Ինքնահաղորդակցության ֆենոմենը տեղեկատվական հեղափոխության համատեքստում

4 ր.   |  2019-02-06

Հաղորդակցությունը (communication) տեղեկատվության փոխանակման գործընթացում իմաստների հավաքական օգտագործումն է։ Հաղորդակցության գործընթացը որոշարկվում է հաղորդակցության տեխնոլոգիայով, տեղեկատվություն ուղարկողների ու ստացողների հատկանիշներով, նրանց մշակութային առանձնահատկություններով, հաղորդակցության արձանագրմամբ և տվյալ գործընթացի կաղապարներով։ Իմաստը կարող է հասկացվել միայն սոցիալական հարաբերությունների համատեքստում, որտեղ ուղարկում կամ ստանում են տեղեկատվությունը։

Հաղորդակցության հիմնական ու դասական ձևը միջանձնային հաղորդակցությունն է։ Դիտարկելով միջանձնային հաղորդակցությունը՝   գերմանացի սոցիոլոգ Նիկլաս Լումանը շեշտում է, որ իմաստի ընկալումը հնարավոր է միայն համատեքստի ընկալման դեպքում, իսկ հետո արդեն որպես առաջնային համատեքստ հանդես է գալիս սեփական հիշողությունը։ Սոցիալական համատեքստի ամենաակնառու բնորոշիչները շրջանառվող հեգեմոն և երկրորդական խոսույթներն(discourse) են։ Այս խոսույթները շրջանառվում են իշխանության, ընդդիմության, տարասեռ այլ քաղաքական ուժերի, քաղհասարակության շրջանակների և հենց մեդիայի կողմից։ Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ մեդիա ընկերությունները ոչ միայն իմաստների ու հաղորդագրությունների տարածման հաղորդակցության ուղիներ տրամադրող են, այլև այդ իմաստները ստեղծողներ և ըստ այդմ` նաև խոսույթներ առաջարկողներ։ 

Դասական իմաստով ուղարկողն ու ստացողը համարվում են  հաղորդակցության սուբյեկտներ։ Հաղորդակցության բովանդակության տարածումը հասարակությունում համարվում է զանգվածային հաղորդակցություն։ Զանգվածային հաղորդակցությունը կարող է լինել թե՛ ինտերակտիվ, թե՛ միակողմանի։ Ավանդական զանգվածային լրատվությունը բնորոշվում է գլխավորապես միակողմանիությամբ, երբ օրինակ ռադիոն, հեռուստատեսությունը, տպագիր մամուլը, ֆիլմերը, գրքերը  և այլն փոխանցում և տարածում են տեղեկատվությունը մեկ աղբյուրից բոլորին։ Թեև այս դեպքում, նույնպես, որոշակի փոխազդեցություն կարող է լինել։ Օրինակ՝ ուղիղ եթերը և զանգերը, որոնք ուղղվում են ռադիոյի կամ հեռուստատեսության տաղավար և այլն։

Համացանցի տարածման և կապի նոր գործիքների հայտնագործմանը զուգահեռ ծագում են փոխազդեցության հաղորդակցման նոր ձևաչափեր։ Համացանցը ապակենտրոնացնում է տեղեկատվության աղբյուրները, որի լավագույն օրինակը  սոցիալական ցանցերում գրառումները, մեկնաբանություններ և ուղիղ եթերն է, երբ գործող անձը միաժամանակ փոխհաղորդակցվում է բազմահազար օգտատերերի հետ և այդ օգտատերերն էլ միմյանց հետ։ Սա բազմակողմանի ու միաժամանակյա հաղորդակցություն է, որը Մանուել Կաստելսն անվանում է «զանգվածային ինքնահաղորդակցություն» [1], քանի որ օգտատերերը ինքնուրույն հաղորդագրություններ (message) են ստեղծում և ուղարկում։ Այսպիսով, կարելի է առանձնացնել երեք տեսակի հաղորդակցություն՝ միջանձնային, զանգվածային և զանգվածային ինքնահաղորդակցություն։

Հաղորդակցության այս երեք տեսակները մեկը մյուսին չեն փոխարինում, այլ առավելապես համագոյակցում են միմյանց հետ որոշակի ժամանակում և տարածությունում՝ փոխլրացնելով  ու համաբերվելով են մեկ ընդհանուր տեղեկատվական դաշտում։

Սկզբունքային նորությունն այս երեքի համադրումն է,  որը կազմում է բազմամաս, թվային, փոխազդեցություն ունեցող հիպերտեքստ։ Այս բոլորի միաձուլումն ու փոխակերպումը հենց ստեղծում է «նոր մեդիան» [2], որտեղ մի բաղկացուցիչ մասի փոխակերպումը չի կարող հասկացվել, առանց մյուսների ընդգրկուն համատեքստի։ Որպես օրինակ կարելի է նշել հեռուստաալիքների ֆեյսբուքյան բովանդակությունը, որտեղ տեսնում ենք երեք մեդիաների՝ սոցիալական ցանցերի, էլեկտրոնային լրատվամիջոցների և հեռուստատեսության համադրություն։ Ըստ որում, հեռուստատեսությունը գնալով ավելի է զիջում իր դիրքերը։

Հաղորդակցության համակարգերի և մեդիա դաշտի փոխակերպումները առաջ են բերում մեդիայի առևտրայնացում, մեդիաբիզնեսի գլոբալիզացիա և ռեսուրսների կենտրոնացում խոշոր մեդիաընկերություններում, մեդիաշուկաների տեղայնացում և դիվերսիֆիկացիա, մեդիաընկերությունների հետաքրքությունների ընդլայնում և բոլոր ճյուղերի ներգրավում:

Ստեղծված նոր իրավիճակում հաղորդակցության հիմնական սուբյեկտները՝ ուղարկողները և ստացողները, ներկայանում են որպես հաղորդակցության ինստիտուցիոնալ և կազմակերպչական համակարգերի կրողներ։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ուղարկողները և ստացողները միաժամանակ և՛ բովանդակություն ստեղծող են, և՛ լսարան։ Վառ օրինակը բազմահազար հետևորդներ ու դիտումներ ունեցող բլոգերներն են կամ սոցիալական ցանցերի ակտիվ ու հայտնի օգտատերերը։ Սոցիոլոգ Բրունո Լատուրը նրանց կոչում է «գործիչ-ցանցեր» (actor-network) [3]։  «Մարդ-ցանցերի» մեկ այլ օրինակ կարող են հանդիսանալ լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները, որոնք լինելով տեղեկատվական ցանցերի կարևորագույն հանգույց, նաև իշխանության կրող են։

Բայց պետք է հաշվի առնել, որ համացանցի տարածումը միանշանակորեն չի համահարաբերակցվում(correlation) տեղեկատվության ստացման ու մշակման ունակությունների հավասարության ու ազատության խնդրին։

Գլոբալ համակարգերում, նույնիսկ հակառակ միտումներ են հայտնի, երբ տեխնոլոգիաների կիրառումը բերում է տեղեկատվություն սպառող հասարակության տարբեր խմբերի անհավասարության խորացման (Baker, 2006): Խոսքի և հաղորդակցության ազատությունը համացանցում սահմանափակվում է պետությունների գաղափարաբանական ապարատի, քաղաքական և կրոնական էլիտաների կողմից։ Ամենավառ օրինակը Չինաստանում գործարկված  սոցիալական ծրագրավորման համակարգն է, որն անվանում են նաև թվային դիկտատուրա։

Այսպիսով, նոր տեսակի ու որակի հաղորդակցության դաշտերն ու համակարգերը ծագում են բազմաշերտ փոփոխությունների ու փոխհարաբերությունների գործընթացների արդյունքում, որոնք առավելապես պայմանավորված են ոչ միայն տեխնոլոգիաներով, այլև  հասարակության ազդեցիկ խմբերի ու շահառու կողմերի շահերով։ Այդ գործընթացներն են պայմանավորում, թե ինչ ուղղությամբ են շարժվելու նոր հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման պրակտիկաները՝ նպաստելով կա՛մ հավասարության ու մասնակցայնության ներդրմանը, կա՛մ անհավասարության  և միակենտրոն իշխանության հաստատմանը։


[1] Castells Manuel. (2009) Communication Power, Oxford, Oxford university. press, pp. 63-65.

[2] Rice, R.E. and Associates. (1984) The new media: Communication, research and technology. Beverly Hills, CA: Sage

[3] Latour Bruno. (2005) Reassembling the Social: An Introduction to Actor-Network-Theory. Oxford University Press.