Հանրաքվե 2020. «ոչ»-ի՞, թե՞ բոյկոտի ճամբար

5 ր.   |  2020-02-28

Ս ահմանադրական դատարանի իրավաքաղաքական լեգիտիմության հարցի լուծումը ակնկալվում է ստանալ ապրիլի 5-ի քվեարկությամբ։ Մինչ այդ, սակայն, քաղաքական ուժերն ու հանրային դերակատարները հնարավորություն ունեն իրենց տեսակետը հասցնել հանրությանը՝ փորձելով վերջինիս հակել «այո»-ի կամ «ոչ»-ի գաղափարին։ Իրավիճակի պարադոքսը, սակայն, այն է, որ երկու դեպքում էլ ընտրողին սպասվում է միաժամանակ և՛ պարզ, և՛ բարդ ընտրություն։ Պարզ՝ հաշվի առնելով հանրաքվեի դրվող հարցի առավելագույն կոնկրետությունը, բարդ՝ նկատի ունենալով վերջին երկամյա ներհայաստանյան զարգացումները։

Այս համատեքստում նախ ուշագրավ է «ոչ»-ի ճամբարի ընդգծված պասիվությունն ու «ոչ»-ի դրոշը բարձրացնելուց հրաժարվելու կուսակցությունների վարքագիծը։ Այն, որ մի շարք քաղաքական կազմակերպություններ հստակորեն դեմ են հանրաքվեի դրվող հոդվածի փոփոխությանը, հայտնի դարձավ խորհրդարանական քվեարկությամբ, ելույթներով և պաշտոնական հայտարարություններով։ Դրանով հանդերձ՝ «ոչ»-ի գաղափարակիրները ոչ միայն չշտապեցին օգտվել պաշտոնական քարոզչության ընձեռած հնարավորությամբ հանրային տրամադրությունների վրա ազդելու միջոցից, այլև ընդհանրապես հրաժարվեցին մասնակցությունից։ Դեմ լինելով և հանրությանը հորդորելով մերժել փոփոխությունը՝ նշյալ կազմակերպությունները, փաստորեն, հրաժարվում են բաց քաղաքական հրապարակում իրենց մոտեցումը պաշտպանելուց։

Վերջին միտքը հատկապես կարևորվում է, երբ խնդիրը դիտարկվում է հանրաքվեի՝ որպես ինստիտուտի տեսանկյունից։ Հանրաքվեն ուղիղ և պարզագույն ժողովրդավարության առաջնային գործիքն է, որին դիմելու քաջություն իշխանությունները սովորաբար դժվարությամբ են ունենում։ Օրինակների համար հեռուն գնալ պետք չէ. 1991թ. սկսած` Հայաստանում տեղի է ունեցել հինգ հանրաքվե (մեկ անգամ անկախության հարցով, չորս անգամ՝ Սահմանադրության): Հանրային-պետական կյանքում նշյալ հարցերի կարևորությունն իսկ հուշում է, որ նախորդ 30 տարիների ընթացքում իշխանությունն ուղիղ իրացնելու գործիքից հանրությունն օգտվել է բացառիկ դեպքերում։ Եվ բնական է, որ յուրաքանչյուր դեպքում «այո»-ի ու «ոչ»-ի համակիրները փորձել են հանրությանը համոզել իրենց ճշմարտացիության մեջ։ Միայն 2005թ. «ոչ»-ի կողմ, որպես այդպիսին,  չձևավորվեց, քանի որ ժամանակի ընդդիմությունը պաշտպանում էր ակտիվ բոյկոտի տարբերակը՝ քվեարկության արդյունքների կեղծմման հարցում կանխակալ վստահությամբ։

Մինչդեռ այսօր քաղաքական կազմակերպություններից թերևս ոչ մեկը «ոչ»-ի ճակատում իր բացակայությունը չի պատճառաբանում «ազատ, արդար և թափանցիկ» ընտրական գործընթացի հանդեպ կասկածամտությամբ։ Ուստի առնվազն տարօրինակ է, որ հանրությանը հաշվետու քաղաքական կազմակերպությունը, դեմ լինելով խնդրո առարկային, հրաժարվում է ստանձնել «ոչ»-ի դրոշակակրի պատասխանատվությունն այն պայմաններում, երբ հարցումն ուղղված է ընտրողին, որի քվեով որոշվում է այդ նույն ուժի կարգավիճակը։ Հանրաքվեն, բացի ժողովրդի իշխանության իրացման ուղիղ գործիք լինելուց, ինքնին քաղաքական համակարգի կարևորագույն ինստիտուտներից է։ Այն ձևավորում է «բացօթյա» քաղաքական հրապարակ, որտեղ տեղի է ունենում քաղաքական «դատավարություն»։ «Այո»-ի ու «ոչ»-ի կողմերը դրա դերակատարներն են, որոնք իրենց հմտությամբ, գիտելիքով ու փաստարկներով խնդիր ունեն համոզելու ատենակալներին, տվյալ դեպքում՝ հանրությանը՝ իրենց օգտին որոշում կայացնելու։ Հանրաքվեն, հետևաբար, հանրույթի, նրա կարծիքի և կամքի մասին է, իսկ քաղաքական կազմակերպությունների համար չի կարող ավելի կարևոր հարց լինել, քան հանրության կամքն է, դրա արտահայտումը հավուր պատշաճի և այդ կարծիքի հետ հաշվի նստելը։ Ուստի, երբ քաղաքական կազմակերպությունը հրաժարվում է մասնակցել հանրության կամքի արտահայտման միջոցառմանը, դրա համար պետք է ունենա շատ կոնկրետ և հիմնավոր փաստարկ։

«Ոչ»-ի կրող, սակայն, դրոշակակրի կարգավիճակը զիջած քաղաքական ուժերը, փաստացիորեն, հանդես են գալիս բոյկոտի կոչով։ Վերջինս, որպես գործիք, առկա իրավիճակում թերևս ամենահեշտ ճանապարհն է քաղաքական մարտից խուսանավելու համար։ Այսօր, երբ առնվազն իշխանության թելադրած քաղաքական օրակարգով Սահմանադրական դատարանը հանրայնորեն դիտվում է իբրև հեղափոխությամբ մերժված նախկին իշխանությունների վերջին «բաստիոն», վերջինիս պահպանման համար «ոչ»-ի դրոշը բարձրացնելը բավականին ռիսկային կարող է թվալ։ Խորհրդարանական երկու ուժերը, ըստ էության, գրեթե միշտ խուսափել են բաց դաշտում (հստակ երկընտրանքի պայմաններում) քաղաքական մարտ տալուց և այս անգամը թերևս բացառություն չէ՝ առավել ևս, որ դա կարող է ավարտվել քաղաքական անվերականգնելի նոկաուտով։ Այսուամենայնիվ, կողմեր չընտրելու, հովանոցի տակ պատսպարվելու, միշտ մեջտեղում լինելու պրակտիկան առնվազն 2018 թվականից սպառված է թվում։ Այլ կերպ ասած՝ հայտնի երրորդ ճանապարհն ամեն ինչ է, բացի քաղաքականից, որից Հայաստանի քաղաքական ինքնահորջորջվող ուժերն ավելի քան երկու տասնամյակ հետևողականորեն փախչում են։

Այստեղից ծագում է նաև ՍԴ իրավաքաղաքական լեգիտիմության հարցի լուծման ընկալումը։ «Ոչ-ձեռնպահ» հանդես եկող ուժերի բառաֆոնդում հանրաքվեի դրվող հարցը ներկայացվում է բացառապես իբրև իրավական խնդիր՝ համեմված իրավական հիմնավորումներով։ Մինչդեռ հարցը նախ և առաջ քաղաքական է՝ պայմանավորված ՍԴ-ի՝ իշխանության երրորդ ճյուղի բարձրագույն ատյանը լինելու, ապա և՝ 1996թ. սկսած անխտիր բոլոր քաղաքական պրոցեսներում ունեցած անառարկելի ու վճռորոշ դերակատարությամբ։ Հարցի ապաքաղաքականացումը, որ կատարվում է խնդիրը իրավական կառուցակարգերի մեջ «թաղելու», ընթացակարգային ու մասնագիտական դետալիզացիայի ենթարկելու և ամենակարևորը՝ հանրային քննարկումներից հեռացնելու միջոցով, տեղավորվում է նախկին շրջափուլի տրամաբանության մեջ՝ քաղաքականության ապաքաղաքականացման և քաղաքական դաշտի ամայացման հստակ միտումով։ Ի դեպ, բացառապես իրավական տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում անհնար էր կյանքի կոչել նաև 2018թ. ֆենոմենը, հնարավոր չէր ԱԺ-ում, ի հեճուկս իրավական և սահմանադրական նորմերի, խորհրդարանական մեծամասնությունը չներկայացնող վարչապետ ընտրել, ցրել խորհրդարանը և այլն։ Թերևս հենց այդ` կողմ չընտրելու պատճառով էլ այնպես ստացվեց, որ նշված քաղաքական կազմակերպություններից այդժամ ոչինչ կախված չէր, և երկիրը կառավարվում էր հրապարակից։ Դժբախտաբար, Հայաստանում քաղաքական կազմակերպությունները հրաժարվում են գիտակցել, որ իրենց գործունեության ասպարեզը քաղաքական է և այն պահից, երբ այդ ուժերը խույս են տալիս քաղաքականից, ի վերջո, դառնում են լուսանցքային։ Որովհետև, կրկին ու կրկին՝ իրենց սնուցողը քաղաքացին է՝ արիստոտելյան «քաղաքական կենդանին», որի քվեով, այլ ոչ թե կուլիսային ինչ-որ պայմանավորվածություններով է որոշվում քաղաքական կազմակերպության դիրքը, կարգավիճակն ու ազդեցությունը։

Առավել ազնիվ են թվում հանրաքվեն բոյկոտելու բացեիբաց կոչերը, որոնք գերազանցապես գալիս են նախկին իշխանություններից։ Վերջինները պատմությունից կարծես դաս են քաղել՝ հրաժարվելով «սևի» և «մտահոգի» դերն այս անգամ էլ ստանձնելուց, ինչը նրանք կամովին վերցրել էին 2018թ. դեկտեմբերյան ընտրություններում։ Հասկանալով հանրային տրամադրությունները, ինչպես նաև թվաբանական հաշվարկներ կատարելով՝ բացեիբաց բոյկոտի կողմնակիցները չեն էլ թաքցնում, որ այդ կերպ հնարավորություն կա տապալելու ՍԴ-ի իրավաքաղաքական ճգնաժամի լուծումը։ Հաշվի առնելով հանրաքվեների ինստիտուտի անծանոթությունը հանրությանը, քվեարկությանը մասնակցելու մարդկանց նեղ-անձնական մոտիվացիայի բացակայությունը և մի շարք այլ հանգամանքներ՝ անթաքույց բոյկոտի կողմնակիցներն ակնհայտորեն ակնկալում են վերջնարդյունքում «ոչ» ստանալ։ Հարկավ, սա քաղաքական հաշվարկ է, իր տեսակով անհամեմատ նախընտրելի, հետևաբար՝ ավելի արժեքավոր առնվազն քաղաքական կողմնորոշում որդեգրելու տեսանկյունից։

Այսպիսով, ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի «ոչ»-ի ճամբարը կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի, որոնցից առաջինը, չցանկանալով լուծել ՍԴ-ի իրավաքաղաքական ճգնաժամը, միաժամանակ չի համարձակվում ստանձնել «ոչ»-ի դրոշակակրի դերը, մյուսը՝ հրաժարվում է «սևերով» խաղալու նախկին փորձից և կոնկրետ հաշվարկով «բոյկոտ» քարոզում՝ այդ միջոցով տեսնելով «ոչ» տարբերակի հաղթանակը։ Եթե առաջինը գործնականում հրաժարվում է քաղաքական պատասխանատվությունից, ապա երկրորդը, փոխելով նախորդ ընտրություններում փորձված խաղի կանոնները, սկզբունքայնության հատկանիշ է դրսևորում՝ ակնհայտորեն շահագրգռված ՍԴ-ի ներկայիս ստատուս-քվոյով։ Երկու դեպքում էլ, սակայն, քաղաքական կազմակերպությունները չեն հանդգնում բաց դաշտում ճակատամարտ տալ «այո»-ի ճամբարի հետ։ Եվ այս համատեքստում ծագում է իշխանության խնդիրը՝ ինչպիսի՞ պաշարով և հիմքով է իշխանությունը հայցելու հանրության «այո»-ն, ինչն էլ ուղղակիորեն կապված է վերևում նշված բարդ ընտրության հետ: