Ամերիկյան վերլուծական կենտրոնների ազդեցությունը Թրամփի քաղաքականության վրա

7 ր.   |  2018-12-27

Քաղաքականության մշակման հարցում փորձագիտական-վերլուծական աջակցության տրամադրումը տարիների ընթացքում կատարելագործվել է, և տարբեր երկներում գործող վերլուծական կենտրոնները (think tank) կարողանում են անմիջական ազդեցություն ունենալ քաղաքականության մշակման և որոշումների կայացման վրա: Մասնագիտական շրջանակներին մշտապես հետաքրքրում է ԱՄՆ-ում որոշումների կայացման վրա վերլուծական կենտրոնների ազդեցության հարցը:

Համաձայն 2017թ. Global Go To Think Tank Index զեկույցի, Միացյալ Նահանգներում գործում է 1872 վերլուծական կենտրոն: ԱՄՆ-ից հետո ամենաշատ կենտրոններ կան Չինաստանում (512) և Մեծ Բրիտանիայում (444):

Ամերիկյան կենտրոնները կարելի է բաժանել ըստ քաղաքական ուղղվածության, պետական գերատեսչությունների և կուսակցությունների հետ ունեցած կապերի: Այս դասակարգումը պայմանական է, քանի որ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո վերլուծական դաշտում տեղի են ունեցել ներկուսակցական վերախմբավորումներով պայմանավորված փոփոխություններ, ինչը պայմանավորված է Թրամփի և Հանրապետական կուսակցության տարաձայնություններով: Որոշ վերլուծական կենտրոններ սկսել են ավելի շատ համագործակցել ոչ թե կառույցների, այլ առանձին ներկայացուցիչների հետ՝ իշխանության թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր և թե՛ դատական թևերից: Ի տարբերություն եվրոպական երկրների, ԱՄՆ-ում վերլուծական կենտրոնները հիմնականում խուսափում են որևէ կուսակցությանը բացահայտորեն աջակցելուց և հանդես են գալիս որպես անկախ կառույց:

«Think tank»-երի դասակարգումը

Ա մերիկյան վերլուծական կենտրոնների գործունեության հիմքում ընկած է քաղաքական որևէ ուղղություն, որով նրանք առաջնորդվում են վերլուծությունների, քաղաքականության մշակման և առաջարկությունների տրամադրման գործընթացում: The Best School-ը ներկայացնում է ԱՄՆ լավագույն 50 վերլուծական կենտրոնները՝ դասակարգված՝ ըստ հիմնական քաղաքական ուղղվածության:

Ցենտրիստական (Centrist): Վերլուծական կենտրոնների այս խումբը սոցիալական հավասարության և սոցիալական հիերարխիայի միջև հավասարակշռված քաղաքականություն վարելու կողմնակից է (Center for Strategic and International Studies, Carnegie Endowment for International Peace, Freedom House, Aspen Institute, Woodrow Wilson International Center for Scholars):

Պահպանողական (Conservative) կենտրոնները հանդես են գալիս սոցիալական կայունության և շարունակականության դիրքից (Heritage Foundation, American Enterprise Institute,  Manhattan Institute for Policy Research, Discovery Institute):

Լիբերալ (Liberal) կենտրոններն առավելապես կարևորում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, աշխարհիկ պետությունը, խղճի և տնտեսության ազատությունը (Human Rights Watch, Guttmacher Institute, Urban Institute, Economic Policy Institute, Commonwealth Fund):

Առաջադիմականները (Progressive) գիտության, տեխնոլոգիաների, տնտեսական զարգացման և քաղաքացիական հասարակության առաջընթացի կողմնակիցն են (Brookings InstitutionCenter on Budget and Policy Priorities, Open Society Foundation):

Կան նաև վերլուծական կենտրոններ, որոնք չունեն քաղաքական ուղղվածություն և զբաղվում են ոլորտային հետազոտություններով Council on Foreign Relations,  Carnegie Council for Ethics in International Affairs, Belfer Center for Science and International Affairs, RAND Corporation, National Bureau of Economic Research):

ԱՄՆ որոշ պետական գերատեսչություններին կից գործում են վերլուծական կենտրոններ, որոնք խորհրդատվություն են տրամադրում և ֆինանսավորվում պետական բյուջեից: Գերատեսչությունները իրենց պաշտոնական կայքերում սովորաբար հրապարակում են այն վերլուծական կենտրոնների ցանկը, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են քաղաքականության մշակման գործում և ֆինանսավորվում են տարբեր դոնորներից: Ուշագրավ է, որ պետական մարմինը նշում է, որ վերլուծական կենտրոնները չեն արտահայտում պետական դիրքորոշումը:

Օրինակ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է վերլուծական կենտրոնների ցանկ, որոնց գործունեությունը «հատկապես արդյունավետ է համարվել»: Ցանկում կան այնպիսի հայտնի կենտրոններ, ինչպիսիք են՝ Council on Foreign Relations, International Crisis Group, German Marshall Fund of the United States, Heritage Foundation և ուրիշներ:

Կոնգրեսին կից գործում է «Կոնգրեսի հետազոտական ծառայությունը» (Congressional Research Service) վերլուծական կենտրոնը, որը գաղտնի, անկողմնակալ վերլուծական աջակցություն է ցուցաբերում Կոնգրեսի անդամներին, հանձնաժողովներին և աշխատակազմին: Կենտրոնն ունի ավելի քան 600 տարբեր մասնագիտությունների տեր աշխատակից:

Պենտագոնին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առընթեր վերլուծական կենտրոն է Ռազմական գնահատման գլխավոր վարչությունը (Office of Net Assessment): Վարչությունը գնահատում է ԱՄՆ ռազմական կարողություններն ու ներուժը՝ համեմատելով այլ պետությունների կամ պետությունների խմբերի հետ և բացահայտելով Միացյալ Նահանգերի ապագա հնարավոր սպառնալիքները:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն ունի վերլուծական բաժին՝ Վերլուծության վարչություն (Directorate of Analysis (DA), որը նախագահին և կառավարության քաղաքականություն մշակողներին ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ վերլուծություններ է տրամադրում:  

ԱՄՆ-ում կան կենտրոններ, որոնք հարում են Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցություններին, թեև, սովորաբար, չեն բարձրաձայնում: Հանրապետականներին հարող վերլուծական կենտրոնների շարքում են International Republican Institute, Nixon Center, Heritage Foundation, Center for Immigration Studies (CIS): Օրինակ՝ Heritage Foundation-ը, 2013թ.ից հարուստ հանրապետական Ռեբեկա Մերկերից տարեկան 500000 դոլար նվիրատվություն է ստացել:

Դեմոկրատներին հարողների թվում են Center for American Progress, National Democratic Institute for International Affairs, Progressive Policy Institute (PPI)  կենտրոնները: Այսպես, Center for American Progress-ն Օբամայի իշխանության ժամանակ Սպիտակ տան աշխատակիցների համար դասընթացներ էր կազմակերպում և քաղաքականության մշակման խորհրդատվություններ էր տրամադրում:

Նախագահ Թրամփի աջակցությունը վայելող վերլուծական կենտրոններ

Ի տարբերություն նախկին նախագահների՝ Թրամփը քաղաքական գործիչ չէր և քաղաքական համակարգի տարբեր խմբերի հետ չուներ գործընկերային ամուր կապեր: Նախագահ ընտրվելուց հետո նրա թիմն արհեստավարժ կադրերի կարիք ուներ, որից շահեցին նրա աջակցությունը վայելող վերլուծական կենտրոնները:

2014թ. ամռանը, երբ Թրամփը դեռևս չէր հայտարարել թեկնածությունն առաջադրելու մասին, Heritage Foundation կենտրոնը կազմեց պահպանողական հայացքներ ունեցող 3000 մասնագետների ցուցակ, որոնք պատրաստակամություն էին հայտնել ներգրավվել Օբամայի իշխանությանը հաջորդող կառավարության կազմում: Այս ծրագիրը ստացել էր «Ամերիկայի վերականգնման ծրագիր» անունը (Project to Restore America) և թիրախավորում էր, այսպես կոչված, «լուռ մեծամասնությանը» (silent majority): Այս տերմինը Միացյալ Նահանգներում հայտնի է դարձել, երբ ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնն 1969թ. նոյեմբերի 3-ի ելույթում այն օգտագործեց՝ անդրադառնալով Վիետնամի պատերազմին: Նիքսոնը հայցում էր Վիետնամի պատերազմին ԱՄՆ մասնակցությանը աջակցող մարդկանց՝ «լուռ մեծամասնության» օգնությունը: Իր նախընտրական քարոզարշավում «լուռ մեծամասնություն» տերմինն ակտիվորն օգտագործել է նաև ԱՄՆ գործող նախագահ Թրամփը՝ դիմելով հասարակության այն հատվածին, ովքեր դժգոհ են երկրում տիրող իրավիճակից, սակայն լռում են:

Համաձայն տարբեր տվյալների՝ Թրամփի վարչակազմում այժմ ընդգրկված է Heritage Foundation66 նախկին աշխատակից, որոնց թվում են ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջեյմս Ռիչարդ Փերին, կրթության նախարար Էլիզաբեթ Բեթսի Դևոսը, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը, նախագահի աշխատակազմի վարչաբյուջետային վարչության տնօրեն Ջոն Մայքլ Մալվեյնին և ուրիշներ:

Դեռևս Թրամփի նախագահ ընտրվելուց առաջ Heritage Foundation-ը նոր վարչակազմի համար կազմել և ներկայացրել էր 334 առաջարկ, որոնց թվում էին Փարիզի կլիմայական համաձայնագրից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալը, ռազմական բյուջեի մեծացումը և այլն : Կազմակերպության տվյալներով՝ առաջարկների 64%-ն վարչակազմն արդեն իրականացրել է:

Թրամփի աջակցությունը վայելող վերլուծական կետրոնների թվում են նաև Competitive Enterprise Institute-ը,  Institute for Energy Research-ը և Texas Public Policy Foundation -ը, որոնք նախագահին նոր կադրեր և գաղափարներ են ներկայացրել: Այս կազմակերպությունները զգալի դերակատարություն են ունեցել էներգետիկ քաղաքականության մշակման գործում:

Միացյալ Նահանգների քաղաքականության մշակման վրա վերլուծական կենտրոնների ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն կենտրոններին, որոնք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ամուր գործընկերային կապեր ունեն:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն 2004-2008թթ. Kansas Policy Institute վերլուծական կետրոնի հոգաբարձուների խորհրդում էր (Flint Hills Center for Public Policy): Կենտրոնը, որը տարեկան միլիոնավոր դոլարներ էր ստանում Ամերիկայւմ հայտնի Կոուկ ընտանիքից (Koch family), ստեղծել էին Cato Institute-ի աջակիցները: Այս ընտանիքին է պատկանում ԱՄՆ ամենամեծ էներգետիկ ընկերություններից մեկը՝ Koch Industries-ը: Ընտանիքը հայտնի է նաև քաղաքական գործունեությամբ և պահպանողական հանրապետականների աջակցությամբ: Ամերիկյան լրատվամիջոցները գործող պետքարտուղարին հաճախ մեղադրում են Կոուկ ընտանիքի «շահերը սպասարկելու մեջ»:

Փոխնախագահ Մայք Փենսը 1991-93թթ. Indiana Policy Review Foundation պահպանողական վերլուծական կենտրոնի նախագահն էր, որը State Policy Network (SPN)  կենտրոնների կոնսորցիումի անդամ է:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2013-18թթ. ղեկավարում էր Gatestone Institute վերլուծական կենտրոնը, որը հայտնի է Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականների, ինչպես նաև մահմեդականների հանդեպ ունեցած ծայրահեղ բացասական դիրքորոշմամբ: Կազմակերպության պատրաստած հոդվածներում փախստականները հաճախ որակվել են Արևմուտքի համար սպառնալիք հանդիսացող «ծայրահեղական ջիհադիստներ»:  1997-2001թթ. Բոլթոնը American Enterprise Institute վերլուծական կենտրոնի փոխնախագահն էր, որն ԱՄՆ ամենաազդեցիկ կենտրոններից մեկն էր համարվում: Կենտրոնն առաջնորդվում է սահմանափակ իշխանության (limited government  - իշխանության/կառավարության իրավասությունները սահմանափակված են սահմանադրությամբ և օրենքներով, չի խրախուսվում պետության ակտիվ միջամտությունը տնտեսական և այլ ոլորտներում), մասնավոր ձեռնարկատիրության և ժողովրդավարական կապիտալիզմի գաղափարներով: