Չվերահսկվող հրադադար

20 ր.   |  2019-10-31

Ո՞ւմ է ձեռնտու

Հ րադադարի հետաքննության օբյեկտիվ մեխանիզմների ներդրումը 1994թ. մայիսի հրադադարի համաձայնագրից հետո մշտապես եղել է Արցախյան հիմնախնդրի բանակցությունների օրակարգի առաջնահերթ խնդիրներից մեկը: Ինչպես արդեն նշել էինք նախորդ հոդվածում (orbeli.am), 1994 և 1995թթ. նման մեխանիզմներ սահմանելու մի քանի փորձ արվել է: Ամենահաջողվածը 1995թ. փետրվարի 6-ի եռակողմ համաձայնագիրն էր Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև, որով սահմանվում էր ուղիղ կապի և կողմերի դիմումի հիման վրա միջադեպերի անկախ հետաքննության մեխանիզմ: Օբյեկտիվ դիտարկման և քննության մեխանիզմների բացակայության պատճառով այս համաձայնությունները ցածր արդյունավետություն ունեին շփման գծում:

Հրադադարի քննության մեխանիզմների հարցն ավելի հրատապ դարձավ 2016թ. ապրիլի մարտական գործողություններից հետո: Մայիսի 16-ին ԵԱՀԿ համանախագահ երեք երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարության հիման վրա մեխանիզմների ներդրման շուրջ համաձայնության էին հասել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Համաձայնություն էր ձեռք բերվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (Անջեյ Կասպրշիկ) գրասենյակի աշխատակիցների (մշտադիտարկման խմբի) անդամների թիվն ավելացնելու շուրջ: Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունը միայն մասամբ է կատարվել՝ ավելացել է մշտադիտարկողների թիվը:

Հրադադարի հետաքննության օբյեկտիվ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունն ի ցույց է դրել նաև 2018թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում ձեռք բերած օպերատիվ կապի պայմանավորվածությունը: Մասնավորապես, 2019 թ. մարտից գրանցված հրադադարի խախտումները ցույց են տալիս, որ երկկողմ պայմանավորվածությունները կրում են ժամանակավոր բնույթ և չեն նախատեսում մեխանիզմներ, որոնք թույլ կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին արձանագրելու հրադադարի հնարավոր խախտման հանգամանքները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մամուլի առնվազն երեք հայտարարություններում (2014թ. մայիսի 20-ին, 2015թ. սեպտեմբերի 25-ին և 2015թ. սեպտեմբերի 26-ին) նշել են[1], որ միջադեպի ի հայտ գալու դեպքում փոխադարձ մեղադրանքների և օբյեկտիվ գնահատական տալու անհնարինությունը (ԵԱՀԿ հրադադարի խախտումների քննության մեխանիզմի բացակայություն) հնարավորություն են ստեղծում, որ նման միջադեպերը շարունակվեն: Մեխանիզմների ներդրմանը կողմ են արտահայտվել նաև Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը: Միայն Ադրբեջանն է դեմ:

Հրադադարի խախտումների քննության մեխանիզմ

Հ րադադարի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին առաջին հրապարակային հայտարարությունն արվել է 2011թ. մարտի 5-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած եռակողմ հայտարարությունում[2], որտեղ ասվում է. «2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառության հարցերը դիտարկելով, նախագահները, ի հավելումն արծարծված միջոցների, պայմանավորվել են վստահության հետագա ամրապնդմանն ուղղված հետևյալ քայլերի շուրջ.

  1. Ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ռազմագերիների փոխանակումը:
  2. Ձգտել լուծել բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ միջոցներով, և կողմերի մասնակցությամբ իրականացնել հնարավոր միջադեպերի քննություն շփման գծի երկայնքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աջակցությամբ»:


ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Ս. Սարգսյանը, Դ. Մեդվեդևը և Ի. Ալիևը՝ 2011թ. Մարտի 5-ի Սոչիի հանդիպման ժամանակ. Աղբյուրը՝ ՌԴ նախագահի կայք

2011թ. մարտի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձել են նշված պայմանավորվածությանը[3]. «Համանախագահները խնդրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին բոլոր կողմերի մասնակցությամբ անհապաղ քննություն անցկացնել, ինչի շուրջ կայացած պայմանավորվածության մասին նշված է Սոչիում Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի մարտի 5-ի համատեղ հայտարարությունում: Համանախագահները հաջորդ շաբաթ այցելելու են տարածաշրջան, որտեղ կոչ են անելու կողմերին ամբողջությամբ աջակցել քննությանը: Համանախագահները խստորեն դատապարտում են կյանքի ցանկացած կորուստ և բոլոր կողմերին հորդորում են զսպվածություն ցուցաբերել, հարգել 1994թ. հրադադարը, կատարել 2010թ. հոկտեմբերին Աստրախանում և այս ամիս Սոչիում ստանձնած պարտավորությունները»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հետագա տարբեր հայտարարություններում որպես վերոնշյալ մեխանիզմի ներդրման անհրաժեշտություն նշել են մարդկային կյանքեր փրկելու, փոխվստահությունը մեծացնելու, սխալ հաշվարկների ռիսկերը նվազեցնելու և օբյեկտիվ գնահատականներ տալու կարևորությունը:

2011թ. մարտի 17-ի համանախագահների հայտարարությունում[4] նշվել է. «Նրանք [համանախագահները] նաև կողմերի հետ քննարկել են հստակ միջոցներ՝ իրականացնելու 1994թ. հրադադարի խախտումների քննության վերաբերյալ Սոչիում համատեղ հայտարարությունում ստանձնած հանձնառությունները: Նրանք շեշտել են, որ շփման գծում վերջին իրադարձությունները, Սոչիի գագաթնաժողովից առաջ և հետո, ցույց էին տվել նման մեխանիզմի խիստ անհրաժեշտությունը, և կոչ են արել բոլոր կողմերին հարգել հրադադարը: Նրանք հղում են արել իրենց կողմից երկար ժամանակ առաջարկված դիպուկահարներին հետ քաշելու հարցին, և ափսոսում են, որ այն չի իրականացվել, և նորից հորդորել են այն ընդունել, ինչը կօգներ փրկել անմեղ կյանքեր»:

Նույնատիպ հայտարարություններ Մինսկի խմբի համանախագահները տարածել են նաև 2011թ. ապրիլի 14-ին[5] և նոյեմբերի 30-ին[6]: Վերջին հայտարարությունում մասնավորապես նշվում էր. «… [համանախագահները] վերահաստատել են, որ այդպիսի միջադեպերը ցույց են տալիս առաջարկված քննության մեխանիզմը կիրառելու անհրաժեշտությունը, որի շուրջ նախագահները սկզբունքորեն համաձայնել են»:

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահները հրադադարի խախտումների քննության մեխանիզմ ներդնելու աշխատանքներին անդրադարձել են 2012թ. հունվարի 23-ին Սոչիում կայացած հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարությունում[7]. «2011թ. մարտի 5-ին Սոչիում արված համատեղ հայտարարության դրույթները զարգացնելով՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներն ի գիտություն են ընդունել շփման գծի երկայնքով քննություն իրականացնելու մեխանիզմի վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ համատեղ համանախագահների կողմից պատրաստված զեկույցը և հանձնարարել շարունակել այդ աշխատանքը»:

Համանախագահների 2012թ. մարտի 6-ի հայտարարությունում[8] նշվում է. «Համանախագահները կողմերի հետ նաև քննարկել են, թե ինչպես [կարելի է] իրականացնել առաջնագծում միջադեպերի քննության մեխանիզմ ներդնելու աշխատանքները շարունակելու մասին Սոչիի հայտարարությունում առկա հանձնառությունները: Համանախագահները հաղորդել են, որ իրենք ԵԱՀԿ գործող նախագահի միջոցով դիմել են, որ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խումբը լրացուցիչ զարգացնի մեխանիզմները՝ որպես կայունության աճին և վստահության զարգացմանը նպաստող կարևոր միջոցառում»:

2014թ. մայիսի 20-ի ԵԱՀԿ ՄԽ հաղորդագրությունում գրված է[9]. «Մայիսի 19-ին համանախագահները Թարթառի շրջակայքում հատել են շփման գիծը: Նրանք ափսոսանք են հայտնել հրադադարի շարունակվող խախտումների և դրա հետևանքով զոհերի համար: Հրադադարի խախտումների քննության մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը միմյանց վրա բարդել»:


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատում են շփման գիծը [ԼՂՀ-Ադրբեջան սահման]. 19.05.2014թ.: Աղբյուրը՝ ամերիկացի նախկին համանախագահ Ջ. Ուորլիք

Մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկներ Համանախագահները ներկայացրել են նաև 2015թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին[10],[11]: Սեպտեմբերի 25-ի հաղորդագրությունից. «Մենք ափսոսում ենք, որ այս միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների միջև համաձայնեցված հանդիպման նախօրեին: ...Քանի որ մենք չենք կարող վստահաբար որոշել, թե ինչպես է բռնությունն առաջացել, որովհետև յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ քննության մեխանիզմի ուղղությամբ, ինչպես քննարկել են նախագահները»:

2015թ. սեպտեմբերի 26-ի հաղորդագրությունը. «Համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել ԵԱՀԿ հրադադարի քննության մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի, կողմերը կշարունակեն մեղադրել միմյանց շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա մահվան ելքով հարձակումների համար: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները, և մենք հորդորել ենք Ադրբեջանին վարվել նույն կերպ»:

Հարկ է հիշեցնել, որ 2015թ. սեպտեմբերին Ադրբեջանի զինուժը հրետանային միջոցների կիրառմամբ խախտել էր հրադադարի ռեժիմը Արցախի և ՀՀ սահմանին: Ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում Տավուշում սպանվել էր 3 խաղաղ բնակիչ: Հրետակոծության արդյունքում նաև զոհվել էր Արցախի Պաշտպանության բանակի 4, վիրավորվել՝ 16 զինծառայող: Պատասխան գործողությունների արդյունքում կորուստներ էր ունեցել Ադրբեջանի զինուժը[12]:

Հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են նաև 2015թ. դեկտեմբերի 19-ի հայտարարությունում[13]:

Ռոյս-Էնգելի հրադադարի ամրապնդման միջոցառումների վերաբերյալ առաջարկները

2015թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի տարբեր կուսակցությունների 85 անդամ նամակ են հղել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Նամակում մասնավորապես կյանքեր փրկելու և պատերազմը կանխելու, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր քաղաքացիների համար համապարփակ խաղաղություն ապահովելու համար առաջարկվում են հետևյալ քայլերը.

  • «Բոլոր կողմերի համաձայնությունը շփման գծում դիպուկահարներ չտեղակայելու վերաբերյալ,
  • ԵԱՀԿ կողմից դիտարկվող կրակի տեղորոշման ժամանակակից համակարգերի և ձայնային տեղորոշման սարքավորումների տեղադրում՝ շփման գծի երկայնքով կրակի աղբյուրը որոշելու համար,
  • ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար»:

2015թ. նոյեմբերի 12-ին ԱՄՆ պետքարտուղարի օրենսդրական գործերով օգնական Ջուլիա Ֆրիֆիլդը պատասխան նամակ է ուղարկել Է. Ռոյսին, որտեղ, մասնավորապես, նշված է. «ԱՄՆ-ն աջակցում է դիպուկահարներին հետ քաշելու, ԵԱՀԿ քննության մեխանիզմների միջոցով ԵԱՀԿ-ի դերի ընդլայնման, շփման գծում և Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանին ընդունող-հաղորդող սարքերի (sensor) տեղադրման առաջարկներին: Մենք վճռականորեն սատարել ենք Մինսկի Խմբի գործընթացում այս վստահության ամրապնդման միջոցների [ներդրմանը], որոնք, մեր համոզմամբ, հակամարտության շրջանում կնվազեցնեն լարվածությունը: Առանց հրադադարի խախտումները հաստատող մեխանիզմի կամ ընդունող-հաղորդող սարքերի, որոնք ցույց կտան կրակի արձակման տեղը, համանախագահների համար դժվար է հստակ մեղադրանքներ հնչեցնել կողմերից մեկի հասցեին:  Քանի որ կողմերն այժմ օգտագործում են արկեր և այլ ծանր զինատեսակներ, որոնք քաղաքացիական անձանց մահվան պատճառ են դառնում, այս միջոցների կիրառումը հրատապ է ավելի, քան՝ երբեք: Այդ պատճառով է, որ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների հետ, ամենաբարձր մակարդակում կողմերի հետ քննարկում է այս առաջարկները»:

2016թ. մարտի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի անունից Կոնգրեսի 54 անդամ նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ նշվում է. «Հենց այս ոգուն համապատասխան է, որ մենք հորդորում ենք Ձեզ Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում աշխատել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնական մասնակիցների հետ՝ կիրառելու խաղաղությունը պահպանող հստակ, ողջամիտ միջոցներ, որոնք առաջարկել են Կոնգրեսի անդամները և աջակցություն են ստացել Ձեր վարչակարգի կողմից:

  • Շփման գծում դիպուկահարներ, այդ թվում ծանր տեխնիկա և նոր սարքավորումներ չտեղակայելու վերաբերյալ բոլոր կողմերի համաձայնությունը,
  • Շփման գծի երկայնքով ԵԱՀԿ կողմից դիտարկվող ժամանակակից կրակի տեղորոշման համակարգերի և ձայնային տեղորոշման սարքավորումների տեղադրում՝ կրակի աղբյուրը որոշելու համար,
  • ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար»:

Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 1-ին՝ մարտական գործողությունների սկսվելուց մեկ օր առաջ, ՀՀ և Ադրբեջանի նախագահները Միջուկային անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով Բ. Օբամայի հրավերով Վաշինգտոնում էին:

2016թ. ապրիլի մարտական գործողություններին հաջորդած գործընթացը. Վիենայի և Ս. Պետերբուրգի պայմանավորվածություններ

2 016թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո, չնայած Հայաստանի և Արցախի իշխանությունների հայտարարություններին, ինչպես նաև մարտական գործողությունների վերլուծությունների արդյունքում արձանագրված փաստերին՝ Ադրբեջանի իշխանությունները խուսափեցին ընդունել նախահարձակ լինելու հանգամանքը:  Միջազգային արձագանքի դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), Մինսկի խումբը, ՄԱԿ-ը և ԵԽԽՎ-ն չեզոք հայտարարություններ են արել մարտական գործողությունների ընթացքում և ավարտից հետո: Մասնավորապես, նշված բոլոր հայտարարություններում մտահոգություն են հայտնել հրադադարի խախտման կապակցությամբ, «կողմերին կոչ են արել» հարգել հրադադարի պահպանումը և այլն: Որևէ հասցեական հայտարարություն չի եղել, որը ցույց կտար, թե որ կողմն է պատասխանատվություն կրում հրադադարի խախտման և մարտական գործողությունների վերսկսման համար: 2016թ. ապրիլյան մարտական գործողությունները հիմնավորեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախկին մտահոգությունները, որ հետաքննության մեխանիզմների, խախտումն արձանագրող սարքերի բացակայության պատճառով կողմերը մեղադրում են միմյանց, և իրենք չունեն որևէ օբյեկտիվ մեխանիզմ՝ պարզելու, թե ով է առաջինը խախտում արել:

Հենց վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո կրկին բանակցային գործընթացի օրակարգ մտավ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը: Այս շրջանակներում հատկանշական են 2016թ. մայիսի 16-ի Վիեննայի և 2016թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները:

16.05.2016, Վիեննա, ՌԴ արտգործնախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղարի համատեղ հայտարարություն[14] 

«Նախագահները վերահաստատել են հավատարմությունը հրադադարի [պահպանմանը] և հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու նպատակով, նրանք համաձայնել են հնարավոր ամենակարճ ժամանակում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ քննության մեխանիզմի ներդրման հարցը [ավարտել մեխանիզմի ներդրումը]: Նախագահները նաև համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը»:


2016թ. մայիսի 16-ի Վիեննայի հանդիպումը: Աղբյուրը՝ ՀՀ նախագահի կայք

Վիեննայում Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացի վերականգնման մեկնարկը տրվեց: Նշված հայտարարությունը, որը կատարվել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների մակարդակով, փաստում էր, որ թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի նախագահները տվել էին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների տեղադրման հարցում: Ավելին՝ 2016թ. մայիսի 31-ին Ադրբեջանի արտգործնախարարի և հունիսի 2-ին ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հաղորդագրությունում նշվում էր, որ արտգործնախարարները վերահաստատել են Վիեննայի պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը։ Համանախագահները նախարարների քննությանն են հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ու ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ձևավորման վերաբերյալ նախնական փաստաթղթերը[15]:

Չնայած սրան, իր հետագա հայտարարություններում Ադրբեջանի նախագահը հերքել է նման պայմանավորվածության փաստը: Մասնավորապես, դիտարկենք Ի. Ալիևի՝ 2016թ. հունիսի 25-ի հայտարարությունը՝ բանակի սպայակազմի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է. «Մնաց թե կիրառվի հայերի կողմից իբրև պայման առաջ քաշված միջադեպերի հետաքննության մեխանիզմը. կարծում եմ, որ ներկայիս փուլում դրա անհրաժեշտությունը չկա»[16]: Ի. Ալիևը հղում է կատարում արդեն հունիսի 20-ի Ս. Պետերբուրգի հանդիպմանը՝ նշելով, թե, ըստ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության, «վերջին շրջանում շփման գծում իրավիճակը հանգիստ է, հրադադարը վերականգնվել է և դա դիտարկվում է որպես դրական իրավիճակ: Նման իրավիճակում որևէ միջադեպերի հետաքննության մեխանիզմի կարիք չի մնում»:

2016թ. հունիսի 20-ի վերոնշյալ համատեղ հայտարարությունում[17] նշվել է. «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահները հաստատել են ս.թ. [2016] մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացը խթանող մթնոլորտի ձևավորմանը: Այդ նպատակով նրանք մասնավորապես համաձայնել են հակամարտության գոտում մեծացնել միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն են հայտնել վերջին ժամանակներս շփման գծում պահպանվող հրադադարի ռեժիմի համար»:

Ի. Ալիևն իր ելույթում չի հիշատակել Ս. Պետերբուրգի համատեղ հայտարարությունում նշված այն կետը, որ կողմերը հաստատել են Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշված պայմանավորվածությունների թվում, հիշեցնենք, ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարության, նաև հետաքննության մեխանիզմների ներդրումն էր: Բացի այդ, հրադադարի ռեժիմի ժամանակավոր պահպանումն Ի. Ալիևը փորձել է ներկայացնել իբրև հետաքննության մեխանիզմների կիրառման այլընտրանք: Այս դեպքում, սակայն, ինչպես ցույց են տվել հետագա միջադեպերը, որևէ մեխանիզմով չամրապնդված հրադադարը մշտապես կարող է խախտվել: Այսինքն, նախորդ տարիների իրավիճակի համեմատությամբ որևէ փոփոխություն չի արվել և տրամաբանորեն մեխանիզմների ներդրման անհրաժեշտության հարցում ևս որևէ փոփոխություն չէր կարող լինել:

Որպես օրինակ կարող ենք նշել, որ Ադրբեջանի նախագահի նշված ելույթից հետո հրադադարի լուրջ խախտումներ են գրանցվել 2016թ. դեկտեմբերին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի շրջանում, 2017թ. փետրվարին, երբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարեց Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան և արևելյան ուղղություններում, 2017թ. հունիսին՝ կրկին Արցախի հատվածում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածություն է եղել 2018թ. մայիս ամսից սկսած՝ Նախիջևանի հատվածում, 2019թ. հունվարից սկսած՝ Տավուշի (Ադրբեջանի կողմից Ղազախի շրջան) մարզի հատվածում: Նախիջևանում ակտիվ ինժեներաամրաշինական աշխատանքները շարունակվել են մինչև 2018թ. նոյեմբեր, իսկ Տավուշի հյուսիս-արևելքում հիմնական աշխատանքներն իրականացվել են 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին, սակայն ընդհանուր աշխատանքները շարունակվում են առ այսօր, ինչը նոր լարվածության ռիսկեր է առաջացնում։

2017թ. փետրվարյան միջադեպերի ժամանակ, չնայած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները միջդիրքային տարածությունում էին՝ ՊԲ դիրքերի մոտ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե հարձակման անցել են «հայկական զորքերը», ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեխանիզմների բացակայությունը կողմերին թույլ է տալիս մարտական գործողությունների վերաբերյալ սեփական տեսակետը ներկայացնել:


Միջդիրքային գոտում մնացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները. 25.02.2017: Աղբյուրը՝ Razm.info

Հակամարտության կողմերի և միջնորդների դիրքորոշումը

ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշումը

Դիրքորոշում. ԵԱՀԿ հրադադարի խախտումների քննության մեխանիզմը պետք է ներդրվի: Շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս նշված մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը (տե՛ս՝ 17.03.2011թ.[18], 30.11.2011թ.[19] համանախագահների հայտարարություններում):

Հիմնավորում Ա. Նշված մեխանիզմի ներդրումը անհրաժեշտ է մարդկային կյանքեր փրկելու համար (տե՛ս՝ 14.04.2011թ.[20] համանախագահների հայտարարությունը):

Հիմնավորում Բ. Նշված մեխանիզմի ներդրումը կնպաստի կայունության աճին և վստահության զարգացմանը (տե՛ս՝ 06.03.2012թ.[21] համանախագահների հայտարարությունում):

Հիմնավորում Գ. Նշված մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը միմյանց վրա գցել (տե՛ս՝ 14.05.2012թ.[22], 25.09.2015թ.[23], 26.09.2015թ.[24] համանախագահների հայտարարություններում):

Հիմնավորում Դ. Հրադադարի պահպանումը նպաստում է բանակցային գործընթացին, իսկ նշված մեխանիզմի ներդրումը կնպաստի հրադադարի պահպանմանը (տե՛ս՝ 27.03.2017թ.[25] համանախագահների հայտարարությունում):

Ադրբեջանի դիրքորոշումը

Դիրքորոշում. ԵԱՀԿ հրադադարի խախտումների քննության մեխանիզմի ներդրման հարցը կարող է դիտարկվել միայն «ՀՀ զինված ուժերի՝ բռնազավթած տարածքներից դուրս բերելու դեպքում [նկատի ունի Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը Արցախի ողջ տարածքից]»:

Ա դրբեջանը, չնայած Սոչիի (05.03.2011թ., 23.01.2012թ.) և Վիեննայի (16.05.2016թ.) գագաթնաժողովներում արած հայտարարություններին և իր ստանձնած հանձնառություններին [Համաձայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունների], ըստ էության, հրաժարվել է ԵԱՀԿ հրադադարի խախտումների քննության մեխանիզմի ներդրումից: Ստորև ներկայացված են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցներում արտահայտված հիմնավորումներն իրենց դիրքորոշման վերաբերյալ:

2015թ. սեպտեմբերի 27-ին Է. Մամեդյարովը պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում[26] նշել է. «Միջադեպերի քննության մեխանիզմը միայն այն ժամանակ կարող է դիտարկվել, երբ ներկա ստատուս քվոն չի ծառայի (որը չեն ընդունում նաև համանախագահ երկրների նախագահները) պահպանելուն և բռնազավթումը արդարացնելուն...»:

2015թ. դեկտեմբերի 21-ին Է. Մամեդյարովը «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում[27] նույնպես հայտարարել է, որ մեխանիզմների ներդրման հարցը իրենք կքննարկեն միայն «ՀՀ զինված ուժերը դուրս բերելուց հետո»: Իր հայտարարությունում Ադրբեջանի արտգործնախարարը այս մեխանիզմի ներդրումը անվանել էր Հայաստանի կողմից «...նպատակաուղղված կերպով նպատակից շեղվելու համար» օրակարգ բերված հարց: Իբրև իր թեզի «հիմնավորում» Մամեդյարովը նշել է. «Առաջին հերթին սկսենք նրանից, թե ինչո՞ւ են տեղի ունենում միջադեպերը: Այն պատճառով, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքներում ապօրինի առկա են Հայաստանի զինված ուժերը: Հայաստանի զինված ուժերը բռնազավթված Ադրբեջանի տարածքներից դուրս բերելուց հետո միջադեպեր այլևս տեղի չեն ունենա, և քննության անհրաժեշտություն չի մնա»:

Նույն տեսակետները Է. Մամեդյարովը նաև հայտնել է 2016թ. մարտի 18-ին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում[28]: Ադրբեջանի արտգործնախարարը որևէ հստակ հիմնավորում չի ներկայացրել մեխանիզմի ներդրումից խուսափելու համար: Է. Մամեդյարովի հայտարարությունից բխում է, որ Ադրբեջանը չի համաձայնի մեխանիզմների ներդրմանը՝ քանի դեռ հարցը իրենց ցանկացած ճանապարհով չի լուծվել: Սակայն, ինչպես արդեն նշվել է, մեխանիզմների ներդրումը միջանկյալ քայլ պետք է լինի՝ ուղղված վստահության ամրապնդմանը և միջադեպերի օբյեկտիվ քննությանը: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի շահերից չի բխում հրադադարի պահպանումը, ինչը, ըստ ադրբեջանական կողմի հայտարարությունների, «նպաստում է ստատուս-քվոյի պահպանմանը»:

Հարկ է նշել, որ, ըստ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի[29], «Ադրբեջանը ...անգամ սպառնացել է ԵԱՀԿ 2012թ. ամբողջ բյուջեի վրա վետո դնել, եթե այս տեսակ քննության մեխանիզմի ստեղծման համար գումար հատկացվի»:

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը

Դիրքորոշում. ԵԱՀԿ հրադադարի քննության խախտումների մեխանիզմը պետք է ներդրվի:

Հիմնավորում Ա. Նշված մեխանիզմը հնարավորություն չի տա հրադադարի խախտումների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել:

Հ Հ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այս հարցի կապակցությամբ նշել է[30]. «...ինչ վերաբերում է միջավայրին, մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ 2019թ. մայիսի 31-ի մեկնաբանությունում[31] նշվել է. «Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին։ Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում՝ հետաքննող մեխանիզմ ստեղծելու 2016թ․ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը»:

Հիմնավորում Բ. Միջադեպերի առկայությունն ընդգծում է նշված մեխանիզմի ներդրման հրատապությունը:

ՀՀ ԱԳՆ-ի 2019թ. հունիսի 1-ի հայտարարությունում նշվել է. «Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների»:

Հիմնավորում Գ. Նշված մեխանիզմը հնարավորություն կընձեռի ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից:

ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան[32] 2017թ. հունվարի 10-ին նշել էր, որ «Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես, հետևողականորեն բարձրաձայնում ենք: Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները, հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել»:

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դիրքորոշումը

Դիրքորոշում. Հրադադարի հետաքննության մեխանիզմը պետք է ներդրվի

Հիմնավորում (ԼՂՀ ԱԳՆ խոսնակի՝ 21.12.2015 թ. հայտարարությունից).

  • Մեխանիզմների ներդնումը «թույլ կտա բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին»
  • «...դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար»:

Եզրակացություն

Ա յսպիսով, խնդրի դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ հրադադարի հետաքննության մեխանիզմների ներդրմանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը՝ պատճառաբանելով, թե այն «կնպաստի ստատուս-քվոյի պահպանմանը»: Ադրբեջանական կողմը որևէ այլ հիմնավորում չի ներկայացրել: Դրան զուգահեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարները 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում, բազմիցս հայտարարել են, որ մեխանիզմների ներդրումն անհրաժեշտ է մարդկային կյանքեր փրկելու, խախտումների իրական մեղավորին գտնելու համար: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեխանիզմն անվանել են կայունության աճին և վստահության զարգացմանը նպաստող կարևոր միջոցառում: Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, համաձայնել են մեխանիզմների ներդրմանը՝ նշելով խախտումների իրական մեղավորին պարզելու, բանակցությունների համար համապատասխան միջավայր ստեղծելու կարևորությունը:

Նշված ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանին ձեռնտու չէ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչը պետք է նպաստեր հրադադարի պահպանմանը, հետևաբար՝ Ադրբեջանին նաև ձեռնտու չէ հրադադարի պահպանումը:


[1] Press Release by the Co-Chairs of the OSCE Minsk Group

[2] Совместное заявление президентов Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации по нагорно-карабахскому урегулированию

[3] OSCE Minsk Group Co-Chairs issue statement

[4] OSCE Minsk Group Co-Chairs issue statement

[5] OSCE Minsk Group Co-Chairs issue statement

[6] OSCE Minsk Group Co-Chairs issue statement

[7] Совместное заявление Президентов Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации по нагорно-карабахскому урегулированию от 23 января 2012 года

[8] Statement of the OSCE Minsk Group Co-Chairs

[9] Press Release by the Co-Chairs of the OSCE Minsk Group

[10] Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group

[11] Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group

[12] Գ. Հարությունյան, ՊԲ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է ՊԲ դիրքերի վրա, հայկական կողմն ունի 4 զոհ, Razm.info, 25.09.2015 : Տես նաև՝ Հ. Մելիքսեթյան, Պաշտպանության բանակում երեկվա հրետակոծումից վիրավորվել է 16 զինծառայող, Razm.info, 26.09.2015:

[13] Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group

[14] Joint Statement of the Minister of Foreign Affairs of the Russian Federation, Secretary of State of the United States of America and State Secretary for Europe Affairs of France

[15] 03.06.2016, OSCE Minsk Group, Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group, Paris

[16] 25.06.2019, APA, Azərbaycan prezidenti Sankt Peterburq görüşünün detallarını açıqlayıb

[17] Совместное заявление президентов Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации по нагорнокарабахскому урегулированию

[18] OSCE Minsk Group Co-Chairs issue statement

[19] OSCE Minsk Group Co-Chairs issue statement

[20] OSCE Minsk Group Co-Chairs issue statement

[21] Statement of the OSCE Minsk Group Co-Chairs

[22] Statement of the OSCE Minsk Group Co-Chairs

[23] Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group

[24] Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group

[25] Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group

[26] Министр Эльмар Мамедъяров: Необходимо создать механизм и план вывода армянских вооруженных сил с оккупированных территорий Азербайджана

[27] Elmar Məmmədyarov: Ermənistan təxribat əməlləri ilə münaqişənin həllinə mane olur

[28] Глава МИД Азербайджана рассказал "Ъ" о закупках российских вооружений и перспективах транспортного коридора "Север—Юг"

[29] NAGORNO-KARABAKH: IS A SOLUTION VISIBLE?

[30] ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը լրագրողների հետ

[31] ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Ադրբեջանի ԱԳՆ՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ

[32] ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին, https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2017/01/10/min-mgcc-stat/6806