Անկարայի և Վաշինգտոնի հակասությունները Թրամփի օրոք

11 ր.   |  2020-06-09

Վ երջին տարիներին Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները լարված են, ինչը խորը անվստահություն է առաջացրել երկու դաշնակիցների միջև: Հատկապես Թրամփի օրոք իրադրությունն այն աստիճանի է սրվել, որ փորձագիտական հանրությունը բարձրաձայնում է երկկողմ հարաբերություններում առկա «համակարգային ճգնաժամի» մասին։ Ավելին՝ փորձագետներից մեկի բնորոշմամբ թուրք-ամերիկյան հարաբերությունները «ռազմավարական գործընկերությունից» փոխակերպվել է «ռազմավարական թշնամության»։

Հանրապետական Թուրքիայի պատմության առնվազն վերջին յոթանասուն տարում երկու երկրների փոխհարաբերություններում եղել են լարված իրավիճակներ, որոնք հանգեցրել են նույնիսկ դիվանագիտական ճգնաժամի, ուղեկցվել պատժամիջոցներով, ինչպես, օրինակ 1974թ. թուրքական զորքերի Կիպրոս ներխուժումից հետո, սակայն, նման խիստ որակումներ նախկինում չեն եղել։

Բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի գործը

2 016թ. նոյեմբերին Իզմիրում թուրքական ոստիկանությունը ձերբակալեց բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնին և նրա տիկնոջը՝ մեղադրելով Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու համար, որին Թուրքիայի նախագահ Էրդողանը բնորոշել էր որպես 2016թ.-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) աջակից[1]: Տնային կալանքի տակ գտնվող Բրանսոնին սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում:

Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակը դարձավ քաղաքական խնդիր երկու պետությունների միջև, փոխադարձ կոշտ հռետորաբանությունն է՛լ ավելի մեծ լարվածություն առաջացրեց։ 2018թ. օգոստոսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի կառավարության երկու անդամի՝ արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի և Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ, որոնք առաջնային դերակատարում են ունեցել քահանայի կալանավորման գործում. կալանքի տակ դրվեց երկու նախարարների ԱՄՆ-ում ունեցած գույքը, ինչպես նաև արգելվեց ամերիկացիներին նրանց հետ փոխգործակցության մեջ մտնել[2]: Թուրքիան, իր հերթին, համանման պատժամիջոցներ կիրառեց ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների՝ արդարատության նախարար Ջեֆֆ Սեշենսի և ներքին անվտանգության նախարար Կիրստեն Նիլսենի նկատմամբ։

Մ իևնույն ժամանակ քաղաքական հարցերը տեղափոխվեցին տնտեսական դաշտ։ ԱՄՆ հայտարարեց Թուրքիայից ներմուծվող պողպատի (50%-ով) և ալյումինի (20%-ով) մաքսատուրքերի ավելացման մասին: Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ կիրառելուց կարճ ժամանակ անց թուրքական լիրան արժեզրկվեց 20%-ով՝ հասնելով դոլարի նկատմամբ պատմության մեջ ամենացածր ցուցանիշին: Որոշ փորձագետներ ԱՄՆ պատժամիջոցները համարեցին թուրքական լիրայի արժեզրկման և Թուրքիայի տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառներից մեկը[3]։

Էրդողանը, ստեղծված իրավիճակը գնահատեց որպես «տնտեսական պաշարում», իսկ ազգային արժույթի անկումը՝ Թուրքիայի վրա «հարձակման» արդյունք[4]։ Ի վերջո չուշացավ նաև Թուրքիայի պատասխան պատժամիջոցներն ԱՄՆ նկատմամբ։ Էրդողանի որոշմամբ վերանայվեցին ԱՄՆ-ից ներմուծվող ավելի քան 22 անուն ապրանքների մաքսատուրքը: 120%-ով բարձացվեց ամերիկյան ուղևորատար մեքենաների, 140%-ով՝ ոգելից խմիչքի, 60%-ով՝ ծխախոտի և որոշ այլ ապարքների ներկրման մաքսատուրքերը[5]։

2018թ. օգոստոսի 14-ին, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադրման 17-ամյակին նվիրված համագումարում, Էրդողանը հայտարարեց, որ իրենք բոյկոտելու են ամերիկյան էլեկտրոնային արտադրանքը։ Մանավորապես, նշելով, որ եթե նրանք ունեն «iPhone», կա դրա այլընտրանքը՝ «Samsung»-ը, կամ կարող են օգտագործել իրենց տեխնոլոգիական հնարավորությունները, ինչպես օրինակ «Venus Vestel»-ը (արտադրում է սմարթֆոններ և այլ էլեկտրոնային սարքեր)։ Խոսելով Թուրքիայում շարունակվող տնտեսական ճգնաժամի մասին, հավելել էր, որ լիրայի ընթացիկ տատանումները ոչ մի տնտեսական հիմք չունեն, այլև արտացոլում են «Թրամփի ղեկավարած վարչակազմի գլոբալ արշավը»[6]:  Մյուս կողմից նա նախազգուշացնում էր ԱՄՆ-ին, որ Թուրքիան կփնտրի նոր ընկերներ և դաշնակիցներ, եթե Վաշինգտոնը չհրաժարվի Թուրքիայի հանդեպ միակողմանի քաղաքական կուրսից[7]։


Քահանա Բրանսոնի հանդիպումը Դ. Թրամփի հետ Սպիտակ տանը՝ ազատ արձակվելուց հետո, աղբյուր

Ի վերջո Բրանսոնի ձերբակալությամբ պայմանավորված դիվանագիտական ճգնաժամը հանգուցալուծվեց 2018թ. հոկտեմբերին։ Թուրքական դատարանը նրան դատապարտեց երեք տարվա ազատազրկման, բայց, հաշվի առնելով, որ երեք տարի գտնվել էր տնային կալանքում, ազատ արձակեց։ Այնուհետ Թուրքիան ու ԱՄՆ-ն միակողմանիորեն չեղարկեցին նախարարներին առնչվող պատժամիջոցները[8]։ Թեև Բրանսոնի գործը փակվեց, սակայն, ամերիկացի մասնագետների կարծիքով ընդհանուր լարվածությունը չթուլացավ[9][10]։

Ռեզա Սարրաֆի ձերբակալությունը. իրանական հետքը

Ճ գնաժամային այս շրջանում Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա ազդեց մեկ այլ դեպք։ 2017թ. Նյու Յորքում ՀԴԲ գործակալների կողմից ձերբակալվեց «Halkbank»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մեհմեթ Հաքան Աթիլլան՝ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները խախտելու համար: Այս քրեական գործը կապված էր 2016թ. ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի գործարար Ռեզա Սարրաֆի[11] հետ, որը մեղադրվում էր ֆինանսական մեքենայությունների մեջ։

ԱՄՆ-ի դատախազների պնդմամբ՝ մեղադրյալները ստեղծել էին փողերի լվացման միջազգային խոշոր համակարգ, որն իրականացվում էր Թուրքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված կեղծ ընկերությունների միջոցով։ Մասնավորապես, մեղադրյալները ամերիկյան ֆինանսական հաստատություններից կարողացել էին թաքցնել այն փաստը, որ միջազգային դրամական փոխանցումների հետևում, որոնք առաջին հայացքից կատարում էին թուրքական կամ էմիրական ընկերությունները, իրականում կանգնած են եղել Իրանի իշխանությունները և պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունները[12]։ Բացի այդ, մեղադրյալների թվում էին «Halkbank»-ի նախկին նախագահ Սուլեյման Ասլանն ու Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանը և մի շարք այլ անձինք, որոնք ներգրավված էին ֆինանսական խարդախությունների մեջ[13]։

Չանդրադառնալով այս գործի մանրամասներին՝ նշենք, որ Աթիլլան ԱՄՆ-ում դատապարտվեց 32 ամիս ազատազրկման։ Էրդողանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ երկկողմանի իրավական համաձայնագրերը կորցնում են իրենց ուժը։  Միաժամանակ, այս դատական գործընթացը Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչների կողմից դիտարկվեց, որպես հեղաշրջման նոր փորձ և Թուրքիայի դեմ իրագործովող «դավադրություն», կապելով այն ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի ու նրա կողմնակիցների հետ, որոնք, իբրև թե, տարբեր մեխանիզմներով աջակցել են ամերիկյան իշխանություններին[14]։


ԱՄՆ-ը բանտից ազատ արձակվելուց հետո Մեհմեթ Հաքան Աթիլլային Ստամբուլի օդանավակայանում դիմավորում է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, աղբյուր

Այս միջադեպը ևս բացասաբար ազդեց թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, և անգամ Աթիլլայի ազատ արձակելուց հետո (2019թ.), որն ի դեպ հետագայում ընտրվեց Ստամբուլի բիրժայի գլխավոր տնօրեն, էականորեն չթուլացրեց փոխադարձ լարվածությունը։ 

Ռազմաքաղաքական հարցեր

Ա ՄՆ-ի ամենամեծ մտահոգությունը ռազմաքաղաքական հարցերն էին. Թուրքիայի կողմից ռուսաստանյան Ս-400  («Տրիումֆ»)  ԶՀՀ-ի գնումը, Սիրիայի հետ կապված հարցերը («Խաղաղության ակունք» գործողություն) պահպանեցին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության բարձր մակարդակը։ Այս երկու իրադարձությունների հետնապատկերում Թրամփի վարչակազմը կրկին խոսեց պատժամիջոցների մասին։ Նկատենք, որ պատժամիջոցները Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առավել գերադասելի գործիքներից են: Այսօր շատ երկրներ, ինչպիսք են Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան գտնվում եմ ամերիկյան պատժամիջոցների տակ։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Ս-400 ԶՀՀ-ի (Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար) վաճառքի շուրջ Թուրքիան սկսեց բանակցել դեռևս 2016 թ.-ին։ ԱՄՆ հայտարարեց, որ Անկարայի կողմից Ռուսաստանի Ս-400 ԶՀՀ-ի նախատեսված գնումները լուրջ հետևանքներ կունենան՝ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների մասով: ԱՄՆ-ն ազդակներ էր ուղարկում Թուրքիային, որպեսզի նա հրաժարվի այդ համակարգերի ձեռքբերումից՝ խոստանալով նվազագույնի հասցնել դրանից բխող հետևանքները, եթե պատրաստակամ կլինեն սկսել բովանդակալից երկխոսության ԱՄՆ-ի հետ[15]։

Մյուս կողմից՝ ԱՄՆ նախազգուշացրեց, որ «CAATSA» (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) օրենքի շրջանակներում կկիրառի պատժամիջոցներ ՌԴ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցող մի շարք թուրքական ընկերություններ նկատմամբ[16]։

2019թ. հուլիսի 12-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան ՌԴ-ից ստացել է Ս-400-ների առաջին խմբաքանակը։ Այս առիթով դեմոկրատ սենատոր Քրիս Վանը Հոլլենը Twitter-ի իր էջում նշեց, որ Թուրքիան շատ անհաջող ընտրություն կատարեց, որը դաշնակցին հարիր քայլ չէր։ Եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը, նա չի ստանա F-35 ինքնաթիռներ և կենթարկվի համապատասխան պատժամիջոցների ԱՄՆ-ի կողմից ։

Ի պատասխան Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման՝ ամերիկացիները կասեցրին թուրք գործընկերների մասնակցությունը F-35 հինգերորդ սերնդի կործանիչների միջազգային արտադրության ծրագրին, որին Թուրքիան մասնակցում էր 2002թ.-ից: Չնայած դրան, 2020թ. մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թուրքիան դեռևս մատակարարում է F-35 որոշ մասեր[17]։ Հավելենք, որ Թուրքիայում արտադրվում է F-35-ի մոտ 1000 մաս, և ըստ վերջերս հրապարակված զեկույցի («F-35 JOINT STRIKE FIGHTER», Report to Congressional Committees, May 2020)՝ 2019թ. հուլիսին Թուրքիային F-35 ծրագրից հանելը, Ռուսաստանի ռազմական տեխնիկայի ձեռքբերումից հետո, կարող է հանգեցնել արտադրության ռիսկերի մեծացման:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա ազդող առանցքային գործոններից մեկն էլ Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունն է: Երկու երկրների միջեւ եղած  հակասություններն ավելի վառ արտահայտվեցին սիրիական հակամարտության ընթացքում, ինչն ակնհայտ դրսևորվեց 2019թ. հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժի՝ Ազատ սիրիական բանակի հետ միասին Սիրիայի հյուսիսում սկսված «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ։ Ռազմական այս գործողություններն ուղղված էին Անկարայի կողմից «ահաբեկչական» համարվող «Քրդական ինքնապաշտպանական ազգային ջոկատների» (YPG), ինչպես նաև գլխավորապես քրդերից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորման (SDS) դեմ, որին աջակցում էր ԱՄՆ-ն՝ ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում[18]։

Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարեց, որ չի խոչընդոտելու Թուրքիային, սակայն չի էլ նախատեսում մասնակցել այդ գործողություններին և պատրաստվում է դուրս բերել ռազմական գոտում տեղակայված իր զինված ուժերը[19]։ 2019թ. հոկտեմբերի 7-ին նախագահ Թրամփը նախազգուշացրեց, որ, եթե. «Թուրքիան ինչ-որ բան անի, որ ես, իմ հզոր ու անմրցելի իմաստությամբ, համարեմ սահմաններից դուրս՝ ամբողջովին կկործանեմ և կվերացնեմ Թուրքիայի տնտեսությունը, ինչպես նախկինում եմ արել»։ 

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն հայտարարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին՝ Սիրիայում սկսված գործողությունների համար։ Պատժամիջոցների թիրախում հայտնվեցին ինչպես պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները, այնպես էլ՝ Թուրքիայի պաշտպանության (Հուլուսի Աքար), ներքին գործերի (Ֆաթիհ Դյոնմեզի) և էներգետիկայի նախարարները (Սուլեյման Սոյլու)։ Թրամփը չբացառեց նաև տնտեսական պատժամիջոցների կիրառումը, որոնք վերաբերում էին ձեռք բերված երկկողմ առևտրային պայմանավորվածություններին և որոշ ապարանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմանը։


Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան բանակցությունները Անկարայում, 2019թ., աղբյուր

2019թ հոկտեմբերի 17-ին Անկարայում տեղի ունեցած թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում որոշվեց հինգ օրով դադարեցնել «Խաղաղության ակունք» գործողությունը։ Ընդ որում կողմերը պայմանավորվեցին, որ այդ ժամանակահատվածում քրդական խմբավորումները ամերիկացիների օգնությամբ դուրս կբերվեն սահմանամերձ շրջաններից, որոնք Թուրքիան սահմանել է որպես «անվտանգության գոտի»[20]։ Հոկտեմբերի 23-ին, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան կանգնեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, ԱՄՆ-ը չեղարկեց թուրք երեք նախարարների և երկու նախարարությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Ի նչպես տեսնում ենք տարածաշրջանային և այլ բնույթի հիմնախնդիրները երկու երկրների հարաբերություններում տարաձայնությունների և հակասությունների պատճառ են դարձել։ Չնայած երկու երկրների քաղաքականության ծիրում գտնվող որոշ հարցեր լուծվեցին, այդուհանդերձ կարելի է ասել, որ ներկա պահին թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններն անցնում են լուրջ փորձությունների միջով և չի բացառվում, որ անվստահության մթնոլորտը դեռ կպահպանվի։ Իսկ դրա համար կան որոշակի նախադրյալներ։ Մասնավորապես, թուրք-ամերիկյան հակասությունները կարող են արտահայտվել (որոշ հակասություններ այսօր էլ առկա են) սիրիական հակամարտության (ներառյալ քրդերի խնդիրը), թուրք-իրանական ու թուրք-իսրայելական հարաբերությունների, Ռուսաստանի հետ ռազմական և էներգետիկ-տնտեսական մերձեցման համատեքստում, ինչպես նաև՝ Թուրքիայում տիրող մարդու իրավունքների, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում գազի որոնումների ու հորատման հետ կապված։ Չի բացառվում, որ կլինեն տարաձայնություններ ռազմական-անվտանգային այնպիսի հարցերի շուրջ, որոնք կարող են ծագել Անկարա-Վաշինգտոն երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, այդ թվում ՆԱՏՕ-հետ գործընկերության շրջանակներում։


[1] U.S. Pastor Goes On Trial In Turkey, Further Straining Relations

[2] Treasury Sanctions Turkish Officials with Leading Roles in Unjust Detention of U.S. Pastor Andrew Brunson

[3] Эрдоган стал главной угрозой для экономики Турции

[4] Erdoğan: Ekonomik kuşatma altındayız

[5] Турция повысила ввозные пошлины на ряд американских товаров

[6] Turkish President Erdoğan vows to boycott US electronic goods, including iPhone

[7] Erdogan: How Turkey Sees the Crisis With the U.S.

[8] США и Турция взаимно отменили санкции против министров

[9] Turkey frees US pastor, but bumps in relationship remain

[10] Rahip Brunson sonrası Türk-Amerikan ilişkileri masaya yatırıldı

[11]Հիշեցնենք, որ վերջինս 2013 թ. թուրքական դատարանի կողմից մեղադրվել էր Թուրքիայի նախարարների խորհրդի մակարդակով պաշտոնատար անձանց կաշառելու մեջ՝ Իրանի օգտին գործողությունների իրականացնելու համար։ Սակայն, Էրդողանի միջամտությունից հետո այս գործը դադարեցվել էր, США обвинили бывшего турецкого министра в сговоре с целью уклонения от санкций в отношении Ирана

[12] Ландроматы как ключевое оружие в иранском «экономическом джихаде» против санкций

[13] S-400'ler, Sarraf ve Çağlayan

[14] Hakan Atilla'nın ABD'de yargılandığı davada neler yaşandı? , 

Спецслужбы США пытаются оказать давление на Турцию

[15] США готовы обсуждать компенсацию последствий отказа Турции от С-400

[16] Trump Weighs New Sanctions on Turkey Over Russian Missiles

[17] Trump'tan Türkiye'de üretilen F-35 parçalarına ilişkin açıklama: Vermiyoruz derlerse ne yaparız?

[18] Командующий войсками США на Ближнем Востоке тайно посетил Сирию

[19] США дали зеленый свет операции Турции против сирийских курдов

[20] СМИ: курды согласились на объявленное США и Турцией прекращение огня