Թուրքիան փորձում է մեծացնել ազդեցությունը Հարավային Կովկասում

3 ր.   |  2020-07-30

Հ այաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական սադրանքն ու հետագա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ Հայաստանն ի վիճակի է ոչ միայն զսպել, այլև՝ ծանր հարված հասցնել հակառակորդին։ Սակայն հուլիսյան մարտերի առավել կարևոր ցուցիչը դարձան Հարավային Կովկասում Թուրքիայի հավակնությունների ցուցադրությունը։ Թերևս ոչ ոք չէր կասկածում, որ Թուրքիան աջակցություն է հայտնելու եղբայրական Ադրբեջանին, սակայն այն հռետորաբանությունը, հայտարարությունների ինտենսիվությունն ու ջանասիրությունը, որ ցուցաբերում էր թուրքական կողմը, մեղմ ասած, չէր համապատասխանում Մինսկի Խմբի անդամ պետության արձագանքին։ Սահմանին իրավիճակի սրացումը Թուրքիան օգտագործեց Ադրբեջանին Հայաստանի դեմ հրահրելու, տարածաշրջանն ապակայունացնելու և Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու և Արցախյան հակամարտության վրա ազդեցություն ունեցողի հայտ ներկայացնելու նպատակով։

Հարավային Կովկասում «պատմական առաքելությունն» ի կատար ածելու, «եղբայրներին մենակ չթողնելու պարտականության» փաթեթավորմամբ մատուցվող սեփական հավակնությունների մասին բարձրաձայնումը հիմնավորվում էր կեղծ, արհեստական փաստարկով, այն է՝ վտանգած են Հարավային Կովկասում Թուրքիայի կենսական շահերը, քանի որ «Հայաստանի հարձակմամբ» թիրախի տակ են հայտնվել Թուրքիային սնող էներգակիրները և հաղորդակցության կարևոր միջոցները։

Թուրքիան նաև հարակից նպատակներ ուներ. նախ՝ լայն տեղեկատվական-քարոզչական արշավի միջոցով սեփական հանրությանը ներկայացնել Հարավային Կովկասը որպես կենսական նշանակության տարածք և հանրությանը համախմբել այդ գաղափարի շուրջ, ադրբեջանական հանրությանը ոգևորել, մեղմել իշխանությունների վրա հանրային ճնշումը և Հայաստանի վրա հոգեբանական ազդեցություն գործել։

Այս ամենն ուղեկցվում էր թուրք բարձրաստիճան պաշտոնյաների «բոլոր պայմաններում և միշտ Ադրբեջանի կողքին ենք», «Հայաստանը խեղդվելու է իր հրահրած դավադրության մեջ», «Հայաստանն իր գլխից մեծ գործ է բռնել», «Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի» և այլ կոշտ, ոչ դիվանագիտական ձևակերպումներով ու սպառնալիքներով։

Սեփական դերը բարձրացնելու և հավակնությունների ընդլայնումը գործնական հարթություն տեղափոխելու Թուրքիայի փորձերն առավել աչքի են զարնում, երբ թուրքական արձագանքը համեմատում ենք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ արված հայտարարությունների բովանդակության հետ։ 2016-ին Թուրքիան, Ադրբեջանին անվերապահորեն պաշտպանելով հանդերձ, Հայաստանի նկատմամբ պահպանում էր դիվանագիտական պատշաճությունը, իսկ հիմնական քաղաքական նպատակը ԼՂ բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխությունն էր՝ Թուրքիային ներգրավելու մտադրությամբ։

Շեշտենք, որ 2016թ․ապրիլյան պատերազմը և 2020թ հուլիսյան մարտերը համեմատելի չեն իրենց բնույթով, սակայն այս տարբեր մասշտաբների սրացումներին տրված էականորեն տարբերվող թուրքական արձագանքը խոսում է տարածաշրջանային փոփոխություններում Թուրքիայի դերակատարության մասին։

2016թ. Թուրքիան էականորեն տարբերվում է այսօրվա Թուրքիայից։ 2016թ․ ապրիլին Թուրքիան դեռ նախագահական երկիր չէր և Էրդողանի անսահմանափակ իշխանությունը օրենքով ամրապնդված չէր, իսկ 2015-ին ռուսական Սու-24 ինքնիաթիռի խոցումից հետո Ռուսաստանի հետ խիստ լարված հարաբերությունները դեռ չէին կարգավորվել, ինչպես նաև Թուրքիան դեռ չէր ներխուժել Սիրիա, ռազմական ներկայություն չէր հաստատել Լիբիայում։

Այսօր այս հանգամանքները վերացել են. Սիրիայում և Լիբիայում որոշակի հաջողություններ են գրանցվել, իսկ վերջին տարիներին Թուրքիայի գործողությունները զսպելու ուղղությամբ Արևմուտքը բավարար քայլեր չի ձեռնարկում. դրանք իրականացնելու լծակներ գրեթե չունի կամ կաշկանդված է։ Այս հանգամանքները Թուրքիայի կարծիքով իրեն ազատ գործելու հնարավորություն են տվել։

Սակայն ՀՀ ԶՈՒ-ն, Տավուշում ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելով և առավելության հասնելով, զսպել է նաև Հարավային Կովկասում իր դերը մեծացնելու Թուրքիայի ձգտումը։

Թուրքիայի ակտիվությունը զսպող գործոն է նաև ռուսական հակազդեցությունը։ Ինչը բնական է, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում իր ազդեցության գոտում մեկ այլ պետության դերակատարության մեծացումը։ Այդ մասին վկայում է նաև ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգում ընթացող լայնածավալ զորավարժությունները, որտեղ ներգրավված  է նաև ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազան։ Ուշագրավ է, որ Թուրքիան ԱԳ նախարարի, նախագահի մակարդակով հեռախոսազրույցներ է նախաձեռնել ռուս գործընկերների հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը։ Ռուսական կողմի տարածած հաղորդագրությունները, որոնք ի տարբերություն թուրքականի, բովանդակային են, ընդգծում են լարվածության առաջին օրերից հնչող արտահայտությունները․ «պետք է խուսափել գործողություններից, որոնք նպաստում են լարվածության մեծացմանը», «հակամարտությունը ռազմական լուծում չունի»։ Այս հայտարարության հասցեատերը հենց Թուրքիան է։

Փաստենք, որ Թուրքիայի հիմնական ձգտումը՝ Հարավային Կովկասում դերակատարման մեծացումը, այս պահին ձախողվել է։ Իհարկե, սա չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվում կամ հրաժարվելու է իր նպատակներից։