Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

2 ր.   |  2023-01-13

Վ արչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում հունվարի 13-ին կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը դեսպան Զոհուրիի հետ զրույցի ընթացքում ներկայացրեց այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ հայկական կողմը նպատակ ունի խորացնել համագործակցությունը Հայաստանի և Իրանի վերլուծական կենտրոնների ու տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու կառույցների միջև։ Դեսպան Զոհուրին վստահեցրեց, որ իրանական կողմը պատրաստ է աջակցել երկու երկրների պատմամշակութային ժառանգության, անվտանգային և տնտեսական հետաքրքրություններին առնչվող տեղեկատվական միջոցառումների իրականացման աշխատանքներում։

Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցեցին նաև «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետները, քննարկվեցին հայ-իրանական բազմոլորտ հարաբերություններին, երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը, որի վերաբերյալ պարոն Զոհուրին ներկայացրեց իրանական կողմի համակողմանի գնահատականը և պաշտոնական Թեհրանի դիրքորոշման առանձնահատկությունները:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում անդրադարձավ հայ-իրանական հարուստ պատմական անցյալին, խոսեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների մասին, կարևորեց տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը՝ մատնանշելով ոլորտում առկա չիրացված հնարավորությունները:

Երկուստեք կարևորվեց տեղեկատվական, գիտա-վերլուծական դաշտում ձևավորված սերտ համագործակցության շարունակականության ապահովումը և փոխադարձ այցերով հայ և իրանցի փորձագետների առավել սերտ շփումների ապահովման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ մշակել համատեղ գործողությունների ծրագիր: