեռահար ծրագրերի ու բարեփոխումների մշակման և իրականացման գործում։

Հաշվի առնելով այն, որ երաժշտագիտությունը նույնպես առանձին գիտաճյուղ է, հասարակագիտական ոլորտներում հայ համայնքի գիտական ներուժի մեջ արժե հաշվառել նաև երաժշտագետ Հարութ Ֆրազլյանին, ով Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։

Ամփոփելով՝ կարող ենք նշել հետևյալ առանձնահատկությունները.

  1. Հայերը Լիբանանի գիտական համակարգում ներկայացված են ինչպես բնագիտական ճյուղերում, այնպես էլ հասարակագիտական ուղղություններում։ Բնագիտական ոլորտի հայ մասնագետները քանակապես որոշակիորեն գերազանցում են հասարակագիտական ոլորտի իրենց հայրենակից գործընկերներին։

  2. Բնագիտության ասպարեզում հայերը ներկայացված են բժշկագիտության, ճարտարապետության, ճարտարագիտության, մաթեմատիկայի և քիմիայի գիտաճյուղերում։

  3. Հասարակագիտական ոլորտում հայերը ներկայացված են քաղաքագիտության, իրավագիտության՝ միջազգային իրավունքի, կրոնագիտության, արաբագիտության, տնտեսագիտության և երաժշտագիտության ասպարեզներում։

  4. Լիբանանի տարբեր գիտակրթական հաստատություններում գործունեություն ծավալող հայ մասնագետները կտրված չեն համայքնից, ակտիվորեն համագործակցում են հայկական կառույցների հետ և իրենց նպաստն են բերում հայությանը։

  5. Բնագիտության կամ ճշգրիտ գիտությունների, ինչպես նաև հասարակագիտական բոլոր ուղղություններն էլ, որոնցում ներկայացված են Լիբանանի հայ գիտնականները, զարգացած են Հայաստանում։ Այնուամենայնիվ, լիբանանահայ գործընկերների հետ համագործակցությունը էլ ավելի կնպաստի այդ ոլորտների աշխուժացմանը, ինչպես նաև կխթանի Հայրենիք-Սփյուռք գիտական կապերը։

[1] Լիբանանի տնտեսության հիմնական ճյուղերն են բանկային ոլորտը, զբոսաշրջությունը, սննդի ապահովումը, գինեգործությունը, ոսկերչությունը, ցեմենտի, տեքստիլ, հանքային ջրերի արտադրությունը, դեղագործությունը, փայտի և նավթի արդյունահանումը։ http://teachmideast.org/country-profiles/lebanon/

[2] ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ ճարտարապետներ Վիգեն և Րաֆֆի Թարխանյաններին, http://www.mindiaspora.am/am/News/4213

[3] Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս ընդունեց Միջին Արեւելքի եկեղեցիներու խորհուրդի պատուիրակութիւնը, http://www.armenianorthodoxchurch.org/archives/32651

[4] Ազդեցության դիվանագիտական ոլորտները, Ազգ, նոյեմբերի 2, 2018թ.։