Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունների հերթական ալիքը
6 ր. | 2021-06-09Ա դրբեջանական տեղեկատվական և հանրային-փորձագիտական հարթակներում, չնայած հակաիրանական տրամադրությունների մշտական չափաբաժնի առկայությանը, ժամանակ առ ժամանակ նկատվում է այդ տրամադրությունների ակտիվացում և ընդգծված իրանաֆոբ ալիքի տարածում, ինչպիսին գրանցվեց նաև ընթացիկ տարվա ապրիլ և մայիս ամիսներին։
Այս անգամ հակաիրանական տրամադրությունների առանցքում, ինչպես գրեթե միշտ, Ադրբեջանի հասարակության որոշ շրջանակներում Իրանի նկատմամբ առկա թշնամական ընկալումն էր, հայ-իրանական բազմաշերտ բարիդրացիական հարաբերություններից դժգոհությունը, ինչպես նաև Իսրայելի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման մեծ ձգտումը, որին, արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մեջ ունեցած կարևոր ներդրմամբ պայմանավորված, արդեն գումարվել է նաև Իսրայելի հանդեպ խորը «երախտագիտությունը»։
Ադրբեջանական հետպատերազմական մամուլում, որն, անկասկած, շարունակում է գործել պետական խիստ վերահսկողության ներքո, Իրանի դեմ դժգոհության առաջին նկատելի կայծը վառվեց ապրիլի երկրորդ կեսին։ Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկում հրապարակվեց «Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սադրանք․ Ինչո՞ւ է Թեհրանը հնարավորություն տալիս նշել «հայոց ցեղասպանությունը» վերնագրով ծավալուն հոդվածը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, լրջորեն քննադատվում էր Թեհրանում իրանահայերի կողմից Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը, այն դեպքում, երբ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանը կանխել էր թյուրքախոս ազարիների (ըստ այդ հոդվածի՝ ադրբեջանցիների) «հաջակցություն Ղարաբաղի» ակցիաները։
Օրեր անց արդեն Արցախում ռուս խաղաղապահների ներկայության դեմ Բաքվում Ռուսաստանի դեսպանության դիմաց տեղի ունեցած բողոքի գործողության ընթացքում ցուցարարները վանկարկեցին «ռուսը, պարսիկը, հայը թուրքի թշնամին են» հայտնի կարգախոսը՝ ևս մեկ անգամ փաստելով ադրբեջանական հասարակության որոշ շրջանակներում, այդ թվում՝ իրանցիների նկատմամբ թշնամական վերաբերմունքն ու ընկալումը՝ չնայած հակառակն ապացուցելու երկրի պաշտոնական շրջանակների ջանքերին։
Այդ վերաբերմունքի մեկ այլ աղմկահարույց դրևսորում արձանագրվեց, երբ մայիսի սկզբին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին և Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Աքբար Օջախնեժադն այցելեցին 2020թ․ հուլիսին Տավուշի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կողմից ոչնչացված և Ադրբեջանում հերոսացված ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի ընտանիքին և նրանց փոխանցեցին իրանցի նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի անվան հուշանվեր և շքանշան։ Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ գեներալ Փ․ Հաշիմովի ընտանիքը հրաժարվել է ընդունել իրանական պարգևները։ Փ․ Հաշիմովի մայրը՝ Սեմայեն, հայտարարեց, որ «Իրանի տված շքանշանն իրենց պետք չէ»՝ պահանջելով Իրանից չշահարկել իր որդու անունը։
Այս ամենին զուգահեռ, «Azad İran» թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութերը, որտեղ Իրանից Հայաստան, ապա նաև Արցախ օգնություն էր տեղափոխվում, ադրբեջանական մամուլում շրջանառվեցին «Ղարաբաղում Իրանի և ռուս խաղաղապահների ապօրինությունները» շեշտադրմամբ։ Ադրբեջանական ինչպես քարոզչական, այնպես էլ «լուրջ» լրատվական հարթակները, որոնք աշխատում են միմյանց հետ փոխհամաձայնեցված, հղում անելով միայն սոցիալական ցանցերի հրապարակումներին, Իրանին և ռուս խաղաղապահներին մեղադրեցին Արցախ հումանիտար օգնության անվան տակ թմրանյութերի և ռազմական բեռների տեղափոխման, ոսկու ապօրինի առևտրի մեջ։ Շրջանառվեցին ընդգծված հակաիրանական թեզեր, ըստ որոնց՝ «Իրանն այս տարիների ընթացքում Արցախում հանցավոր խմբերի գործունեության և թմրանյութերի առևտրում ներգրավված կողմերից է եղել», և պատերազմից հետո, երբ այդ ապօրինի առևտրին ծանր հարված հասցվեց, այդ հանցավոր խմբերը հեշտ ճանապարհ են գտել և ռուս խաղաղապահների միջոցով մուտք են գործում Արցախ։ Այս համատեքստում ադրբեջանա-իրանական սահմանային միջադեպերի հաճախակիացման և դրանցից վերջինի՝ Ադրբեջանի Յարդըմլըի շրջանի Գենդարա գյուղի մոտկայքում մայիսի 15-ին տեղի ունեցած զինված բախման հետևանքով 2 ադրբեջանցի սահմանապահի սպանության ֆոնին, Իրանի դեմ «Ադրբեջանի տարածք զինված դիվերսիաների կազմակերպման» մեղադրանքներ հնչեցին։
Հարկ է նշել, որ Իրանի դեմ նմանօրինակ մեղադրանքներ հնչել են ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ պատերազմին նախորդող ամիսներին, երբ ադրբեջանական մամուլում և հանրային-փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր Արաքս գետի վրա կառուցված կամուրջներով, իբր թե, Իրանից «Արցախի անջատողականներին ապօրինի աջակցության տրամադրման» և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից վերահսկվող «քրեական բիզնեսի» թեման։
Նման շղթայական իրադարձություններով աստիճանաբար ընդգծվող հակաիրանական տրամադրությունները Բաքվում հրապարակային հատկապես լայն հնչեղություն ստացան, երբ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով Իրանի հյուսիսային սահմանների փոփոխության անթույլատրելիությունը, որին հաջորդեց հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն Իրանի որոշ բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան կատարած որոշակիորեն խորհրդավոր այցի և Հայաստանին ռազմական աջակցություն առաջարկելու վերաբերյալ։ Ադրբեջանցի փորձագետներն ընդգծեցին․ «Իրանի հետ հարաբերություններում Ադրբեջանը պետք է պատրաստ լինի հերթական լարվածությանը»։
Գ լխավորապես քարոզչական ԶԼՄ-ներում հրապարակված վերլուծական հոդվածներում և փորձագիտական մեկնաբանություններում վեր հանվեցին ադրբեջանա-իրանական հարաբերություններում երբևէ նկատված խնդրահարույց գրեթե բոլոր իրադարձությունները։ Իրանը լրջորեն մեղադրվեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ» իր հյուսիսային մուսուլման հարևանի ուրախությունը չկիսելու, Հայաստանի սահմանների փոփոխությամբ անհանգստացած լինելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» սահմանելու, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Հայաստանի հետ սահման չունենալու և թյուրքական աշխարհի հզորացումից ներքին մասնատման վախ ունենալու մեջ։ Պաշտոնական Թեհրանի վարած քաղաքականության նշյալ դրսևորումները որակվեցին որպես «բացահայտ թշնամություն Ադրբեջանի նկատմամբ»։
Միաժամանակ, շարունակվեց նաև հարցին կրոնական երանգ տալու «ավանդույթը»․ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացվեց իբրև «վատ մուսուլման երկիր», որից մշտապես պետք է «տհաճ անակնկալներ» սպասել։ Օրակարգ բերվեցին վերջին 30 տարվա ընթացքում շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար շնչուղի դառնալու, «մզիթներ ոչնչացրած և անարգած հայերին» աջակցելու արդեն ավանդական թեզերը, որոնք ուղեկցվեցին պանթյուրքիստական շեշտադրումներով և Իրանի տարածքի նկատմամբ պահանջատիրական ձգտումներով։
Իրանի քաղաքական գործելաոճից նման դժգոհությունների ֆոնին տարբեր հարթակներով օրակարգ բերվեց նաև ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ակտիվացման թեման։ Մամուլում շրջանառվող վերլուծություններին զուգահեռ՝ նմանօրինակ առաջարկներ քննարկվեցին Ադրբեջանի օրենսդիր մարմնում՝ Միլլի Մեջլիսում։ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գուդրեթ Հասանգուլիևն ու մի քանի պատգամավորներ խորհրդարանում հանդես եկան Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու առաջարկով, որը պարունակում էր ընդգծված հակաիրանական ձևակերպումներ։ Մասնավորապես, Ադրբեջանին ժամանակակից զինտեխնիկա վաճառող Իսրայելի հետ դիվանագիտական կապերի հաստատման առաջարկները հիմնավորվում էին Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների և համագործակցության առկայությամբ։
Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման թեման օրակարգ էր բերվել նաև այս տարվա ապրիլին, երբ իսրայելական, ապա նաև ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին Իսրայելի ԱԳՆ-ի և արտգործնախարար Գաբի Աշքենազիի հայտարարությունը, ըստ որի՝ Իսրայել-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստում նշվել էր, թե ընթացիկ տարում Ադրբեջանն Իսրայելում բացելու է դիվանագիտական կարգավիճակով առևտրային ներկայացուցչություն։ Աշքենազին թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ Իսրայելում բացվելու է Ադրբեջանի զբոսաշրջության և առևտրի պաշտոնական բյուրո, որն ունենալու է դիվանագիտական կարգավիճակ՝ միաժամանակ ընդգծելով, որ «դա կարևոր քայլ է Իսրայելում դեսպանություն բացելու համար»։ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հ․ Հաջիևը, իր հերթին, «Israel Hayom»-ին տված հարցազրույցում շեշտել էր, որ Իսրայելն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է։
Այս ամենով հանդերձ, Ադրբեջանում Իրանից խորը դժգոհության նման ալիքի պայմաններում ԶԼՄ-ները, փորձագետները և խորհրդարանի պատգամավորներն ադրբեջանա-իրանական հարաբերությունները գնահատելու համար որպես ուղենշային ընդգծեցին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) և Կովսականի (Զանգելան) շրջաններ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շեշտադրումը, թե Ադրբեջան-Իրան սահմանը «բարեկամական սահման» է։ Ալիևի հայտարարությունը ստիպեց նրանց շատ տուրք չտալ հակաիրանական ծայրահեղական ձևակերպումներին և ընդգծել, թե Ադրբեջան-Իրան հարաբերությունների վատթարացմամբ շահագրգռված է Հայաստանը:
Այսպիսով, Ադրբեջանական հասարակությունում հակաիրանական տրամադրությունները ոչ միայն չեն թուլանում, այլև տարբեր իրադարձություններով պայմանավորված՝ նոր երանգներ և թափ են ստանում։ Այդ տրամադրությունների աճը հիմնականում ուղիղ համեմատական է հայ-իրանական հարաբերությունների և համագործակցության զարգացմանը, ինչն արցախյան 44-օրյա պատերազմից հետո ևս շարունակվում է ընկալվել որպես սպառնալիք Ադրբեջանի համար։ Ադրբեջանական թե՛ հանրային, թե՛ պաշտոնական շրջանակներում Իրան-Հայաստան գործակցության համար հակակշիռ է դիտարկվում Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումը, որի համար Ադրբեջանն արդեն իսկ նկատելի աշխատանքներ է տանում։ Այս ուղղությունն էլ իր հերթին առաջացնում է մտահոգություններ և դրդում հակազդեցության Իրանից՝ երկկողմ օրակագում մշտատես ապահովելով տարաբնույթ տարաձայնություններ։ Մյուս կողմից, սակայն, պաշտոնական Բաքուն որոշակի զգուշավորություն է ցուցաբերում և փորձում է կայունություն պահպանել Իրանի հետ հարաբերություններում՝ այդ թվում զսպելով երկրում Իրանի դեմ դժգոհության բոլոր բացահայտ դրսևորումները։