Ստվերի կրճատում. Հայաստանը դրական տեղաշարժ է գրանցում
10 ր. | 2019-06-12Տնտեսական և հարկաբյուջետային մի շարք ցուցանիշներ ցույց են տալիս, որ 2018թ.-ին արձանագրվել է ստվերային տնտեսության որոշակի կրճատում, և այդ միտումը շարունակվում է այս տարի: Նախորդ տարվա ցուցանիշներով տնտեսության մեջ ստվերի կրճատումը կարող է կազմել մինչև 10%:
Կոռուպցիա, անհավասար մրցակցություն, մակրոտնտեսական անկայունություն, սոցիալական բևեռացում, ցածրորակ առողջապահություն և կրթություն. սրանք այն ուղղակի կամ անուղղակի հետևանքների մի մասն են, որոնք ի հայտ են գալիս տնտեսության մեջ ստվերի խորացման հետևանքով [1]: Որքան մեծ է ստվերային տնտեսության կշիռն, այնքան քիչ հարկ է հավաքում պետական ապարատը, և համապատասխանաբար տուժում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը, խաթարվում է սոցիալական պաշտպանության գործառույթը: Ստվերային տնտեսությունը կամ ոչ ֆորմալ տնտեսությունը բնորոշ է աշխարհի բոլոր երկրներին, սակայն տարբերվում է ծավալով: Արժույթի միջազգային հիմնադրամի [2] գնահատմամբ՝ ՀՆԱ նկատմամբ ստվերի աննշան մակարդակ ունեն զարգացած տնտեսությամբ երկրները՝ Նորվեգիան, Կանադան, Նիդերլանդները, ՄԹ-ն՝ 1-2.3%-ի սահմաններում, մինչդեռ զարգացող երկրներում գնահատականները զգալիորեն բացասական են:
Ստվերի միջին չափը ՀՆԱ նկատմամբ՝ 1991-2015, IMF |
Ստվերի միջին չափը ՀՆԱ նկատմամբ՝ 2015, The Global Economy |
||||
1. |
Նորվեգիա |
1% |
1. |
Շվեյցարիա |
6.9% |
2. |
Կանադա |
2.2% |
2. |
ԱՄՆ |
7% |
3. |
Նիդերլանդներ |
2.3% |
3. |
Գերմանիա |
7.7% |
4. |
ՄԹ |
2.3% |
4. |
Նիդերլանդներ |
7.8% |
5. |
Շվեդիա |
3% |
5. |
Ավստրալիա |
8.1% |
29. |
Հայաստան |
19.5% |
34. |
Հայաստան |
35.9% |
87. |
Հնդկաստան |
46.3% |
155. |
Գաբոն |
52% |
88. |
ԿԱՀ |
49.6% |
156. |
Նիգերիա |
52.4% |
89. |
Բենին |
50% |
157. |
Վրաստան |
53% |
90. |
Նիգեր |
51.5% |
158. |
Հայիթի |
56.3% |
91. |
Բուրունդի |
64.8% |
159. |
Զիմբաբվե |
67% |
ԱՄՀ կողմից PMM (Predictive Mean Matching) մեթոդով հաշվարկելու դեպքում Հայաստանում տնտեսության ստվերը 1991-2015թթ. կազմել է մոտ 19.5%: Այստեղ կարևոր է նկատել, որ միջազգային պրակտիկայում և մասնագիտական շրջանակներում բոլորի կողմից ընդունելի ստվերի գնահատման միասնական մեթոդ գոյություն չունի, և այլ մեթոդների կիրառման դեպքում, օրինակ Հայաստանի տնտեսությունում ստվերը կարող է գնահատվել 35.9% (The Global Economy վարկանիշ) [3], կամ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 44% (SEM մոդելի MIMIC մեթոդ, 1999-2007) [4]:
Հայաստանում տնտեսության մեջ ստվերի պաշտոնական գնահատականները [5] տատանվում են ՀՆԱ-ի 15-25%-ի միջակայքում, ընդ որում՝ Վիճակագրական կոմիտեն ստվերը գնահատում է համեմատաբար բարձր՝ 22-25%, իսկ օրինակ՝ ՊԵԿ ներկայացուցիչները «խելամիտ են համարում 15-17% ստվերի առկայությունը»:
Գործադիր մարմնի մեկ այլ ներկայացուցչի՝ ֆինանսների նախարարի կողմից ընթացիկ տարվա ապրիլին հրապարակվել է ստվերին առնչվող հստակ թիվ, ինչը նախկինում երբևէ չի արվել: Մասնավորապես՝ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է [6], որ Հայաստանի հարկային պոտենցիալը 2018թ.-ի համար գնահատվել է 438 մլրդ դրամով ավելի, քան այդ տարվա ընթացքում հարկ է հավաքվել: Չնայած հրապարակված թվի վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարությունը հիմնավոր վերապահում ունի (ֆինանսների նախարարության մեթոդաբանությունը համաձայնեցված չէ մյուս գերատեսչությունների հետ), սակայն տվյալ դեպքում մոտավոր հաշվարկով տնտեսությունում ստվերը կարող է գնահատվել մինչև 35 տոկոս:
Գնահատականների մեծ տարբերության պատճառը կրկին միասնական մեթոդաբանության բացակայությունն է, ինչի մասին նշել [7] են նաև ոլորտի պատասխանատուներն՝ ընդգծելով, որ ֆինանսների նախարարությունը և այլ գերատեսչություններ մեթոդաբանության մշակման համատեղ աշխատանքներ են կատարում: Թե երբ պատրաստ կլինի միասնական մեթոդաբանությունը և ստվերի առաջին՝ բոլորի կողմից ընդունելի գնահատականը, դեռ հստակ չէ:
Մինչ գնահատման միասնական մեթոդաբանության մշակումը, Հայաստանի տնտեսության մեջ ստվերի մասնաբաժնի և դինամիկայի վերաբերյալ հնարավոր է դատողություններ անել՝ հիմնվելով հարակից որոշ ցուցանիշների և տվյալների վրա, որոնք սերտորեն առնչվում են ոչ ֆորմալ տնտեսության հետ և խիստ զգայուն են ստվերի մասնաբաժնի փոփոխության նկատմամբ:
Ստվերի կրճատման հիմնական դրսևորումները և ցուցիչները.
Ն երկայումս ամփոփված են միայն 2019թ. հունվար-ապրիլ ամիսների տնտեսական և ֆինանսաբյուջետային ցուցանիշները, որոնց դիտարկումը վեր է հանում 2018-ին սկսված ու շարունակվող մի շարք կարևոր միտումներ:
Բյուջեի եկամուտների 28% ավելացում, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում
Տնտեսության մեջ ստվերի կրճատման առաջնային ցուցիչներից է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: Եթե տոկոսային արտահայտությամբ այս հարաբերակցությունը մեծանում է, ապա դա նշանակում է, որ որոշակի ժամանակահատվածում հավաքված հարկերի ծավալն ավելի արագ է մեծացել, քան ամբողջ տնտեսության ծավալը: Եվ այսպես՝ 2018-ի տվյալներով՝ համադրելի ցուցանիշների համեմատության դեպքում պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 21.8%-ը՝ 2017-ի 20.5%-ի փոխարեն [8]: Արդյունքում հարկային եկամուտները և պետական տուրքերը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել են 1.3 տոկոսային կետով, ինչն անուղղակիորեն ցույց է տալիս, որ նախորդ տարվա ընթացքում տեղի է ունեցել ստվերի որոշակի կրճատում:
Հատկանշական է, որ այս միտումն ավելի է ամրապնդվել 2019-ին: Եթե 2018-ի առաջին եռամսյակում բացարձակ ցուցանիշներով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 21.5% էր, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում` 24.1%, ինչը նշանակում է, որ տվյալ ցուցանիշը բարելավվել է 2.6 տոկոսային կետով:
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը և ստվերի կրճատումը, բնականաբար, ինքնանպատակ չեն: Դրանց շնորհիվ 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին, ինչպես և նախատեսվել էր գործող կառավարության ծրագրով, հնարավոր է եղել պետական բյուջեի եկամուտներն ավելացնել գրեթե 28%-ով կամ 107.7 մլրդ դրամով [9]: Իսկ բյուջեի եկամուտների ավելացումն, իր հերթին, հնարավորություն է տվել միջինում 10%-ով ավելացնել զինծառայողների, ուսուցիչների աշխատավարձը, մեծացնել համայնքներին տրվող սուբվենցիաների ծավալները, իրականացնել մի շարք այլ ծրագրեր [10]:
Գրանցված աշխատողների թվի էական ավելացում
Մի կողմից հարկային վարչարարության բարելավումը, իսկ մյուս կողմից՝ նախորդ տարվա քաղաքական զարգացումներից հետո քաղաքացիների շրջանում նկատված ոգևորությունը ստվերային տնտեսության կրճատման գործընթացում էական նշանակություն և հետևանքներ են ունեցել: Այդ ամենը տնտեսվարողների մոտ դրսևորվել է թաքնված աշխատողների մի մասի գրանցմամբ, ավելի շատ ՀԴՄ կտրոններ տրամադրելով, իրական շրջանառությանը մոտ ցուցանիշներ հայտարարագրելով և մի շարք այլ վարքագծային առանձնահատկություններով:
Մասնավորապես, 2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը կազմել է 564.7 հազար, որը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.2%-ով՝ կամ 42.8 հազարով [11] (2019-ի հունվարին այդ տարբերությունը կազմել էր գրեթե 51 հազար): Սա կարելի է համարել Հայաստանում ստվերային աշխատատեղերի հայտարարագրման աննախադեպ առաջընթաց, որը նշանակալիորեն կրճատեց աշխատանքի շուկայում առկա ստվերի ծավալը: Բացի դրանից, այն ունեցել է հստակ ֆինանսական դրսևորում. 2019թ-ի հունվար-ապրիլ ամիսներին եկամտային հարկի գծով ՊԵԿ հավաքագրած հարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21%-ով [12]: Իհարկե, հարկերի նման աճը նաև միջին անվանական աշխատավարձի շուրջ 6.2% աճի (10.3 հազար դրամ) արդյունք է, սակայն ստվերային աշխատատեղերի կրճատման դերակատարումը թերագնահատել հնարավոր չէ:
Ինչպես և կարելի էր ակնկալել՝ գրանցված աշխատողների ավելացումն իր էական ազդեցությունն է ունեցել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների ծավալի վրա: 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսվարողների փոխանցած դրոշմանիշային վճարների ծավալը ավելի քան 500 մլն դրամով կամ 30%-ով ավելի է եղել՝ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 2 մլրդ 185 մլն դրամ [13]:
Շրջանառության հարկի և ՀԴՄ կտրոնների թվի էական ավելացում
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին ՊԵԿ կողմից հավաքված շրջանառության հարկի ծավալը 2018-ի համեմատ ավելացել է ռեկորդային՝ 42%-ով: Եվ սա օրինաչափ է, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ տպված ՀԴՄ կտորնների թիվն ավելացել է 20 մլն 710 հազարով ու դրանցով կատարվել է հավելյալ 55.1 մլրդ դրամի շրջանառություն [14] (իսկ միայն մայիս ամսին տպվել է 13.1 մլն հատով ավել ՀԴՄ կտրոն): Իհարկե, ավել տպված ՀԴՄ կտրոնները ոչ ամբողջությամբ են տպվել միայն շրջանառության հարկ վճարողների կողմից, սակայն տվյալ երկու ցուցանիշների բարելավումն ակնհայտ է և համադրումը նույնպես կարող է վկայել տնտեսության մեջ ստվերի կրճատման զգալի առաջընթացի մասին:
Առաջիկայում սպասվող շրջանառության շեմի բարձրացումը մինչև 115 մլն դրամ մեկ այլ ազդակ կլինի, որը կխթանի տնտեսվարողներին ցույց տալ իրականությանն առավել մոտ շրջանառություն, քանի որ ներկայումս սահմանված 58.35 մլն դրամի շեմը կաշկանդում է ընդհանուր հարկման դաշտ տեղափոխվելու մտահոգությամբ:
Պետբյուջեի եկամուտների կառուցվածքի փոփոխություն
2019թ. առաջին 4 ամիսների տվյալներով նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ շահութահարկի մուտքերն աճել են գրեթե երկու անգամ (96.6%-ով)՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների ու տուրքերի 28.3%-ն: 2018-ին նույն ցուցանիշը կազմել է ընդամենը 18.3%, 2017-ին՝ 13.4%, իսկ 2016թ-ին՝ 14%: Փաստացի՝ պետական եկամուտներն ավելացել են ոչ այնքան ի հաշիվ ավանդական ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի, որոնց վերջնական վճարողը քաղաքացին է, այլ շահութահարկ վճարող տնտեսվարողներից հավաքված շահութահարկի ծավալների ավելացման շնորհիվ:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում պետբյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում զգալիորեն ավելացել են նաև եկամտային հարկից ստացված մուտքերը, փոխարենը նվազել է բնապահպանական հարկի, մաքսատուրքի և սոցիալական վճարի մասնաբաժինը: Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 24%-ով ավելացել է 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը, ընդ որում՝ 21%-ով ավելացել է նրանց վճարած շահութահարկը և 48%-ով՝ եկամտային հարկը:
Մինչև 10% ստվերի կրճատում՝ 2018-ին
Ո րպես հավելում վերոշարադրյալ ցուցիչներին և միտումներին՝ տնտեսության մեջ ստվերի դինամիկայի վերաբերյալ թվային գնահատական և մոտավոր հաշվարկ կարելի է կատարել՝ օգտվելով Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Taxation and the Shadow Economy» [15] խորհրդատվական հետազոտության մեթոդաբանությունից:
Ըստ ՀԲ-ի՝ տնտեսության մեջ ստվերի կրճատման դինամիկայի և հավաքվող հարկերի ծավալի միջև առկա է էական կոռելացիոն կապ: Հետազոտության համաձայն՝ տնտեսության ստվերի 1 տոկոս կրճատման արդյունքում հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվում է 0.125 տոկոսով: Եթե հաշվի առնենք, որ 2018-ին հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 21.8% և 2017-ի համեմատ համադրելի ցուցանիշներով բարելավվել է 1.3 տոկոսային կետով [16], ապա հետհաշվարկի միջոցով կարող ենք ասել, որ վերոնշյալ բանաձևի համաձայն, այլ հավասար պայմաններում Հայաստանի տնտեսության մեջ ստվերը կճատվել է մոտ 10%-ով: Իհարկե այս ցուցանիշը կատարյալ կամ վերջնական չէ, դրանում ներառված չեն ՀՕ փոփոխությունների ազդեցությունը, ՊԵԿ կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված բացահայտումների արդյունքում պետությանը պատճառված վնասի վերականգնման ազդեցությունը և այլն: Ստվերի մասնաբաժնի գնահատման ու դինամիկայի իրական պատկերը հնարավոր է ստանալ միայն ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի կողմից մշակվող մեթոդաբանության հստակեցումից ու գնահատումից հետո: Սակայն այս և մյուս ցուցիչներով հանդերձ ակնհայտ է դառնում, որ տնտեսության մեջ ստվերի կրճատումը շոշափելի առաջընթաց է գրանցել:
Արձանագրված առաջընթացն, իհարկե, դրական միտում ունի, սակայն այն պետք է չսահմանափակվի ձեռբերածով, քանի որ ստվեր առկա է նաև տնտեսական գործունեության այլ ոլորտներում, այն ամբողջությամբ վերհանված չէ: Այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են թե՛ օրենսդրական և թե՛ վարչարարության մակարդակներում: Տվյալ ուղղությամբ կարևոր քայլերից պետք է լինեն ոչ կանխիկ շրջանառության ընդլայնման մեխանիզմների ստեղծումը, ունեցածքի և եկամուտների պարտադիր համատարած հայտարարագրումը, ստվերից դուրս գալու համար հավելյալ խթանների և արտոնությունների համակարգի ներդրումը:
[2] Shadow Economies Around the World: What Did We Learn Over the Last 20 Years?, IMF 2018, էջ 46-47
[3] Shadow economy - Country rankings, The Global Economy 2018
[4] Shadow Economies All over the World, World Bank 2010, էջ 45
[5] ԱԺ ճեպազրույց - 07.06.2019, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան
[6] Տես 6
[7] ՀՀ կառավարության նիստ - 18.04.2019, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան
[8] Հաշվետվություն Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին, էջ 156-157
[9] 2019 թվականի թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիր, էջ 1
[10] ՀՀ կառավարության խորհրդակցություն
[11] 2019 թվականի հունվար-ապրիլին աշխատանքի վարձատրություն և աշխատողների թվաքանակ, ԱՎԿ
[12] 2019 թվականի ապրիլ ամսվա ՀՀ ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն
[13] ՊԵԿ պարզաբանում
[14] ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ասուլիս 03.04.19
[16] Հաշվետվություն Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին, էջ 156-157