Հայաստանի բանկային համակարգը

9 ր.   |  2019-06-20

Խնդիրներ և հնարավորություններ 

Թ եև Հայաստանի տնտեսության ամենաակտիվ ոլորտներից մեկը բանկային համակարգն է, սակայն առկա մի շարք խնդիրները թույլ չեն տալիս, որպեսզի ոլորտի ակտիվությունը ամբողջությամբ վերածվի տնտեսական աճի։ 20-րդ դարի սկզբից որոշ տնտեսագետներ սկսել են ուսումնասիրել տարբեր երկրների բանկային հատվածի և տնտեսական աճի կապը։ Տնտեսագետ Ռոսս Լևինի մշակած մոդելը ցույց է տալիս [1] բանկային հատվածի, ազատ դրամական միջոցների, ներդրումների և տնտեսական աճի փոխանցման մեխանիզմը՝ ցույց տալով, որ բանկային համակարգի միջոցով ֆինանսական հատվածի ակտիվացումը հանգեցնում է նաև տնտեսական աճի։ Հայաստանում բանկային հատվածի և տնտեսական աճի տեմպն այդքան էլ համահունչ չէ. վերջին 5 տարում բանկերի և վարկային կազմակերպությունների գործունեությունը բնութագրող ամենակարևոր ցուցիչը՝ վարկերի տարեկան միջին աճի տեմպը, կազմել է մոտ 10 տոկոս, այն դեպքում, երբ տնտեսական աճի՝ իրական ՀՆԱ հավելաճի միջին տեմպը միջինում կազմել  է 2.5 տոկոս։


Բանկային համակարգի և տնտեսական աճի միջև թույլ կապը պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

Բանկային համակարգում որպես առաջնային խնդիր կարելի է առանձնացնել վարկերի կառուցվածքը։ 2018-ին բոլոր ոլորտների գծով վարկերի ծավալն ավելացել է. վարկերի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են ունեցել սպառողական վարկերը՝ մոտ 25 տոկոս։ Հաջորդն արդյունաբերությանն ուղղված վարկերն են՝ 19 տոկոս, ապա առևտրին՝ 16 տոկոս։  Այս կառուցվածքն առաջին հայացքից կարող է ոչինչ չասել, սակայն դարձել է տնտեսության թույլ կողմերից մեկը։

2017-ի համեմատ 2018-ին սպառողական վարկերն ավելացել են 37 տոկոսով, իսկ ընդհանուր վարկերի կառուցվածքում տեսակարար կշիռը 21-ից դարձել է 25 տոկոս։ Համադրելով վարկեր/ՀՆԱ ցուցանիշը, որը 2017-ի համեմատ աճել է 3.7 տոկոսային կետով և վարկերի կառուցվածքը, պարզ է դառնում, որ վարկավորման ծավալների ավելացումը չի նպաստում տնտեսական աճին, և հիմնական ճյուղերի գծով վարկավորման ծավալներն աճում են առաջանցիկ տեմպերով՝ ի տարբերություն տնտեսական աճի և տնտեսական ակտիվության ցուցանիշի [2]։  

Պետք է նկատել, որ 2018-ին 2017-ի համեմատ հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 22 տոկոսով, և հիփոթեքային շուկայում գրանցված ակտիվությունը պայմանավորված է պետության կողմից իրականացված ծրագրերով։ Թեպետ արդյունաբերությանն ուղղված վարկերի ծավալները 2018-ին աճել են 21 տոկոսով, ինչը 2016-2017-ին գրանցված աճի տեմպի՝ 1.5 տոկոսի նկատմամբ բավականին բարձր ցուցանիշ է, սակայն ընդհանուր վարկերի կառուցվածքում դրանց մասնաբաժինն էականորեն չի ավելացել։ Գյուղատնտեսական վարկերի մասով հետաքրքիր միտում է նկատվում։ Եթե 2017-ի գյուղվարկերի ծավալները մոտ 4 տոկոսով կրճատվել էին, ապա 2018-ին դրանց ծավալները նույնչափով ավելացել են՝ հասնելով 2016-ի մակարդակին։ Նշվածից կարող ենք եզրակացնել, որ պետության կողմից ոլորտին ուղղված պետական օժանդակությամբ իրականացվող ծրագրերն արդեն իսկ դրական ազդեցություն են ունենում՝ վերականգնելով գյուղվարկերի նախկին մակարդակը։ Պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017-ի 4-րդ եռամսյակից մինչև 2018-ի վերջը տրամադրվել է 6195 միավոր վարկ՝ 26.1 մլրդ դրամ, որից միայն 5282 միավոր վարկ կամ 21.9 մլրդ դրամը տրամադրվել 2018թ.-ին։ Տրամադրված վարկերի սուբսադիվորման համար տրամադրվել է 710 մլն դրամ, վարկի միջին չափը եղել է 4.2 մլն դրամ։ Հետաքրքրական է առևտրի և սպասարկման ոլորտի վարկերի պատկերը. սպասարկման ոլորտին ուղղվող վարկերի աճի տեմպը 2016-2018թթ. ցուցաբերել է նվազման միտում։ Առևտրին ուղղված վարկերի ծավալները 2018-ին 2017-ի նկատմամբ աճել են 5 տոկոսով, մինչդեռ 2017-ին 2016-ի համեմատ դրանց աճի տեմպը մոտ 25 տոկոս էր։ Այդ երկու ոլորտների տեսակարար կշիռները 2018-ին ևս կրճատվել են։ Այսպիսով՝ վարկերի ծավալների աճն ապահովվել է հիմնականում սպառողական վարկերի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին արգելակում է երկարաժամկետում տնտեսական աճը։

Բանկային համակարգում վարկային պորտֆելի այսպիսի կառուցվածքը բանկերի համար մի շարք բարդություններ է ստեղծել։ Մասնավորապես՝ խոսքը ռիսկերի նկատմամբ բավականին զգուշավոր և, նույնիսկ հաճախ, խուսափողական գործունեության իրականացման մասին է։

Բանկային համակարգում ռիսկերի զսպման և ոլորտը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը սահմանում է մի շարք նորմատիվներ, որոնցից են նաև իրացվելիության նորմատիվները։ ՀՀ-ում առևտրային բանկերի վարքագիծը կարելի է բնութագրել որպես խիստ զգուշավոր. վերջին տարիներին բանկային իրացվելիությունը բնութագրող երկու ցուցանիշի գծով դիտարկվել է այնպիսի իրավիճակ, երբ փաստացի ցուցանիշները միշտ գերազանցել են նորմատիվային ցուցանիշները. 2015-2018թթ. բարձր իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ փաստացի ցուցանիշը գերազանցել է նորմատիվային ցուցանիշը 2 անգամ, իսկ բարձր իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ ցուցանիշը՝ 2.4 անգամ։ Վերջինիս գծով նկատվում է նվազման միտում, ինչը կարող է նշանակել, որ բանկերն իրենց ակտիվների ավելի մեծ մասն են ներարկում շուկա։

Վերոնշյալը փաստում է, որ բանկերը սկսել են ռիսկի «ախորժակը» մեծացնել, սակայն վերջինիս արդյունավետությունը գնահատել վաղ է, քանի որ դեռևս ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն ուղղված փոխառությունների ծավալն աճում է ավելի արագ, քան կապիտալ ծախսերի համար տրվող վարկերը։ Այսպիսով, իրացվելիության առումով նկատվել է դրական տեղաշարժ, սակայն բանկային համակարգը դեռևս մնում է գերիրացվելի վիճակում։ Գերիրացվելիության բացասական ազդեցությունը դրսևորվում է, երբ բանկերը խուսափում են ռիսկի դիմել և ազատ դրամական միջոցները ներարկել շուկա, ինչը կարող է խթանել տնտեսության զարգացումը։

Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի խոսքով, թե՛ 2018-ի վերջին, թե՛ հիմա բանկային համակարգի իրացվելիության ցուցանիշները շարունակում են բավականին բարձր լինել, ինչը վկայում է, որ ցանկացած պահի բանկերը հնարավորություն ունեն իրացվելի միջոցների հաշվին սպասարկել հաճախորդներին: Դա կարող է վերաբերել, վարկերի տրամադրմանը, ավանդների վերադարձմանը, տարբեր տեսակի վճարահաշվարկային գործողությունների իրականացմանը։ Մասնագիտական շրջանակներում, սակայն, բանկային համակարգը բնութագրվում է գերիրացվելի, մասնավորապես, նշվում է բանկային համակարգի՝ նորմատիվայինից առավել բարձր գտնվելու հանգամանքը, որը հետևանք է գերիրացվելիության։


[3]

Տ նտեսության մեջ փող ներարկելու կարևորագույն գործիքներից է Կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն ազդում է ավանդների և վարկերի տոկոսադրույքների վրա։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ունի նվազման միտում. եթե 2015-ին այն 9.75 տոկոս էր, ապա 2019-ի հունվարին՝ 5.75 տոկոս, որը նշված ժամանակահատվածում նվազագույնն էր։ Ընդանուր առմամբ և՛ ավանդների, և՛ վարկերի տոկոսադրույքի դինամիկան եղել է տատանողական՝ ի տարբերություն վերաֆինանսավորման տոկոսադրույքի. ավանդների, վարկերի տոկոսադրույքների նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2019-ի ապրիլին։

Հասարակության շրջանում կարծիք կա, որ վարկերի ոչ մատչելի լինելու պատճառը բարձր տոկոսադրույքն է և ավանդների ցածր տոկոսադրույքը, սակայն վարկերի մատչելիությունը կախված է ոչ միայն տրամադրվող վարկի ժամկետից, տոկոսադրույքից կամ վարկի նպատակից, այլև տարբեր փաստաթղթային ձևակերպումներից, գրավի իրացվելիությունից։ Վարկերի մատչելիության համար հատկապես կարևոր է վարկատուի իրավունքների և շահերի պաշտպանությունը, քանի որ այն կարող է հետագայում հանգեցնել չաշխատող, անհուսալի վարկերի ավելացմանը, որն, իր հերթին, կարող է զսպել տնտեսական աճը։ Չաշխատող վարկերի մեջ են ներառվում այն վարկերը, որոնք բանկի կողմից դասակարգվել են հսկվող, ոչ ստանդարտ, անհուսալի կամ կասկածելի։
 

Չաշխատող վարկեր/Ընդանուր վարկեր և բանկային իրացվելիության ցուցանիշներ.

Վերջին տարիներին այս վարկերի գծով դրական միտում է նկատվում. 2018-ին 2015-ի համեմատ նվազել է 3 տոկոսային կետով։ Չաշխատող վարկերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն են ունեցել սպառողական, առևտրի, մշակող արդյունաբերության, հանրային սննդի և գյուղատնտեսության վարկերը՝ 2017թ.-ի դեկտեմբերի համեմատ 2018թ.-ին բոլորի գծով ցուցանիշը նվազել է, բացառությամբ սպառողական վարկերի, որը դարձել է 1.39 տոկոսով՝ 0.85 տոկոսի փոխարեն, այսինքն 2018թ.-ի չաշխատող վարկերի մոտ 30 տոկոսը սպառողական վարկերի գծով է եղել։ Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ սպառողական վարկերի մեծ ծավալն ընդհանուր վարկերի մեջ մեծացնում է տնտեսության վրա բացասական ազդեցությունը։

Բանկային համակարգում առկա խոչընդոտները հարթելու և բանկերին ավելորդ բեռից ազատելու համար կառավարության նախաձեռնությամբ կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, ինչը հնարավորություն տվեց ազատվել չաշխատող վարկերի զգալի մասից։ Վերջինիս արդյունքում հնարավորություն ստեղծվեց, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորությունների ֆիզիկական անձանց ներել մինչև 2018-ի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքով՝ բանկերը միշտ պատրաստ են եղել լուծել այդ խնդիրը վարկառուների համար, սակայն սա հավելյալ պարտավորություն է առաջացրել իրենց համար (1 մլն դրամ զիջման դեպքում բանկը պարտավոր էր վճարել 200 հազ․ դրամի հարկ), ինչն էլ հետ է պահել այդ քայլից։ ԿԲ տվյալների համաձայն՝ Ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների թիվը՝ 20889:

Այսպիսով, կարելի է ասել, որ բանկերը 1 տարվա ընթացքում որոշակիորեն ազատվել են չաշխատող վարկերի մի մասից, սակայն անհուսալի վարկերի գծով տույժ և տուգանքների ներումից բացի, առանցքային հարց է երկրի կազմակերպությունների մրցունակության բարձրացումը։ Մտահոգություններ կան, որ այս ներումը չի հանգեցնի կազմակերպությունների մրցունակության կամ վարկունակության բարձրացմանը, քանի որ վարկերի մեծ մասը գնում է շրջանառու միջոցների համալրմանը։ Ինչը ևս մեկ անգամ մատնանշում է վարկային պորտֆելի անարդյունավետ կառուցվածքը։

ԿԲ-ն ֆինանսական կայունության պահովելու և  բանկային համակարգի արդյունավետությունն ու ծառայությունների մատչելիությունը բարձրացման նպատակով 2014թ.-ին որոշում է ընդունել փոխել կապիտալի նվազագույն սահմանաչափը. 2017թ. հունվարի 1-ից ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվեց 30 մլրդ դրամ, նախկին 5 մլրդ դրամի փոխարեն։ Արդյունքում ՀՀ-ում գործող բանկերի թիվը նվազել է՝ հասնելով 17-ի։ Բանկերի թվի նվազումը զուգորդվեց նաև շուկայում կենտրոնացման աճով. եթե 2016թ. 2-րդ եռամսյակում ՀՀ բանկային համակարգում 3 խոշորագույն բանկերի ակտիվների կշիռն ընդհանուրում կազմում էր 37.8%, իսկ խոշորագույնի կշիռը՝ 15.1%, ապա 2017թ. 4-րդ եռամսյակում արդեն ցուցանիշները աճեցին համապատասխանաբար 3.9 և 0.4 տոկոսային կետերով՝ կազմելով 41.7% և 15.5%: 2018թ.-ին այս ցուցանիշի գծով էական փոփոխություններ դեռևս չեն նկատվել։

Բանկային համակարգի ակտիվների մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող բանկերի մասնաբաժինը, %



Վերոնշյալից պարզ է դառնում, որ բանկային համակարգում առկա խնդիրների մեծ մասը պայմանավորված է վարկային պորտֆելի կառուցվածքով։ Չնայած իշխանությունը ԿԲ-ի հետ համատեղ փորձում է բանկային հատվածում նկատվող աշխուժացումը վերածել տնտեսական զարգացման՝ սակայն, վերջինս հնարավոր կլինի միայն վարկային պորտֆելի առավել արդյունավետ կառուցվածքի դեպքում։Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացումը երկարատև հեռանկարում չի խրախուսում բանկային համակարգում մրցակցությունը՝ առավել կոշտ դարձնելով ծառայությունների սակագները։

Հնարավոր լուծումներ.

Բ անկային համակարգի զարգացման տեսանկյունից կարևորում է նաև ֆինանսական համակարգում մասնագիտացած բանկերի առկայությունը, որոնց գործունեությունը խթանելու համար պետք է կարգավորել իրավական դաշտը, մշակել համապատասխան նորմատիվներ, ենթաօրենսդրական ակտեր, քանի որ ներկայումս ՀՀ-ում գործող բանկերն ունիվերսալ են, և այս ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցված է վերջիններիս։ Նկատի ունենալով, որ տնտեսության ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից օգտվելն արդյունավետ է, տնտեսության մեջ առկա ազատ դրամական միջոցները պետք է ուղղել հատուկ ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը։

Հաշվի առնելով բանկերի դերը տնտեսության զարգացման և խթանման գործում՝ անհրաժեշտ է նաև օգտագործել այն գործիքները, որոնք արդեն կան, սակայն լայնորեն չեն կիրառվում։ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից սահմանվող նորմատիվները, որոնց միջոցով ԿԲ-ն ապահովում է երկրում ֆինանսական կայունությունը, թույլ են տալիս բանկերին ավելի ապահով զգալ։ ԿԲ-ի կարևորագույն գործիքներից է պարտադիր պահուստավորման նորմը, որը դրամով և արժույթով ներգրաված միջոցների համար տարբեր են [4]. ՀՀ դրամով ներգրավված միջոցների համար նվազագույն սահմանչափն է 2, իսկ արժույթով՝ 18 տոկոսը։ Սակայն այս նույն նորմն արժեթղթերով ներգրաված միջոցների համար սահմանում է 0 տոկոս, ինչը պետք է, որ առևտրային բանկերին խթաներ արժեթղթեր թողարկել, որն էլ կնպաստեր ֆինանսական մեկ այլ հատվածի՝ արժեթղթերի շուկայի ակտիվացմանը։


[1] Levine, R. (1997). Financial development and economic growth: Views and agenda. Journal of Economic Literature, XXXV, 688-726

[2] ՀՀ վիճակագրական կոմիտե.

[3] Աղյուսակում ներկայացված են 1 տարի ժամկետայնության վարկերի և ավանդների տոկոսադրույքները։

[4] ՀՀ ԿԲ կանոնակարգ 2, էջ 5: