Հայաստանի արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար
8 ր. | 2023-07-04Թուրքական կողմի պնդումներն անհիմն են
1 915թ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել և դատապարտել են աշխարհի բազմաթիվ պետություններ, գրվել են հազարավոր գիտական հոդվածներ, գրքեր և հուշագրություններ: 20-րդ դարի սկզբին մարդկության դեմ իրագործված այս ոճրագործությունն ունի անթիվ ապացույցներ, որոնք սփռված են աշխարհի տարբեր անկյուններում:
Հայերի զանգվածային տեղահանության և ոչնչացման ծրագրի իրականացման առաջին իսկ օրվանից Օսմանյան կայսրության պաշտոնյաները ջանք չեն խնայել թաքցնելու, կեղծելու և ոչնչացնելու փաստական այն նյութերը, որոնք ողբերգական իրադարձությունների հավելյալ ապացույց կհանդիսանային: Նրանք ամեն ինչ արել են զոհին մեղադրելու, անմարդկային հանցագործությունն արդարացնելու և սեփական պատասխանատվությունը հերքելու համար: Այդ են վկայում նաև Օսմանյան կայսրության պաշտոնյաների հուշերն ու օրագրերը՝ 20-րդ դարի սկզբին արդեն ձևավորելով քարոզչական այն հիմնական ուղերձները, որոնք դարձել են Հայոց Ցեղասպանությունը ժխտելու հիմնական առանցքը:
Վերջին տասնամյակներում թուրքական ժխտողականությունը պարբերաբար շրջանառում է այն թեզը, թե Հայաստանի Հանրապետությունը թուրք (և ոչ միայն թուրք) հետազոտողներին թույլ չի տալիս աշխատել հայկական արխիվներում: Եվ ի հաստատումն՝ ամենատարբեր մակարդակի պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանի արխիվները «փակ» են և կոչ են անում բացել դրանք [1]: Թուրք պաշտոնյաներն ակնարկում են, թե Հայաստանի Հանրապետության արխիվներում ենթադրաբար կան «անցանկալի» փաստական նյութեր կամ վավերագրեր, որոնք խնամքով թաքցվում են: Չնայած հայկական կողմի բազմաթիվ հերքումներին՝ այս «մեղադրանքները» կրկին ու կրկին հայտնվում են հանրային-պետական քննարկումներում, և բնորոշ են Թուրքիայի կառավարող գրեթե բոլոր ուժերին: Հայաստանի պաշտոնյաները և գիտական հանրությունը բազմիցս հայտարարել է, որ հայկական արխիվները բաց և հասանելի են բոլոր հետազոտողների համար:
2020թ. հուլիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել էր խնդրին՝ մեկնաբանություններ ստանալով ԱՄՆ Քլարքի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամից: Մեծանուն գիտնականը նշել էր, որ ի տարբերություն Հայաստանի արխիվների, Թուրքիայի Հանրապետության ռազմական արխիվում պահվող ոչ բոլոր նյութերն են հասանելի հետազոտողներին:
«Ազատություն». — Թուրքիայի առաջ քաշած հիմնական թեզերից մեկը ի տարբերություն թուրքական արխիվների՝ հայկական արխիվների փակ լինելն է: Դուք որպես պատմաբան շարունակ արխիվների հետ եք աշխատում, արխիվները ինչքանո՞վ են բաց և փակ հետազոտողների համար, արդյո՞ք ճիշտ են այս հարցում թուրքական կողմի պնդումները:
Թաներ Աքչամ. — …Այժմ որևէ փակ արխիվ չկա: Նախ բաց արխիվ, փակ արխիվ ձևակերպումը ինքնին սխալ է: Բոլոր արխիվները բաց են հետազոտողների առաջ: Խնդիրն այլ է՝ արդյո՞ք այդ արխիվներում ենթադրաբար առկա նյութերը տրամադրվում են հետազոտողներին: Հայաստանի մասին խոսենք. Հայաստանի Ազգային արխիվը առավոտից երեկո բոլորի համար բաց է, ցանկացողները կարող են գնալ և աշխատել: Սակայն Հայաստանի Ազգային արխիվում ցեղասպանության մասին շատ նյութ չեք կարող գտնել: Մի պարզ պատճառով՝ այս պետությունը 1918 թվականին է հիմնվել, միգուցե և 1921 թվականին, երբ դաշնակցականները հեռացան երկրից: Դաշնակցականներն իրենց արխիվները տարել են, և դրանց կարևոր մի մասը հիմա Բոստոնում է գտնվում: Հետևաբար, պարզապես անհեթեթ են այն բանավեճերը, թե Հայաստանում արխիվները բաց չեն: Դրանք բաց են, և ցանկացողը կարող է գնալ: Թուրքիայում օսմանյան արխիվը ևս բաց է, և այստեղ աշխատելու ոչ մի արգելք չկա: Օսմանյան արխիվի միակ խնդիրն այն է, որ մի շարք փաստաթղթեր այստեղ չեն ներկայացված: Հարցը արխիվների բաց և փակ լինելը չէ, այլ որ օսմանյան արխիվում չկան 1915 թվականի ցեղասպանությունը իրականացրած երկրի և կուսակցության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, իսկ ռազմական արխիվում առկա նյութերն էլ հասանելի չեն հետազոտողների համար» [2]:
2015թ. հետազոտողների համար Հայաստանի արխիվների «բաց կամ փակ» լինելուն մանրամասն անդրադարձել էր թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսում նա գրել էր, որ հայկական արխիվների հասանելիությունը փաստել է թուրք հետազոտող Ջանան Բադեմը: Վերջինս իր տպավորությունները հրապարակել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերում՝ 2012թ. հոկտեմբերի 8-ին:
«Պետական մակարդակով հետազոտողների առջեւ բաց են Հայաստանի Ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի, Մատենադարանի, Ազգային գրադարանի արխիվային ֆոնդերն ու գրապահոցները: Այս մասին վերջերս բարձրաձայնում են նաեւ Թուրքիայի հետազոտողներից ու պատմաբաններից ոմանք: Հատկապես` Պոլսում լույս տեսնող հայկական «Ագօս» շաբաթաթերթում իրենց փորձառության ու դրական տպավորությունների մասին վերջերս կիսվել են Թունջելիի համալսարանի պատմության բաժնի վարիչ Ջանան Բադեմը եւ ԱՄՆ Քլարքի համալսարանի Հոլոքոսթի եւ ցեղասպանության ամբիոնի աշխատակից Ումիթ Քուրթը»,— գրում է Շաքարյանը [3]:
«Ակօս»-ում տպագրված հոդվածում Ջանան Բադեմը նշում է, որ Հայաստանի Ազգային արխիվը հիմնադրվել է 1922թ.-ին՝ Երևանում: Նա նաև մեջբերում է մի քանի ֆոնդերի համարներն ու բովանդակության նկարագրությունը:
2010թ.-ի ապրիլին Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը կրկին անդրադարձել էր հայկական արխիվների, իբր թե, «փակ պահելուն»՝ նշելով, որ «Հայաստանի ազգային արխիվը միշտ բաց է, եւ թուրք ցանկացած պատմաբան կարող է գալ եւ ուսումնասիրել»: «Մենք ունենք այնքան փաստաթուղթ, որ կարող ենք ցանկացած մեկին ապացուցել ցեղասպանության եղելությունը»,— նշել էր Ամատունի Վիրաբյանը:
2015թ.-ին, երբ նշվում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիայի պաշտոնական շրջանակները կրկին խոսեցին Հայաստանի «փակ» արխիվների մասին: Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես պարզաբանել է, որ Հայաստանի արխիվները հասանելի են բոլոր հետազոտողներին: «Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես օրինակ մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։ Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում»,-նշվել է 2019թ․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։ [4]:
«Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը, Օրբելի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան նշեց, որ 2021թ. սեպտեմբերից ՀՑԹԻ-ն ունի ֆոնդերի կարգ, որը ներառում է նաև սպասարկման կարգը։ «Համաձայն կարգի որևէ սահմանափակում կամ բացառություն չկա թանգարանից օգտվողների համար, չկա երկրի, էթնիկ պատկանելիության, քաղաքական հայացքների կամ այլ սահմանափակում։ Գիտնականի մեկնաբանությունները մեր լիազորություններից դուրս են։ Նշեմ նաև, որ թանգարան-ինստիտուտի ֆոնդերը երբեք փակ չեն եղել»,— ասաց նա։
Գոհար Խանումյան նշեց, որ ՀՑԹԻ-ում պահվող փաստաթղթերի զգալի մասն արևելահայերեն և արևմտահայերեն է, կան նաև տարբեր բարբառներով բազմաթիվ ձեռագիր փաստաթղթեր, և հիմնական խնդիրն ուսումնասիրողի լեզվական գիտելիքներն ու կարողություններն են, թե որքանով ճշգրիտ է նա կարողանում մատուցել փաստաթղթի բովանդակությունը։
Ա ռանձնահատուկ մոտեցում կա միայն լուսանկարներին, որոնք նույնպես ունեն էական աղբյուրագիտական նշանակություն։ «Երբ լուսանկարները տրամադրվում են օտարերկրացի կամ հայ ուսումնասիրողներին, թանգարանը տրամադրում է դրանց նկարագրությունը, որը մեր գիտնականների կողմից մանրակրկիտ մշակված է։ Լուսանկարները հրատարակելու դեպքում կողմերը ստորագրում են համաձայնագիր, որ օգտագործվելու է թանգարանի տրամադրած նկարագրությունը։ Եթե մեր գիտնականներին չի հաջողվել պարզել լուսանկարի հեղինակը, պատկերված մարդկանց ինքնությունը կամ տեղը, մենք անպայման նշում ենք։ Եղել են դեպքեր, երբ ժամանակի ընթացքում նոր հետազոտությունների և աղբյուրների ի հայտ գալու դեպքում, հին նկարագրությունը փոխվել է»,— պարզաբանեց թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահը։
Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նյութերը շատ են և սփռված են ողջ աշխարհում։ Դրանց թվում կարելի է նշել պաշտոնական գրագրությունները, դիվանագիտական տարբեր օղակների նամակագրությունը, զեկուցագրերը, հաղորդագրությունները, ինչպես նաև ականատեսների հարյուրավոր վկայությունները։ Ցեղասպանության վերաբերյալ նյութեր կան ոչ միայն Հայաստանի, այլև տասնյակ երկրների արխիվներում։ Եվ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հնարավոր է գտնել այնպիսի եզակի փաստաթուղթ կամ վկայություն, որը կժխտեր ողջ աշխարհում եղած հազարավոր վավերագրերի իսկությունը։
Հայոց Ցեղասպանության ուսումնասիրությունները խթանելու նպատակով 2010թ.-ից թանգարան-ինստիտուտը տրամադրում է Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակ, որը հնարավորություն է տալիս մեկ ամիս ապրել Հայաստանում և ուսումնասիրություններ անել ՀՑԹԻ-ի արխիվում։ Լեմկինի անվան կրթաթոշակից օգտվել են տասնյակից ավելի հետազոտողներ, որոնց թվում նաև Թուրքիայի և Գերմանիայի մեկ քաղաքացի։ Հետազոտության համար 2019թ.-ից առ այսօր ՀՑԹԻ-ին դիմել է Թուրքիայի երկու քաղաքացի, ովքեր օգտվել են թանգարանի գրադարանից։
ՀՑԹԻ-ում պահվող նյութերի օգտվելու կարգը բարդ չէ. անհրաժեշտ է գրավոր դիմել հիմնադրամի տնօրենին, ներկայացնել ուսումնասիրության հիմնական ուղղությունը, որից հետո ստանալ թույլտվություն գրադարանից կամ ֆոնդերից օգտվելու համար։
Ֆոնդերի և փաստաթղթերի ուսումնասիրության որևէ սահմանափակում չկա նաև Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվում։ Արխիվի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ավագյանը «Օրբելի» կենտրոնի հետ զրույցում նշեց, որ արխիվից օգտվելու կարգը շատ պարզ է։ «Ցանկացած քաղաքացի կարող է գալ, սեփական դիմումի համաձայն ստանալ թույլտվություն և օգտվել ֆոնդերից, ուսումնասիրել, օրինակ, իր գյուղի, տոհմի պատմությունը: Մեր մոտ գալիս են նաև ուսանողներ, պատմաբաններ, այլ մասնագետներ, որոնք գրություններ են բերում իրենց հիմնարկներից: Արխիվի նյութերից օգտվելու որևէ արգելք, սահմանափակում չկա: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացի կարող է օգտվել Ազգային արխիվի նյութերից: Արտասահմանից նույնպես ունենք ուսումնասիրողներ, որոնք գրություն են ներկայացնում իրենց աշխատավայրից կամ կազմակերպությունից՝ նշելով ուսումնասիրության կամ հետազոտական աշխատանքի թեման: Գրությունները ներկայացնելուց հետո ուսումնասիրողը կարող է աշխատել ընթերցասրահում»,— ասաց նա։
Հայաստանի Ազգային արխիվում հազարավոր փաստաթղթեր ինչպես Համիդյան ջարդերի (1894-96թթ.), այնպես էլ 1915թ. Ցեղասպանության վերաբերյալ՝ ականատեսների վկայություններ, հուշեր, փաստաթղթեր և այլն։ Կան նաև հոգևոր առաջնորդների զեկուցագրեր, որոնք տարբեր բնակավայրերից ուղարկվում էին Ամենայն Հայոց կաթողիկոսին:
«1915-ի վերջին և 1916-ին Կովկասի տարբեր քաղաքներում հաստատվել էին Ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր գաղթականներ: Հայ Հեղափոխական Դաշնակցության Բաքվի բյուրոն կազմակերպում է շատ կարևոր մի գործ՝ արձանագրել վերապրածների վկայությունները: Մշակվել էին անկետաներ, և բոլորը պատասխանել էին նույն հարցերին. ինչքան բնակիչ կար վերապրածի գյուղում, եկեղեցի ունեին, թե՝ ոչ, ինչ հարստություն ուներ եկեղեցին, ինչքան տնային կենդանիներ ունեին, պատերազմը սկսվելուց հետո ինչպես էին պետականացնում ունեցվածքը, ինչպես էին զորակոչում, ինչ եղան զորակոչվածները և այլն: Այնուհետև նկարագրում էին կոտորածները՝ քանի մարդ սպանվեց, ովքեր փրկվեցին և այլն»,— պատմում է Գոհար Ավագյանը։
Ազգային արխիվում պահվող Ցեղասպանության ականատեսների հուշերի մեծագույն մասը հրատարակել է հայերեն, ապա՝ նաև ռուսերեն և անգլերեն: 2014թ.-ին Ցեղասպանության ականատեսների վկայությունները թարգմանվել և հրատարակվել է Ստամբուլում:
Գոհար Ավագյանը հավաստիացրեց, որ Ազգային արխիվում չկան փակ կամ գաղտնի ֆոնդեր և փաստաթղթեր: «Խորհրդային տարիներին Ազգային արխիվում եղել են գաղտնի ֆոնդեր, որոնց ուսումնասիրության համար անհրաժեշտ էր ժամանակի անվտանգության ծառայության համապատասխան թույլտվությունը: Դա վերաբերում էր նաև Հայաստանի գիտնականներին: Փակ են եղել Հայաստանի առաջին Հանրապետության բոլոր ֆոնդերը, օրինակ, արտաքին և ներքին գործերի ֆոնդերը և այլն: Ցեղասպանության վերաբերյալ ֆոնդերը նույնիսկ խորհրդային շրջանում եղել են բաց: Չկան Հայաստանի ազգային արխիվում փակ ֆոնդեր, և որևէ մեկի առջև օգտվելու, ուսումնասիրելու արգելք դրված չէ»,— ասած նա:
Նշենք, որ 2019-23թթ. Հայաստանի Ազգային արխիվից օգտվել են արտասահմանցի 54 ուսումնասիրող, որոնցից մի քանիսն ազգությամբ թուրք են, այդ թվում՝ Թուրքիայի Հանրապետությունից:
[1] https://www.panorama.am/am/news
[2] https://www.youtube.com/watch
[3] https://theanalyticon.com Տե՛ս նաև Հայկական հետազոտությունների «Անի» կենտրոն, 6 մայիսի, 2015թ., հղումը՝ https://www.aniarc.am
[4] https://m.facebook.com/MFA.Armenia