ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
7 ր. | 2023-01-30Ա դրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը (ԱՀ) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի շարունակվող լիակատար շրջափակումը հանգեցրել է տնտեսության մի շարք ոլորտներում լրջագույն խնդիրների։ Արցախի 120 000 բնակչությունը պարզապես զրկվել է կենսական պահանջները բավարարելու մի շարք իրավունքներից։ Շրջափակման պայմաններում օր-օրի ավելի է վատթարանում տնտեսության իրավիճակը. խաթարվել է առևտրի, ծառայությունների, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության, ռեստորանների և հյուրանոցային տնտեսության, կապի, հանքարդյունաբերության բնականոն աշխատանքը։ Այս «տնտեսական անջատումն», իր հերթին, հանգեցնում է թանկացումների, գնաճի, գործազրկության, պարենային ապրանքների դեֆիցիտի, աղքատության, արտադրության ծավալների և ապրանքաշրջանառության անկման, պետբյուջեի պակասուրդի, հարկային եկամուտների նվազման և մի շարք այլ խնդիրների։ Վերոնշյալ սոցիալ-տնտեսական հիմնահարցերն ամբողջության խարխլում են ԱՀ-ի տնտեսական անվտանգության հենասյուները։
Հումանիտար աղետի տնտեսական պատկերը
Պ արենային ապրանքատեսակների մեծ մասն Արցախի խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները փակվել են, մսամթերք ընդհանրապես չի ներկրվում, անասնակերի, կաթի զգալի պակաս կա՝ պայմանավորված սեզոնային իրավիճակով։ Անասնակերի անբավարարությունը կարող է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատմանպատճառ դառնալ, որն էլ կհանգեցնի կաթնամթերքի շուկայում առանց այդ էլ առկա դեֆիցիտի ավելացմանը։ Գյուղատնտեսական աշխատանքները, մասնավորապես՝ գարնացանը գրեթե չի իրականացվում՝ դիզվառելիքի, սերմացուների ինչպես նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների բացակայության պատճառով, էլեկտրաէներգիայի խիստ սղության հանգամանքն էլ խոչընդոտում է ոռոգման աշխատանքներին։ Հարկ է նշել նաև, որ գազով ջեռուցվող ջերմոցային տնտեսությունները այս օրերին ևս զգալի վնաս են կրում։
Լուրջ խնդրի առջև է կանգնել շինարարության ոլորտը. շրջափակումը պարտադրել է շինաշխատանքների դադարեցմանը, բացառությամբ այն շինհրապարակների, որտեղ աշխատանքը հնարավոր է շարունակել նախապես ձեռք բերված շինանյութով։
Բազմաթիվ ընկերություններ ստեղծված իրավիճակում դադարեցրել են իրենց գործունեությունը և հիմնականում տեղական հումքով աշխատող որոշ կազմակերպություններն են շարունակում աշխատելը՝ չնայած ներկրվող օժանդակ նյութերի պակասությանը։
Բնական է, որ շրջափակման պայմաններում զբոսաշրջության հոսքերը դադարել են, որն էլ իր բացասական հետևանքներն է թողնում հյուրանոցային, ռեստորանային ոլորտներում։ Հանրային սննդի օբյեկտներում էլ սննդամթերքի սղության, էլեկտրաէներգիայի խնայողությունների պայմաններում բազմամարդ միջոցառումներ տեղի չեն ունենում։
Չնայած Արցախում միջազգային չափանիշներին համապատասխան հանքարդյունաբերությանը՝ ժամանակավորապես դադարեցվել է Կաշենի հանքի շահագործումը, որը իր ծանր հետևանքներն է թողնում Արցախի տնտեսության վրա։
Էլեկտրամատակարարման հետ մեկտեղ ինտերնետային խափանումները մեծ խոչընդոտներ են ստեղծում ոչ միայն առցանց աշխատանքների մի մասի, այլև Արցախի 20 000 դպրոցականների հեռավար կրթության կազմակերպման համար։ Նախքան շրջափակումն Արցախի տնտեսությունում զգալի աշխուժություն էր նկատվում. ըստ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2022թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրվել է շուրջ 18% և ավելի տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ։ Ակնկալվում էր հետագա աճ, սակայն ակնհայտ է, որ շրջափակման հետևանքով տնտեսական ցուցանիշներն ավելի ցածր կլինեն, քան նախատեսվում էր։
Գրաֆիկ 1. ԱՀ տնտության կառուցվածքն ու զարգացման դինամիկան
Գրաֆիկ 2. ԱՀ ՀՆԱ-ի կառուցվածքը
Հատկանշական է, որ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակներ Արցախը բացառապես ներմուծում է. և նախքան շրջափակումը ՀՀ-ից Արցախ էր ներկրվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ, տնտեսական ապրանքներ և այլն: Ներկայումս երկրում ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների ու էներգակիրների կանոնավոր մատակարարումը և միայն ՌԴ խաղաղապահ զորակազմն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ունեն Արցախ ելք ու մուտք իրականացնելու հնարավորություն: Նշենք որ, արդեն շուրջ երկու ամիս շարունակվող շրջափակման հետևանքով ավելի քան 18400 տոննա կենսական նշանակության ապրանքներ պետք է մակատարարվեր Արցախ: Անհրաժեշտ է հրավիրել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ուշադրությունը այս հիմնահարցին։
Շրջափակման հետևանքով բնակչությունը բախվել է պարենային ինքնաբավության մարտահրավերներին, որը պարտադրում է դիմել խնայողությունների և սահմանափակումների։ Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին և ներդրվել է կտրոնային համակարգ։ ԱՀ տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ մինչ շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, իսկ մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ՝ համաչափ բաշխում և գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի:
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից Արցախի էներգասնուցումը, իսկ ադրբեջանական կողմն էլ մասնագետներին թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել։ Ավելի վաղ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազամատակարարումը՝ ԱՀ բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ Հովհարային անջատումներով ու գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված Արցախում ավելացել է վթարների թիվը։ Այսպիսով, ձմռան այս օրերին ԱՀ քաղաքացիները փաստացի զրկված են գազամատակարարման և էներգամատակարարման անխափան հնարավորությունից և վերջիններիս մատակարարումն իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Նման պայմաններում առաջնահերթություն է տրվել վառելիք տրամադրել շտապ օգնությանը, հանրային տրանսպորտին, հատուկ ծառայություններին, ինչպես նաև գազ սպառող հացի արտադրամասերին և այլ կենսական կարևորության օբյեկտներին։ Արտադրական ցիկլը չխաթարելու համար 24-ժամյա ռեժիմով էլեկտրաէներգիայով ապահովվում են 2 կաթի գործարաններն ու հացի թխման կետերը:
- 4700 մարդ կորցրել է աշխատանքը
- 6828 երեխա չի հաճախում մանկապարտեզ,
- 20 000 դպրոցական չի հաճախում դպրոց
- 508 քաղաքացի զրկվել է վիրահատության հնարավորությունից
- 120 000 մարդու կյանքի ճանապարհը փակվել է
Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված դադարեցրել են գործունեությունը և ավելի քան 4700 մարդ կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը՝ պատճառ հանդիսանալով հարկային եկամուտների նվազեցմանը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտւթյուն է առաջանում նաև դրամաշրջանառության կարգավորումը, մասնավորապես՝ անկանխիկ գործարքների ակտիվացման իրականացումը։ Ինչպես օպերտիվ շտաբի նիստում էր տեղեկացվել, հանրապետությունում առկա է կանխիկ դրամի բավարար ծավալ, պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել են ավելի շատ դրամ կանխիկացնել, ինչն անդրադառնում է կանխիկ դրամի շրջանառության ծավալների վրա: Բնական է, որ նման ռիսկային պայմաններում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) բացառվում են։
ԱՀ կառավարության տեղեկագրի համաձայն՝ շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։ Արդյունքում՝ 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից: Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից: Հարկ է նշել, որ 508 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից՝ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով։
Ն շենք, որ 2022թ.-ի հունվարին ԱՀ պետական բյուջե էր մուտքագրվել 2,656.8 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 2,500 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 6.3%-ով: Իսկ 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված եկամուտները գերակատարվել էր ավելի քան 2.5 անգամ։ 2023թ.-ի հունվար ամսվա տվյալները դեռ հրապարակված չեն, բայց ակնհայտ է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված հունվարին հարկային եկամուտների մուտքերը պլանավորվածի համեմատ նվազած կլինեն։
Հարկ ենք համարում անդրադառնալ նաև «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության ժամանակավորապես դադարեցման հետևանքով ստեղծվելիք խնդիրներին, քանի որ այն զգալի նշանակություն ունի ԱՀ տնտեսության համար՝ հանդիսանալով Հանրապետության խոշոր հարկատուն և բնակչությանը աշխատանքով ապահովող ընկերություն։ Դիտարկելով հարկային եկամուտների մուտքերը նկատում ենք, որ, օրինակ, 2021թ.-ի ընթացքում ԱՀ 300 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել շուրջ 24 մլրդ 892 մլն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որը կազմում է պետական բյուջեի ընդհանուր մուտքերի 72.7%-ը: 300 խոշոր հարկատուների ցանկում 1-ին եռյակը «Բեյզ Մեթըլս», «Կապավոր» և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերություններն են՝ շուրջ 12 մլրդ 252.2 մլն դրամ վճարած ընդհանուր գումարով։ Համեմատության համար նշենք, որ 8 մլրդ 870.3 մլն դրամը կամ 72%-ը վճարվել է միայն «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից։ Բնական է, որ թեկուզ կարճ ժամանակով ընկերության գործունեության դադարեցումը կարող է հանգեցնել պետբյուջեի մուտքերի էական նվազմանը, ինչպես նաև գործազրկության մակարդակի բարձրացման, քանի որ ընկերությունն ունի շուրջ 1300 աշխատող:
Ստեղծված իրավիճակը մեղմելու համար ԱՀ օպերատիվ շտաբը իրականացրել է մի շարք հակաճգնաժամային քայլեր՝ մասնավորապես կտրոնային համակարգի ներդրումը, հոսանքի հովհարային անջատումների իրականացումը, տեսչական և վերահսկող մարմինների կողմից դիտանցումներ իրականացնելով գնաճի զսպում, բանկային քարտերի սպասարկումը առանց միջնորդաճարների, ինչպես նաև կանխիկի դրամաշրջանառության կարգավորումը՝ սահմանափակումների միջոցով։
Ամփոփելով հարկ ենք համարում նշել, որ շրջափակումը խարխլում է տնտեսական անվտանգությունը և դրա հետևանքները կարող են ունենալ երկարաժամկետ բնույթ, որը ենթադրում է պետության առաջնահերթությունների և կառուցվածքային փոփոխությունների հրատապ մշակում և իրականացում։ Ապաշրջափակումից հետո Արցախում առաջնային պետք է լինի տեղական արտադրանքի ավելացման և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաև էներգիայի այլընտրանքային ուղիների օգտագործման ապահովումը։ Որպեսզի պարենային ճգնաժամի այսօրինակ դրսևորումները հնարավորինս նվազագույնի հասցվեն, հրամայական պետք է դառնա գյուղատնտեսական նշանակության բոլոր տարածքների վարելահողերի մշակումը, ինչպես նաև այն մշակաբույսերի մշակմամբ զբաղվելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, որոնք ԱՀ շուկայում ունեն մեծ պահանջարկ։ Այսպիսով շրջափակման հետևանքները նկատելի են տնտեսության բոլոր ճյուղերում, որոնց հաղթահարումը կպահանջի հրատապ և հստակ կերպով տնտեսական քաղաքականության վերանայում, պարենային ինքնաբավության բարձրացում, էներգետիկ «անկախության» մեծացում։
Ստորև ներկայացնում ենք շրջափակման հետևանքով տնտեսական իրադարձությունների հաջորդական պատկերը՝ 25.01.2023թ.-ի դրությամբ, որը մշակվել է ԱՀ տեղեկատվական շտաբի ներկայացրած հրապարակումների և տեղեկագրերի հիման վրա.