ՀՀ-ՌԴ տնտեսական հարաբերությունները

9 ր.   |  2024-05-14

Ներկա իրավիճակ և զարգացումներ

Մ եր օրերում ավելի քան երբևէ կարևորվում է աշխարհի երկրների միջև փոխգործակցության արդյունավետ ուղիների մշակումը, սերտ առևտրատնտեսական կապերի հաստատումը, ինչպես նաև միջազգային համագործակցության իրականացումը: Արդի պայմաններում համաշխարհային տնտեսությունում «խաղի կանոնների» փոփոխմանը զուգընթաց՝ զգալի կարևորություն է ստանում Հայաստանի և նրա հիմնական գործընկեր երկրների միջև սոցիալ-տնտեսական կապերի, ստեղծված հնարավորությունների  և հետագա զարգացումների համապարփակ ուսումնասիրությունն ու վերլուծությունը։

Վերոնշյալ նպատակով առաջիկայում «Օրբելի» վերլուծական կենտրոնը ներկայացնելու է ՀՀ 5 հիմնական տնտեսական գործընկերների հետ առևտրատնտեսական կապերի առկա իրավիճակի, զարգացման հեռանկարների, ինչպես նաև տվյալ երկրների միջև տնտեսական ներուժի օգտագործման, այլընտրանքային ուղիների որոնման վերաբերյալ հոդվածներ։

Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական կապերի ուսումնասիրությանը, քանի որ, ինչպես հայտնի է, վերջինս ՀՀ-ի թիվ մեկ առևտրային գործընկերն է:

Երկկողմ առևտրատնտեսական կապեր

Ա ռևտրաշրջանառությունը կարևոր նախադրյալ է տնտեսական զարգացման և աճի համար։ Արտաքին առևտրի համատեքստում ցանկացած՝ հատկապես, զարգացող փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, տնտեսական բնականոն զարգացման գործընթացում առանձնապես էական է արտահանման աճին նպաստող գործոնների առկայությունը և դրանց ստեղծած հնարավորությունների օպտիմալ օգտագործումը:

Տարիներ շարունակ ՀՀ հիմնական առևտրային գործընկերը Ռուսաստանն է, և ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը վերջին 10 տարիների կտրվածքով դիտարկելիս՝ նկատում ենք, որ այն տարեցտարի գրանցել է աճի միտում` բացառությամբ 2015 և 2020թթ.-ին, որը պայմանավորված է եղել 2015թ. ՌԴ-ում արժութային ճգնաժամով ու անկայունությամբ և COVID-19 համավարակի տարածմամբ։

Վերջին 10 տարում ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունն առավելագույն մակարդակին հասել է նախորդ տարվա ընթացքում. 2022թ. համեմատ ՀՀ-ից ՌԴ ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է 38.8%-ով, իսկ ՌԴ-ից Հայաստան ներմուծումն ավելացել է 47.4%-ով։ Հատկապես վերջին ժամանակաշրջանում ռուսական շուկայում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկն էապես աճել է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության սրմամբ, որը Ռուսաստանի համար ստեղծելով անբարենպաստ տնտեսական իրավիճակ, մյուս կողմից խթան է հանդիսացել ՀՀ տնտեսվարողների՝ մեծ ծավալով արտահանում իրականացնելուն։ Ներմուծման ավելացմանն էլ նպաստող հիմնական գործոնները հանդիսացել են երկրում պահանջարկի բարձր աճի առկայությունը և արտահանման ծավալների ավելացման հնարավորությունները, ինչպես նաև արժևորված ազգային արժույթը:

ՀՀ-ից Ռուսաստան արտահանման կառուցվածքն ըստ ապրանքախմբերի դիտարկելիս` նկատում ենք, որ 2023թ. առաջին կիսամյակում (ՊԵԿ-ի կողմից հրապարակված ամենաթարմ վիճակագրական տվյալներով) ամենաշատն  արտահանվել են հանքային ջրեր (66.3 հազ. տ), որին հաջորդել են գյուղատնտեսական ապրանքների արտահանումը՝ ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր (19.2 հազ. տ), լոլիկ (13.8 հազ. տ): Հատկանշական է, որ ՀՀ-ից ծիրանի արտահանման ծավալների ավելի քան 94%-ը բաժին է ընկել հենց ՌԴ-ին, իսկ մնացած՝ շուրջ 6%-ը, բաշխվել է Վրաստանի (4.7%), Բելառուսի (0.8%), Ուկրաինայի (0.2%), Ֆրանսիայի, Ղազախստանի և այլ երկրների միջև: ՀՀ-ից ՌԴ արտահանման կառուցվածքում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ է բաժին ընկել գորգերին և ծածկոցներին (շուրջ 12 հազ. տ), ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներին, որից ամենաշատը` կոնյակին՝ 11.5 հազ. լ։ Դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքախմբերից մեծ տեսակարար կշիռ են ունեցել նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, այդ թվում՝ 857.5 կգ արծաթ ու 18 կգ ոսկի և մի շարք այլ ապրանքներ։ Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ից ընդհանուր արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինը պատկանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ապրանքախմբին՝ ավելի քան 21%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.3 անգամ։ Միաժամանակ, կիսամյակային տվյալներից պարզ է դառնում, որ ՀՀ-ից թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ամբողջ ծավալում միայն Ռուսաստանի մասնաբաժինը շուրջ 22% է, ինչը փաստում է այս ոլորտում ևս ՌԴ-ի հետ սերտ տնտեսական համագործակցության մասին:  Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀ-ից ընդհանուր արտահանման կառուցվածքում երկրորդ ամենամեծ ապրանքախումբը մեքենաներն ու սարքավորումներն են, որում ՌԴ տեսակարար կշիռը դարձյալ ամենամեծն է՝ 73.6%:

Զուգահեռաբար, ՌԴ-ից ՀՀ ներմուծման կառուցվածքն ըստ ապրանքախմբերի դիտարկելիս նկատում ենք, որ դիտարկվող ժամանակահատվածում ամենաշատը ներմուծվել են հետևյալ ապրանքախմբերը՝ էներգետիկ ռեսուրսներ, մասնավորապես՝ բնական գազ (1.296 մլն խ/մ), նավթ և նավթավերամշակման արտադրանք (129.7 հազ. տ), նաև ոսկի (3.9 հազ. տ), ալյումին (15 հազ. տ): ՌԴ-ից Հայաստան համեմատաբար բարձր քանակի ներմուծվող ապրանքախմբերից է հացահատիկը, մասնավորապես՝ ցորենը (170.8 հազ. տ), եգիպտացորենը (30.6 հազ. տ), ինչպես նաև կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպերը, բուսական յուղերը, այդ թվում՝ արևածաղկի յուղերը (12.4 հազ. տ) և մարգարինը (8.1 հազ. տ):

2023թ. առաջին կիսամյակում դեպի Հայաստան ցորենի ներմուծումը՝ 170.9 հազ. տ, գրեթե ամբողջությամբ (99.97%) իրականացվել է Ռուսաստանից։ ՀՀ-ում ցորենի ներմուծումը մշտապես գերազանցել է արտադրությանը, որը ՀՀ տնտեսությանը մեծ կախվածության մեջ է դրել արտաքին շուկաներից՝ հատկապես ՌԴ-ից, ինչը հանգեցրել է Հայաստանի պարենային ապահովության մեծապես կախվածությանը վերջինից:

Այս ամենին զուգահեռ, ամենաթարմ տվյալներով, 2022թ. Հայաստանում արտադրվել է 138.6 հազ. տ ցորեն, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 42.6%-ով: Միաժամանակ, ավելացել է ամբողջական պահանջարկը, հետևաբար նաև ցորենի ներկրման ծավալը՝ համապատասխանաբար 6.8%-ով և 33.7%-ով: Ընդհանուր առմամբ, նկատենք, որ ամբողջական պահանջարկի կեսից ավելին՝ 52.3%, բավարարվում է ներմուծման հաշվին և միայն 24.4%-ը՝ սեփական միջոցների հաշվին: Վերջինս իրենից ներկայացնում է երկրում ցորենի ինքնաբավության աստիճանը, որը 2022թ. նախորդ տարվա համեմատ որոշակի աճ է գրանցել, սակայն 2021թ. նվազել է 2020թ.-ի համեմատ՝ պայմանավորված հիմնականում 2020թ. 44-օրյա պատերազմով, որի ազդեցությամբ ցանքատարածությունների կորստի հետևանքով ցորենի արտադրությունը նվազել էր, և բնականաբար, այն իր անմիջական ազդեցությունն էր ունեցել ՀՀ-ում ցորենի ապահովվածության մակարդակի վրա, քանի որ ՀՀ ցորենի պահանջարկի որոշակի մասը բավարարվում էր նաև ԼՂ-ում դրա արտադրության շնորհիվ։

Անցում կատարելով գազի ներկրման ծավալներին՝ նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2023թ. ամփոփ տվյալների համաձայն՝ ՀՀ գազի ներկրման ծավալների 86.4%-ը բաժին է ընկել ՌԴ-ին, իսկ մնացած՝ 13.6%-ը՝ Իրանին:

 Այս մասով ևս զգալի է էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և գաղտնիք չէ, որ ՌԴ-ն բնական գազի արտադրությամբ և շուկայական կապիտալիզացիայով համարվում է աշխարհի խոշորագույն երկրներից մեկը: Էներգետիկ զգալի կախվածության հաջորդ պատճառը ՌԴ-ից ներկրվող բնական գազի ցածր սակագինն է, որը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում մեծապես կարևորվում է և առայժմ անփոխարինելի տեղ է զբաղեցնում ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում*:
         Ինչ վերաբերում է Իրանից ՀՀ մատակարարվող բնական գազին, նշենք որ գնային քաղաքականության համատեքստում 2009թ.-ից ՀՀ-ն և Իրանը համագործակցում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում, և ըստ այդմ՝ ՀՀ-ն 1 խ/մ գազի դիմաց Իրանին տալիս է 3 կՎտժ էլեկտրաէներգիա։

Այսպիսով, առևտրատնտեսական կապերի դինամիկան ակնհայտ է դարձնում ՀՀ տնտեսության սերտ կախվածությունը ՌԴ-ից, որը հատկապես վերջին տարիներին ավելի վառ արտահայտվելով՝ ի ցույց է դնում ՀՀ-ի առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկի՝ դիվերսիֆիկացիայի լուծմանն ուղղված գործուն քայլերի նախաձեռնումն ու իրականացումը։

ՌԴ-ն որպես դրամական փոխանցումների առաջատար գործընկեր

Ա րտերկրից Հայաստան իրականացվող դրամական փոխանցումները մշտապես առանցքային դեր և նշանակություն են ունեցել և շարունակում են ունենալ ՀՀ տնտեսական զարգացման գործում։ Դա փաստելու համար նշենք, որ 2023թ. ՀՀ-ում դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 2 տրլն 235 մլրդ 942.1 մլն դրամ, որը, ըստ մեր հաշվարկների, համարժեք է եղել ՀՀ ՀՆԱ-ի 23.5%-ին։ Պատկերն առավել ակնառու կլիներ դոլարային արտահայտությամբ ներկայացնելու դեպքում, սակայն նշենք, որ ՀՆԱ-ի 2023թ․ ամփոփ տարեկան տվյալները դոլարային արտահայտությամբ դեռևս հրապարակված չեն Համաշխարհային բանկի կողմից։

Վերջին 10 տարում Հայաստանում դրամական փոխանցումների ամենաբարձր ներհոսքը գրանցվել է նախորդ տարվա ընթացքում՝ 5.7 մլրդ դոլարի չափով։ Սակայն այստեղ հարկ է նշել, որ ինչպես երևում է ստորև ներկայացված գծապատկերից, 2023թ. ՀՀ-ում դրամական փոխանցումների ներհոսքի աճի տեմպի դանդաղում է նկատվել։ Այսպես, եթե 2022թ. 2021թ.-ի համեմատ ներհոսքի մոտ 2.5 անգամ աճ էր գրանցվել, ապա 2023թ. այն նախորդ տարվա համեմատ աճել էր ընդամենը 9.8%-ով։

Ավանդաբար, ՀՀ ներհոսող դրամական փոխանցումների առյուծի բաժինն ընկել է Ռուսաստանին՝ պայմանավորված ՌԴ-ում ՀՀ աշխատանքային միգրանտների առկայությամբ, իսկ 2022թ.-ի մարտից ի վեր՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի սրման հետևանքով կապիտալի զգալի ներհոսքով: Այսպես, տարեցտարի ՀՀ ներհոսող դրամական փոխանցումների ծավալում մեծացել է Ռուսաստանի մասնաբաժինը. 2022թ. դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքի շուրջ 60%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ արդեն 2023թ.՝ ավելի քան 69%-ը:

Հայաստան դրամական փոխանցումների գծով երկրորդ երկիրն ԱՄՆ-ն է. փոխանցումների ներհոսքը նախորդ տարվա ընթացքում կազմել է 663.3 մլն դոլար՝ 2022թ.-ի համեմատ նվազելով 1.1%: Երրորդ խոշոր գործընկերը Շվեյցարիան է, որտեղից ՀՀ դրամական փոխանցումների ծավալը զգալի աճ է գրանցել 2023թ.-ին՝ ավելի քան 47%` նախորդ տարվա համեմատ:   

Դրամական փոխանցումների ներհոսքից անցում կատարելով արտահոսքին նախ նշենք, որ դիտարկվող՝ 2014-2023թթ., ինչպես ներհոսքը, այնպես էլ արտահոսքն առավելագույն ցուցանիշը գրանցել է 2023թ., որը նախորդ տարվա համեմատ աճել է  ավելի քան 1.5 անգամ: 

           

ՀՀ-ից դրամական փոխանցումների արտահոսքի ուղղությունները շարունակել են մնալ Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), ԱՄՆ-ն և այլն: Կարևորում ենք անդրադառնալ նաև ՀՀ-ից ընդհանուր արտահոսքի ծավալում Հնդկաստանի մասնաբաժնին, որը չնայած իր ծավալներով չնչին է, սակայն ներկայում օրեցօր ավելանում են Հնդկաստանից ՀՀ աշխատանքի,  ուսման,  հետևաբար նաև կացության ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական կարգավիճակի ստացման և այլ նպատակներով միգրանտների հոսքերը:

Պատկերն առավել ամբողջական հասկանալու համար անդրադառնանք նաև դեպի ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքին, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը. այն 2023թ. կազմելով շուրջ 1 մլրդ 655 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազել է 36%-ով: Զուտ ներհոսքի նվազումը տնտեսագիտորեն բացատրվում է ներհոսքի նվազմամբ և/կամ արտահոսքի աճով: Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիների կտրվածքով զուտ ներհոսքը մշտապես դրական է եղել, սակայն նկատենք, որ նախորդ տարիների համեմատ 2023թ. ճեղքվածքը զգալի փոքրացել է, քանի որ նախորդ տարվա համեմատ դրամական փոխանցումների ներհոսքի 9.8% աճին զուգընթաց արտահոսքն ավելացել է 1.5 անգամ:

Վերջին 10 տարիներին դրամական փոխանցումների արտահոսքի կտրուկ ավելացում նկատվել է հատկապես 2022թ․-ից, մինչ այդ տարեկան կտրվածքով արտահոսքը չի գերազանցել 1․5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Արտահոսքի ավելացման պատճառները կարող են տարբեր լինել։ Մասնավորապես՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ՌԴ-ից ՀՀ տեղափոխված աշխատանքային միգրանտները, բնականաբար, իրենց եկամուտների մի մասն ուղղում են ՌԴ-ում ապրող ընտանիքի անդամներին և հարազատներին։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ներկայում Հայաստանում նկատվում է ինչպես Ռուսաստանից դեպի Հայաստան աշխատուժի, այնպես էլ առհասարակ հակամարտության հետևանքով ՀՀ տեղափոխված հոսքերի նվազման միտում նախորդ տարիների արձանագրված բարձր ցուցանիշների համեմատ։

Այսպիսով, ակնհայտ է, որ ներկա համաշխարհային տնտեսության կառուցվածքային փոփոխությունների պայմաններում զգալի կարևորություն է ստանում, դրանց համընթաց, երկրների միջև գործող հարաբերությունների վերանայումը, արդիականացումը, ինչպես նաև՝ արտաքին ու գործընկերային նոր հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը՝ առանցքային նպատակ սահմանելով հատկապես ռազմավարական ուղղություններում այլընտրանքային ուղիների հաստատումն ու բարելավումը։ Այս համատեքստում անցում կատարելով՝ ՀՀ-ՌԴ տնտեսական առկա կապերի և դրանց հետագա զարգացումների վերլուծության ամփոփմանը, կարող ենք փաստել, որ ուսումնասիրվող վերջին 10 տարիների կտրվածքով տարեցտարի էլ ավելի է խորացել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ ռազմավարական կարևորության՝ պարենային և էներգետիկ ոլորտնեերում սերտ համագործակցությունը։ Հետևաբար ներկայիս աշխարհաքաղաքական մեծ անորոշությունների պարագայում Հայաստանը ևս կանգնած է անվտանգային համակարգի նաև տնտեսական բաղադրիչի վերանայման՝ եզակի հարաբերություններից կախվածության մեղմման և դիվերսիֆիկացիոն նոր օրակարգի մշակման խնդրի առջև։


*2022թ.-ի ապրիլի 1-ից Հայաստան առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանին սահմանվել է 165 ԱՄՆ դոլար` հազար խ/մ-ի դիմաց 7900 կկալ/խմ պարագայում: Իսկ եթե կալորիականությունը# բարձր է և ստորին ջերմատվությունը նվազագույնը 8500 կկալ/խմ է, ապա հազար խորանարդ մետրի դիմաց գինը կազմում է 177.53 ԱՄՆ դոլար:

 Գազի որակը բնութագրվում է կալորիականությամբ։ Երբ կալորիականությունը ցածր է լինում, սպառողները ավելի մեծ ծավալի գազ են օգտագործում: