Ընդդիմությունը հաղթեց Ստամբուլում

9 ր.   |  2019-07-02

Հ ունիսի 23-ին Ստամբուլում անցկացվեցին քաղաքապետի նոր ընտրություններ, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ-CHP) և «Լավ» կուսակցության կազմած «Ազգ» քաղաքական դաշինքի ընդհանուր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Իմամօղլուն ստացել է ձայների 54.21%-ը (4.741.870 ձայն): Արդարություն և զարգացում (ԱԶԿ-AKP) և նրա դաշնակից Ազգայնական շարժում կուսակցությունների թեկնածու Բինալի Յըլդըրըմը ստացել է ձայների 44.99 %-ը (3.935.444 ձայն): 

Հունիսի 27-ին Իմամօղլուն ստացավ քաղաքապետի մանդատը՝ պաշտոնապես ստանձնելով Թուրքիայի խոշորագույն և կարևորագույն քաղաքի ղեկավարման լիազորությունները: 


Ստամբուլի նոր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

Բինալի Յըլդըրըմն ընդունել է մրցակցի հաղթանակը

 «Հարգելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այս պահից սկսած՝ ժամը 19:15-ի դրությամբ, Բարձրագույն ընտրական խորհուրդը ընտրությունների արդյունքների վերաբերյալ արգելքը հանել է և հաղթում է իմ մրցակից Էքրեմ Իմամօղլուն: Շնորհավորում եմ նրան և հաջողություն մաղթում»,- հայտնել է նա:

Նախագահ Էրդողանը ևս շնորհավորել է Իմամօղլուին. «Ցանկանում եմ, որ ընտրության արդյունքները Ստամբուլին բարիք բերեն։ Այսօր մեկ անգամ ևս դրսևորվեց ազգային կամքը։ Շնորհավորում եմ նախնական տվյալներով հաղթած Էքրեմ Իմամօղլուին»,- նշվել է Էրդողանի թվիթերյան էջում։

Ընտրությունների ավարտից հետո Ստամբուլում ժողովուրդը տոնել է Իմամօղլուի հաղթանակը: Բեյլիքդյուզու թաղամասում կազմակերպված հանրահավաքին Իմամօղլուն դիմել է Ստամբուլի բնակչությանը՝ շեշտելով, որ Ստամբուլում չի լինելու «ազգային փոքրամասնություն» հասկացությունը:

«Ազգային փոքրամասնություն հասկացություն այս քաղաքում չկա։ Մենք գրկելու ենք բոլորին՝ հույնին, հային, ասորուն, հրեային։ Մենք այս քաղաքում ժողովրդավարություն ենք կառուցելու։ Մենք այս քաղաքում արդարություն ենք հիմնելու», - ասել է նա։

Հատկանշական է, որ նոր ընտրությունների արդյունքում Իմամօղլուին հաջողվել է մեծացնել իր և հակառակորդի միջև մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով առկա ձայների տարբերությունը։ Մարտի 31-ի ընտրությունների արդյունքում Իմամօղլուն ստացել էր ձայների 48.8%-ը (4.171.126 ձայն), իսկ Յըլդըրըմը՝ ձայների 48.55%-ը (4.149.667 ձայն)։ Ուշագրավ է, որ եթե մարտին Իմամօղլուի և Յըլդըրըմի ձայների տարբերությունը 13.729 էր, ապա նոր ընտրությունների արդյունքում տարբերությունը կազմել է 806.426 ձայն՝ ի օգուտ Էքրեմ Իմամօղլուի։ 



Ընդդիմադիր թեկնածուն առաջատար է եղել Ստամբուլի 39 շրջաններից 28-ում, իսկ իշխանության թեկնածուն՝ 11 շրջանում: 


Ընտրությունների արդյունքներն՝ ըստ Ստամբուլի շրջանների: Քարտեզը՝ թուրքական Haberler լրատվակայքի:  

Հատկանշական է, որ լայիցիզմի սկզբունքի ջատագով քեմալական կուսակցության թեկնածու Իմամօղլուն նոր ընտրություններում կարողացել է հաղթել Ստամբուլի պահպանողական, իսլամական այնպիսի թաղամասում, ինչպիսին է Ֆաթիհը, որն ավանդաբար համարվել է Ստամբուլում աջ կենտրոնամետ պահպանողական, իսլամիստական գաղափարներին հարող ԱԶԿ-ի «հենարանը»։ Վերջին տարիների թե՛ խոհրդարանական, թե՛ նախագահական, թե՛ ՏԻՄ ընտրություններում Ֆաթիհ թաղամասում առաջատարը եղել է ԱԶԿ-ն: 

BBC Türkçe-ի ռեպորտաժում Ֆաթիհ թաղամասի բնակիչները իշխանության պարտության երկու հիմնական պատճառ են նշել.

  • Սիրիայի փախստականները: Ֆաթիհի բնակիչները բողոքում են, ասելով, թե փախստականները զբաղեցնում են իրենց աշխատատեղերը: Բնակիչներից մեկն ասել է նույնիսկ, որ սիրիացիները թողնեն-գնան իրենց երկիրը: 
  • Էրդողանի փեսա, ներկայում գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:  Բնակիչները բողոքում են Ալբայրաքի դեմ տնտեսության վատ վիճակի համար: 

Ա ԶԿ-ի թեկնածուն հունիսի 23-ին պարտություն է կրել նաև մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում առաջատար դարձած  Ստամբուլի ընդհանուր առմամբ 12 շրջանում, այդ թվում նաև ԱԶԿ-ի «ամրոցներ» համարվող Ուսքյուդար, Բեյօղլու թաղամասերում։ 

Կարևոր է, որ Էքրեմ Իմամօղլուն վերջին 35 տարում տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի 8 ընտրություններում տոկոսային հարաբերակցությամբ ամենից շատ ձայներ հավաքած քաղաքապետն է. ստացել է 50 տոկոսից ավելի քվե: Հատկանշական է, որ նույնիսկ գործող նախագահ Էրդողանը, երբ 1994թ. «Բարօրություն» (Refah) կուսակցությունից ընտրվել է Ստամբուլի քաղաքապետ, ստացել է ընտրողների ձայների ընդամենը 25.19% տոկոսը: 

Ստամբուլում իշխանությունների պարտության մի քանի պատճառ կարելի է առանձնացնել՝ 

  • Քրդական գործոնը և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության աջակցությունը (ԺԴԿ-HDP) Իմամօղլուին

Ընտրություններում Իմամօղլուն կրկին հանդես եկավ որպես ՀԺԿ և «Լավ» կուսակցությունների կազմած «Ազգ» (Millet İttifakı) դաշինքի ընդհանուր թեկնածու: Չնայած քրդամետ ԺԴԿ-ն պաշտոնապես չէր մտնում այդ դաշինքի մեջ, սակայն հայտարարել էր, որ աջակցելու է Իմամօղլուին:  Ընտրություններից օրեր առաջ քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ, ներկայումս բանտարկված Սելահեթթին Դեմիրթաշը ևս կոչ էր արել կուսակցության կողմնակիցներին իրենց ձայնը տալ ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուին: 

Ընտրություններում ՀԺԿ-ի թեկնածուի հաղթանակը հնարավոր է դարձել քուրդ ընտրողների շնորհիվ հիմնավորվում է նաև ՀԺԿ փոխնախագահ Յըլդըրըմ Քայանի՝ Դեմիթաշին ուղղված հատուկ շնորհակալությամբ:

Իշխող ԱԶԿ-ն և մասնավորապես նախագահ Ռ.Թ. Էրդողանը, քաջ գիտակցելով, որ քուրդ ընտրողները որոշիչ դեր են ունենալու, որոշակի փոփոխություններ էին իրականացրել քարոզարշավում: Նախ՝ Էրդողանը դադարեց ամենուր բարձրաձայնել մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի «Գոյապայքարի խնդրի» (թուրք. Beka Sorunu) մասին հիմնական թեզը, համաձայն որի պետք էր պայքարել Թուրքիայի տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի պահպանման համար և պայքար մղել բոլոր նրանց դեմ, ովքեր ցանկանում են մասնատել Թուրքիան: Պարզ է, որ այս թեզը մի ծայրով ուղղված է Թուրքիայի քուրդ բնակչության դեմ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Թուրքիան մասնատողների առաջին շարքում Էրդողանը տեսնում է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցությանն» (PKK) և Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած կազմակերպությանը: 

Քուրդ ընտրազանգվածի ձայներն ստանալու համար Էրդողանը նաև դիմեց այլ հնարքների: Ընտրություններից օրեր առաջ՝ հունիսի 19-ին, նա հայտարարել էր, որ պատրաստ են ամեն ինչ անել 1980-90-ականների ամենահայտնի երգիչներից մեկի՝ քրդական ծագում ունեցող Ահմեթ Քայայի աճյունը Թուրքիա տեղափոխելու համար: Քայան Փարիզում վտարանդիության մեջ մահացել է 2000թ.:

Քայան մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայում ինչպես քրդերի, այնպես էլ մյուս ժողովուրդների շրջանում: 1990-ականներին նա հանդգնել էր հայտարարել, որ կիսով չափ քուրդ է և ուզում է, որ բոլորը հավասար լինեն ու իրենց լեզվով խոսելու, երգելու իրավունք ունենան: Այս դեպքից հետո նրան սկսել էին սպառնալ ու հետապնդել, ինչի հետևանքով էլ Քայան տեղափոխվել էր Փարիզ: 

Էրդողանի այս հայտարարությունը ևս մեկ փորձ էր Ստամբուլի քուրդ բնակչությանը համոզելու, որ ձայն տան ԱԶԿ-ին ու Բինալի Յըլդըրըմին: Սոցցանցերում նույնիսկ գրառումներ էին տարածվել, որ ընտրությունների շարունակման դեպքում Էրդողանը հնարավոր է PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին էլ արդարացնի:

Այս առումով նաև հատկանշական է, որ Իմրալը կղզում ցմահ ազատազրկված Ա.Օջալանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը կոչ է արել չեզոքություն պահպանել հունիսի 23-ի ընտրություններում։ Թուրքիայի փորձագիտական շրջանակներում և ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվում, որ Օջալանի կոչի հետևում իշխանություններն են կանգնած և, հավանաբար, Օջալանը գաղտնի գործարքի մեջ է մտել ԱԶԿ-ի հետ: Սա ևս ցույց է տալիս, որ ԱԶԿ-ն Ստամբուլում հաղթելու համար դիմել է հնարավոր բոլոր միջոցներին, սակայն ապարդյուն: 


Ընտրություններից առաջ Աբդուլլահ Օջալանի նամակը

Ընտրություններում քուրդ բնակչության ձայները ստանալու ևս մեկ հնարք էր Բինալի Յըլդըրըմի այցը քրդաբնակ Դիարբեքիր նահանգ: Հունիսի 9-ին Դիարբեքիրում Յըլդըրըմը նույնիսկ գործածել է «Քուրդիստան» բառը

. «Ազատագրական պայքարը սկսելիս, դեռևս պատերազմի ժամանակ Անկարայում Ազգային Մեծ ժողովը կազմավորող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հրավիրված տարբեր ազգերի ներկայացուցիչների շարքում էին նաև Քուրդիստանի և Լազիստանի ներայացուցիչները»։ Յըլդըրըմի հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ընդդիմադիր, հատկապես՝ ազգայնական ուժերի շրջանում։ 

Ընդդիմադիր, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության Դենիզլի նահանգի պատգամավոր Յասին Օզթյուրքը գրավոր հարցում էր ուղղել խորհրդարանի նախագահին, թե արդյո՞ք Յըլդըրըմը կպատժվի «Քուրդիստան» բառն օգտագործելու համար։ Օզթյուրքը հիշեցրել էր, որ նախկինում եղել են դեպքեր, երբ խորհրդարանում «Քուրդիստան» բառն արտաբերելու համար տարբեր գործիչներ են պատժվել։

  • Իշխող ԱԶԿ-ի պահանջով նոր ընտրությունների անցկացում և բնակչության վստահության կորուստն առ իշխանություններ

Մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո ԱԶԿ-ն հայտարարել էր, որ ընտրություններում խախտումներ են եղել, և պետք է վերաքվեարկություն անցկացնել: Իշխող կուսակցությունը դիմել էր Բարձրագույն ընտրական խորհրդին (ԲԸԽ), որն էլ, ի վերջո, բավարարել է պահանջը մայիսի 6-ին: ԱԶԿ-ն պարբերաբար հայտարարում էր, որ իրենց «ձայները գողացել են»: Սակայն ԱԶԿ-ի հայտարարությունները հակառակ ազդեցություն ունեցան, քանի որ Ստամբուլի բնակչությունը սկսեց ավելի քիչ վստահել իշխանություններին, իսկ նոր ընտրությունների անցկացման որոշման արդյունքում ԱԶԿ-ի որոշ կողմնակիցներ իրենց ձայնը տվեցին ընդդիմադիր թեկնածուին:

Հատկանշական է, որ նոր ընտրություններ անկացնելու մասին որոշումից հետո Թուրքիայի հասարակական կյանքում կրկին շրջանառվեց թուրքական քաղաքական մշակույթում տարածված «ընտրողը պետք է զոհի/տուժածի կողքին կանգնի» համոզմունքը:  ԲԸԽ-ի որոշումից հետո թուրքական հասարակությունը, մասնավորապես Ստամբուլի բնակչությունը, Իմամօղլուին սկսում են ընկալել որպես «զոհ/տուժած», ինչն էլ նպաստել է ընդդիմադիր գործչի հաղթանակին: 

Հարկ է շեշտել ևս մեկ կարևոր հանգամանք. ԱԶԿ-ն ձևավորվել է մի քանի անգամ փակված կուսակցությունների հիմքի վրա, և 2002թ. խորհրդարանական ընտրություններում հաղթանակն ու իշխանության գալը որոշակիորեն պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ հասարակության շրջանում ԱԶԿ-ն ընկալվել է որպես մշտապես ճնշումների ենթարկված, զոհի կարգավիճակ ունեցող քաղաքական ուժ: 

  • Իմամօղլուի խարիզմատիկ կերպարը

Ի մամօղլուն մինչև այժմ Ստամբուլում անցկացված անընդմեջ ընտրություններում երկու անգամ էլ հաղթանակ տարած միակ քաղաքական գործիչն է, ով կարճ ժամանակում կարողացավ ձևավորել խարիզմատիկ քաղաքական առաջնորդի կերպար: Նրա խոսքի, հռետորաբանության հիմնական առանձնահատոկություններից մեկն այն է, որ Թուրքիայում ապրող ոչ մի ազգի, քաղաքական կյանքում գործող ոչ մի ուժի չի օտարում երկրի հասարակական-քաղաքական կյանքից, չի օգտագործում հասարակությանը բևեռացնող կոչեր և արտահայտություններ, այլ քարոզարշավի ամբողջ ընթացքում փորձել էր ներկայանալ որպես Ստամբուլի բոլոր ազգերին, կրոններին և քաղաքական ուժերին հարգող քաղաքական գործիչ: 

Իմամօղլուի այս մարտավարությունը ևս որոշակի նմանություններ ունի իշխող ԱԶԿ-ի՝ 2000-ականների սկզբին որդեգրված մարտավարության հետ: ԱԶԿ-ն ևս նախկինում հանդես էր գալիս որպես Թուրքիայում ապրող բոլոր ազգերի, կրոնների ներկայացուցիչների պաշտպան:  

ԱԶԿ-ի պարտության պատճառներից կարելի է նշել Յըլդըրըմի թեկնածությունը: Չնայած բոլոր փորձերին՝ նրան չհաջողվեց «խարիզմատիկ» քաղաքական գործչի կերպար ստեղծել: 

  • Տնտեսական խնդիրներն ու լիրայի արժեզրկումը

Ստամբուլի ընտրություններում ընդդիմադիր ուժերի և Իմամօղլուի հաղթանակը որոշակիորեն պայմանավորված էր Թուրքիայի տնտեսական խնդիրներով և լիրայի արժեզրկումով: Ստամբուլը Թուրքիայի տնտեսական կարևորագույն քաղաքներից է և ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսը: Տնտեսական խնդիրների պատճառով Ստամբուլում ևս գրանցվել է գնաճի և գործազրկության աճ: Իշխանությունների ձեռնարկած միջոցներն անբավարար էին տնտեսական խնդիրները հաղթահարելու համար, ինչը մեծացրել էր ԱԶԿ-ի դեմ դժգոհությունը: 

* * *

Ստամբուլի ընտրությունները շատ կարևոր են Թուրքիայի ներքին քաղաքականության և քաղաքական մշակույթի տեսանկյունից: Վերջին 17 տարիների ընտրություններում ԱԶԿ-ն առաջին անգամ է այսպիսի խոշոր պարտություն կրել: Հարկ է շեշտել, որ բացի Ստամբուլից, մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Էրդողանի գլխավորած կուսակցությունը կորցրել է նաև մայրաքաղաք Անկարան, Իզմիրը և մի քանի այլ խոշոր քաղաքներ: 

Հունիսի 23-ի ընտրությունները ցույց են տալիս, որ ԱԶԿ-ում կադրային ճգնաժամ է հասունացել, որը չլուծելու դեպքում իշխանությունները կարող են առաջիկայում նոր խնդիրների բախվել: Բացի այդ, աստիճանաբար աճում է ընդդիմադիր ուժերի, հատկապես՝ քեմալական ՀԺԿ-ի ռեսուրսն ու հեղինակությունը, ինչը, բնականաբար, առաջիկա ընտրություններում խանգարելու է ԱԶԿ-ին: