Կդառնա՞ ավիացիայի ոլորտը ՀՀ տնտեսության զարգացման նոր լոկոմոտիվ
8 ր. | 2023-09-04Ա րդի ժամանակներում ցանկացած երկրի տնտեսության զարգացման տեսլականում անմասն չեն մնում նաև ավիացիայի ոլորտում բարեփոխումների և զարգացմանն իրականացմանը միտված միջոցառումները։ Այս առումով ՀՀ-ն նույնպես բացառություն չէ։ Ավիացիայի ոլորտը հավակնում է ՀՀ տնտեսության զարգացման խթանիչ գործոններից մեկը դառնալ։ Դրան նպաստում են որոշ գործոններ, մասնավորապես այն հանգամանքը, որ օդային տրանսպորտն օգտագործվում է ոչ միայն միջազգային ուղևորափոխադրումներ՝ այլ նաև բեռնափոխադրումներ իրականացնելու համար։
ՀՀ-ի անկախացումից ի վեր քաղաքացիական ավիացիան և ավիափոխադրումներն առանցքային դեր են ունեցել երկրի անվտանգության և տնտեսության վրա հատկապես հաշվի առնելով ՀՀ-ի աշխարհագրական դիրքը և landlocked կարգավիճակը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ այս ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է եղել։ Անհրաժեշտ է արձանագրել, որ միջազգային քաղաքացիական ավիացիան դինամիկ զարգացող ոլորտ է, և ոլորտում որդեգրված ստանդարտների փոփոխություններ են տեղի ունենում, որոնց պետք է բավարարի նաև ՀՀ ավիացիայի ոլորտը՝ միջազգային շուկայում որոշակի դիրք զբաղեցնելու համար։ Հասկանալու համար՝ ոլորտի զարգացման տեմպերը և առկա իրավիճակը 2018-2022թթ․-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում և առհասարակ տվյալ ոլորտի՝ ՀՀ տնտեսությունում ունեցած դերն ու նշանակությունը, սույն հոդվածում ուսումնասիրվել են ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները և զարգացման հեռանկարներն, ինչպես նաև առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերը*:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական ավիացիայի 2022թ․-ի գործունեության հաշվետվության՝ 2022թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործում են օդանավ շահագործողի վկայական կրող 9 ավիաընկերություններ, որոնցից 5-ը՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր կրողներ: 2021թ.-ին ՀՀ շուկա մուտք գործած օտարերկրյա ավիաընկերությունների թիվը կազմել է 4, իսկ 2022թ.-ին՝ 9: 2022թ․-ին տեղական ավիաընկերություններով ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) այսինքն՝ ընդհանուր ուղևորափոխադրումների 25%-ն իրականացվել է հայկական ավիաընկերությունների կողմից:
ՈՒղևորափոխադրումներ
Ա վիացիայի ոլորտի զարգացման առաջնահերթ ցուցիչներից է համարվում ուղևորափոխադրումների ծավալը։ 2022թ․-ին ՀՀ-ում օդային ճանապարհով իրականացված ուղևորափոխադրումների ծավալներն աճել են շուրջ 54%-ով՝ 2021թ․-ի համեմատ, իսկ 2018թ․-ի համեմատ 22․7%-ով։ Ուղևորափոխադրումների 54% աճի վրա հավանաբար իր ազդեցությունն է ունեցել 2022թ․-ին ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ՌԴ քաղաքացիների ՀՀ ժամանման հանգամանքը։ Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ օդային ուղևորափոխադրումների մասնաբաժինն ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալի մեջ փոքր է, որն 2018-2022թթ․-ին տատանվել է 1․5-2․3%-ի սահմաններում։
Բեռնափոխադրումներ
Ա վիացիայի ոլորտի ՀՀ տնտեսության վրա ունեցած ազդեցությունը բնութագրվում է նաև բեռնափոխադրումների ծավալների ցուցիչով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) տվյալների՝ 2022թ․-ին ՀՀ-ում իրականացված օդային բեռնափոխադրումների ծավալները կազմել են շուրջ 23․2 հազ․ տոննա (13 հազ․ տոննան բաժին է ընկել արտահանմանը, իսկ 10․2 հազ․ տոննան՝ ներկրմանը), որը 2021թ․-ի ցուցանիշի համեմատ աճել է 34․1%-ով, իսկ 2018թ․-ի համեմատ՝ 28․2%-ով։ Հարկ է նշել, որ դիտարկվող ժամանակահատվածում օդային ճանապարհով արտահանման ծավալներն աճել են 47․7%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 20%-ով։
Ի հեճուկս վերոնշյալի՝ անհրաժեշտ է արձանագրել, որ ՀՀ-ում օդային բեռնափոխադրումների ծավալներն ընդհանուր բեռնափոխադրումների ծավալների մեջ զբաղեցնում են ընդամենը 0․1% մասնաբաժինը, որը դիտարկվող ժամանակահատվածում փոփոխությունների չի ենթարկվել։ Սա կարող է բացատրվել այն հանգամանքով, որ օդային բեռնափոխադրումները համեմատաբար թանկ են, ինչն այնքան էլ ձեռնտու չէ տնտեսավարող սուբյեկտներին։
Նկատենք, որ 2020թ․-ին ՀՀ օդային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների մասով դիտարկվող ժամանակահատվածի մյուս տարիների համեմատ բացասական պատկեր է արձանագրվել։ Մասնավորապես, դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ օդային ճանապարհով իրականացվող բեռնափոխադրումների ծավալները 2019թ․-ի համեմատ կրճատվել են 22․7%-ով, իսկ ուղևորափոխադրումների ծավալները՝ 75․4%-ով: Ստեղծված պատկերը կարելի է բացատրել 2020թ․-ին ՀՀ-ում սկիզբ առած երկու ֆորսմաժորային իրավիճակներով՝ COVID19-ով և Արցախյան 44-օրյա պատերազմով։
Ներկայում օդային բեռնափոխադրումներ իրականացնում են 2 բեռնային ավիափոխադրող ընկերություններ՝ Lufthansa Cargo AG և Coyne Airways: Coyne Airways-ը իրականացնում է օդային բեռնափոխադրումներ հիմնականում Լեժ-Երևան, Թբիլիսի-Երևան-Լեժ ուղղություններով։ Իսկ Lufthansa Cargo AG ընկերությունը 2023թ․-ի հուլիսի 30-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով կանոնավոր օդային բեռնափոխադրումները:
Հիմնախնդիրներ և զարգացման հեռանկարներ
Զ արգացման հեռանկարների մասին խոսելիս անհրաժեշտ ենք համարում արձանագրել այն փաստը, որ ՀՀ շուկայում հիմնադրվել են հայկական ավիաընկերություններ, որոնք ծառայում են որպես հիմնաքար ոլորտի հետագա զարգացման համար։ Ստորև ներկայացված են ՀՀ ավիացիայի շուկայում գործող հայկական ավիաընկերությունները՝
- Հատկանշական է FLY ARNA ընկերության հիմնադրումը և դրա հայկական ավիացիոն շուկայում գործունեություն իրականացնելը։ FLY ARNA ընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրություների հիմնադրամի (ANIF) և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերության համատեղ ձեռնարկությունն է։ Fly Arna-ն հետևում է Էյր Արաբիայի կողմից գործարկվող հաջող բյուջետային բիզնես մոդելին, որը կենտրոնացած է օդային ճանապարհորդության հարմարավետության, հուսալիության և ցածր գնով բարձր որակ ապահովելուն։ FlyArna ընկերությունը իրականացնում է թռիչքներ Բաղդադ, Դելի, Քուվեյթ, Մոսկվա, Մումբայ, Շարժա, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Վրաստան, Թեհրան, Վնուկովո, Երևան ուղղություններով,
- «Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ ( ARMENIAN AIRLINES) հիմնադրվել է 2022թ․-ի դեկտեմբերին։ Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման վրա, ինչպես նաև Երևանից տրանզիտային թռիչքների հարմարավետ ծրագրի մոդելի ընդլայնման վրա։ Հայկական Ավիաուղիների մեկնարկային երթուղային ծրագիրը ներառում է 4 միջազգային ուղղություններ Զվարթնոց օդանավակայանից՝ Մոսկվա, Սամարա, Սոչի և Վլադիկավկազ,
- «Արմենիա» ավիաընկերությունը (այժմ՝ «AIR DILIJANS») հիմնադրվել է 2015թ․-ի վերջին: Բաժնետոմսերի 100%-ը մասնավոր սեփականություն է: Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Թբիլիսի, Թել-Ավիվ, Բաղդադ, Մոսկվա, Վորոնեժ և Միներալնիյե Վոդի։ Ներկայում Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է «Էյր Դիլիջանս» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը, ինչը նշանակում է, որ այս փոխադրողը չի կարող թռիչքներ իրականացնել մինչև վկայականի վերականգնումը,
- «Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն ՀՀ-ում գրանցվել է 2019թ․-ին, սակայն 2021թ․-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավ շահագործողի վկայական։ Այն իրականացնում է թռիչքներ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից հետևյալ ուղղություններով՝ Մոսկվա, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սոչի, Սամարա, Սանկտ Պետերբուրգ,
- «Armenia Airways» ավիաընկերությունը հիմնադրվել է 2013թ․-ին, սակայն իր լայն գործունեությունը սկսել է իրականացնել 2018թ․-ից: Ներկա դրությամբ այն թռիչքներ է իրականացնում Երևան-Մոսկվա, Երևան- Թեհրան ուղղություններով,
- «ՆովԷյր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999թ.-ին «Ատլանտիս Հոլդինգ»-ի կողմից ՀՀ-ում: 2000-2003թթ․-ին չարթերային թռիչքներ է իրականացրել ԱՊՀ քաղաքներ, իսկ 2015թ․-ին սկսել էր համատեղ համագործակցություն «Ավստրիական ավիաուղիների» և «Չեխական ավիաուղիների» հետ մինչև 2018թ․-ը: Ներկայումս ավիաընկերությունը թռիչքներ չի իրականացնում, չնայած այն հանգամանքին, որ իր գործունեությունը չի դադարեցրել,
- 2021թ․-ին ՀՀ-ում հիմնադրվել և հայկական ավիացիոն շուկա է մուտք գործել FLYONE ARMENIA ընկերությունը։ Ներկայումս ընկերությունն իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերենբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան քաղաքներ, Մերձավոր արևելքի՝ Բեյրութ, Դուբայ և Թել Ավիվ քաղաքներ,
- «Armenian Helicopters» ավիաընկերությունը հիմնադրվել է 2018թ․-ին։ Այն առաջարկում է մի շարք ծառայություններ, այդ թվում՝ չարտերային փոխադրում թեթև դասի ուղղաթիռներով ՀՀ-ում, դեպի Վրաստան, Թուրքիա և ՌԴ,
- «Skyball» ավիաընկերությունն օդապարիկով թռիչքներ կազմակերպող միակ ավիաընկերությունն է ՀՀ-ում։ 2014թ․-ից ի վեր այն իրականացնում է օդապարիկով ճանապարհորդություններ ՀՀ տարածքում։
Հատկանշական է նշել, որ ՀՀ-ում ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային բյուջետային ավիաընկերություններից (այլ կերպ՝ lowcoster ավիաընկերություն, որոնք հաճախորդներին տրամադրում են համեմատաբար էժան ավիատոմսեր՝ որոշ ծառայությունների վճարովի դարձնելու հաշվին) «WIZZ AIR»-ը։ Այն հիմնադրվել է 2003թ․-ին։ WIZZ AIR-ը թռիչքներ է առաջարկում հետևյալ ուղղություններով՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, Երևան- Լառնակա, Երևան-Պրահա, Երևան-Աբու Դաբի, Երևան-Սոֆիա, Երևան-Վենետիկ, Երևան-Դորտմունդ, Երևան-Վիեննա։
Պետք է շեշտել նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ն հանդիսանում է նաև տարանցիկ գոտի։ ՀՀ-ի տարանցիկ գոտի դառնալու հանգամանքը պայմանավորված է վերջին ժամանակներում (հատկապես վերջին 1 տարվա ընթացքում՝ պայմանավորված ռուս-ուկարինական հակամարտությամբ) տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներով, ինչը ևս կարևոր խթան է հանդիսանում ՀՀ-ում ավիացիայի զարգացման համար։
Սակայն այս ամենին զուգընթաց ՀՀ ավիացիայի ոլորտի առջև ծառացած են խնդիրներ, որոնցից ամենաէականը և հրատապ լուծում պահանջողը 2020թ․-ին Եվրոպական միության (ԵՄ) թռիչքային անվտանգության «սև ցուցակ»-ում հայկական ավիաընկերությունների ընդգրկվելն էր, որի հետևանքով ՀՀ-ում օդանավ շահագործողի վկայական (OՇՎ) ունեցող ավիաընկերություններին արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք։ Ըստ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի հաշվետվության՝ սրա հիմնական պատճառներն էին որակավորված տեսուչների ոչ բավարար քանակությունը, սահմանափակ ֆինանսական ռեսուրսների հետևանքով՝ մասնագետների ներգրավման, աշխատող մասնագետների վերապատրաստումների ապահովման, նրանց արտահոսքի կանխման խոչընդոտները և որակավորման բարձրացման վերապատրաստումների ոչ բավարար մակարդակը։ Ըստ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ այս ուղղություններով 2020թ․-ից սկսած մինչ օրս աշխատանքներ են կատարվում։ Մասնավորապես՝ 2020թ․-ի փետրվարին ՀՀ այցելության ժամանակ թռիչքային անվտանգության Եվրոպական գործակալության փորձագետները ՀՀ քաղավիցիայի ոլորտում հայտնաբերել էին 26 թերություններ, որոնցից այս պահի դրությամբ կարգավորվել են ամբողջովին 12-ը, իսկ 14-ը լուծված է մոտ 70%-ով։
ՀՀ ավիացիայի ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ պետական մարմինների կողմից զարգացման հեռանկարներ են սահմանվել վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նոր՝ էլեկտրոնային համակարգի ներդրումը (Q-Pulse), ավիացիոն առարկաների դասավանդողների և հրահանգիչների պատրաստումը, ներքին ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը և ներքին օդանավակայնների (Ստեփանավան, Գորիս) շահագործման վերականգման աջակցությունը։
ՀՀ ավիացիայի ոլորտում ամենաառաջնային խնդիրներից է թռիչքների անվտանգության ապահովման մեխանիզմների ներդրումը։ Այս ուղղությումբ պետության կողմից կատարվել են մի շարք միջոցառումներ, որոնցից հատկանշական է նշել 2022թ․-ին ՀՀ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի և Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ քաղաքացիական ավիացիայի գործակալության՝ «Սակաէրոնավիգացիա» ընկերության միջև կնքված արձանագրությունը, համաձայն որի՝ ՀՀ-ի և Վրաստանի օդային տարածքներում (Yerevan FIR և Tbilisi FIR) քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական հսկողության մարմինների կողմից ավիացիոն օգտատերերին SIGMET (թռիչքի երթուղում փաստացի և սպասվող եղանակի վտանգավոր երևույթներ) տեղեկատվության համաձայնեցված տրամադրումն է, ինչն անվտանգային մեխանիզմ է իրենից ենթադրում։ Բացի այդ պետության կողմից «Շիրակ» միջազգային օդանավակայում ներդրվել են օդերևութաբանական համակարգեր, իսկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այս գործընթացն ընթացքի մեջ է։ Չնայած իրականացված քայլերին՝ ՀՀ-ում ավիացիայի ոլորտը դեռ զարգացման տեղ ունի։
Ամփոփելով վերոշարադրվածը՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ ավիացիայի ոլորտն օդային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մասով վերջին 5 տարիներին ընդհանուր ծավալների մեջ ունեցած իր մասնաբաժնով թեև զգալի փոփոխությունների չի ենթարկվել, սակայն արտաքին և ներքին գործոններով պայմանավորված՝ ֆորսմաժորային իրավիճակներն ունեցել են իրենց և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունը։ Ներկայում ՀՀ -ի առջև ծառացել է ԵՄ թռիչքային անվտանգության «սև ցուցակ»-ից դուրս գալու հրատապ խնդիրը, որի լուծման առումով պետության կողմից ձեռնարկված միջոցառումները պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին։
* Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ ավիացիայի ոլորտի ուսումնասիրության աղբուր են հանդիսացել ՀՀ ՎԿ-ի, Քաղաքացիական ավիացիայի կոմից տրամադրված հաշվետվությունները։