Եվրոպական արձագանքները հետպատերազմական խնդիրներին

3 ր.   |  2021-02-05

2 020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները շարունակում են օրակարգային մնալ միջազգային քաղաքականության մեջ։ Տարբեր միջազգային ատյաններ, առանձին պետություններ, ինչպես նաև անհատ գործիչներ արձագանքում են ստեղծված իրավիճակին։

2021թ. հունվարի 20-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականություն» (CSDP) տարեկան զեկույց-բանաձևերը։ Դրանցում անդրադարձ կա նաև արցախյան խնդրին և Թուրքիայի դերակատարությանը[1]։

Բանաձևերը խստորեն դատապարտում են խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, արգելված զինատեսակների կիրառումը։ Այդ առնչությամբ կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին վավերացնել արգելված զինատեսակների մասին եվրոպական կոնվենցիան։

Ընդգծվում է, որ արցախյան հակամարտության վերջնական լուծումը գտնված չէ և տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացը պետք է իրականանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Խստորեն դատապարտվում է Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Կոչ է արվում վերջինիս ձեռնպահ մնալ արցախյան հակամարտությանը որևէ միջամտությունից՝ ներառյալ Ադրբեջանին ռազմական օգնությունը։ Դատապարտվում է նաև Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի։ Նշվում է նաև, որ Արցախում պետք է ապահովվի հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, տեղահանվածների և փախստականների անվտանգ վերադարձը։ Պահանջվում է նաև պատշաճ հետաքննության ենթարկել բոլոր ռազմական հանցագործությունները և բոլոր մեղավորներին ենթարկել պատասխանատվության։

Եվրոպական Խորհրդարանի հիշյալ բանաձևերը կարևորել է[2] ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։ Պաշտոնական Երևանը գնահատում է պատերազմի պատճառներն ու հետևանքները վերացնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը։ Ըստ մամլո խոսնակի՝ այս միջազգային հեղինակավոր մարմնի կողմից ևս մեկ անգամ փաստվեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը. այն կարևորում է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը»։

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեքը հայտարարել է[3], որ Ադրբեջանն իրեն $50 հազ. է առաջարկել՝ Արցախում հայերի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար։ Դիմատետրի իր էջի վրա Բուչեքը զետեղել է նաև կաշառքի փորձն ապացուցող լուսանկար։ «Իմ պատասխանը Բաքվին սա է. ազատ արձակել հայ զինվորներին»,- գրել է լեհ գործիչը։

Բուչեքն ավարտել է Ալիևին Լա Հեյի միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելու համար սկսած ստորագրահավաքը՝ հավաքելով ավելի քան 100 հազ. ստորագրություն։

Հունվարի 28-ին Բաքվից Հայաստան վերադարձան ևս հինգ ռազմագերի։ Նրանք հետպատերազմյան շրջանում գերեվարված 62 զինվորականների խմբից են։ Ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովի հաղորդմամբ՝ Հայաստանն էլ մեկ գերի է հանձնել Ադրբեջանին։

Փաստին արձագանքել է Եվրոպական Միությունը։ Կառույցի Արտաքին հարաբերությունների բաժնի խոսնակ Փիթեր Սթանոն թվիթերյան հրապարակմամբ գոհունակություն է հայտնել գերիների վերադարձի կապակցությամբ, բայց նաև նշել, որ մնացյալ 57-ն էլ պետք է ժամ առաջ վերադառնան։ Դա ուղի կհարթի տարածաշրջանում փոխվստահության մեծացման և կայուն խաղաղության վերահաստատման համար։

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն Արցախյան պատերազմում ադրբեջանական բանակի կազմում կռված սիրիացի վարձկանների մասին հարց է ուղղել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասին։ Ըստ վերջինիս՝ Բեռլինը տեղյակ է վարձկանների խնդրի մասին, գիտի, որ նրանք ռազմի դաշտում կռվել են ադրբեջանական բանակի կազմում։ Սիրիացի վարձկանները միայն արցախյան հակամարտության մեջ չեն ընդգրկված։ Գերմանիան փորձում է տեղեկատվություն ստանալ պատերազմական գոտիներում գտնվող վարձկանների մասին՝ որքա՞ն է նրանց թիվը, ինչպե՞ս են նրանք օգտագործվում, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն։ Մաասի խոսքերով՝ անհրաժեշտ է երկարատև խաղաղություն հաստատել Արցախում, և Գերմանիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում։


[1] Եւրոխորհրդարանը բանաձեւով մը քննադատեց Թուրքիոյ ապակայունացնող դերը՝ Ղարապաղի մէջ, Նոր Մարմարա, 22.01.2021։

[2] «Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան», Հայաստանի Հանրապետություն, 23.01.2021։

[3] Լեհ գործիչին 50.000 տոլար առաջարկուեր է որպէսզի չհրատարակէ Ալիյեւի դէմ իր գիրքը, Նոր Մարմարա, 23.01.2021։