ՀԱՊԿ փոխգործակցության ներուժը

17 ր.   |  2019-04-23

Հ ավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունների թեմատիկան հայկական փորձագիտական դաշտում քիչ է ուսումնասիրված: Մեզ չհաջողվեց համացանցային աղբյուրներից գտնել հետազոտական հրապարակումներ, որտեղ հնարավորինս համապարփակ ներկայացված կլինեն ՀԱՊԿ զորավարժությունների մասին տեղեկություններ կամ այդ ուղղությամբ տրված լինեն թեկուզ նեղ ոլորտային փորձագիտական գնահատականներ: Հայկական մեդիայում հիմնականում հրապարակվել են զորավարժությունների մասին լրատվական հաղորդագրություններ:

ՀԱՊԿ երկրների զորավարժությունների վերաբերյալ տեղեկությունները քաղել ենք կազմակերպության պաշտոնական կայքէջից[1], որոնք հիմնականում մամուլի հաղորդագրություններ են: Թեև կայքում զորավարժությունների լուսաբանման առանձին բաժին կա, այդուհանդերձ, առաջանում է տեղեկատվության համակարգման խնդիր: Առկա տեղեկատվությունից այնքան էլ հստակ չէ, թե, օրինակ, երբ է կազմակերպությունը սկսվել զորավարժություն անցկացնել։ Այդ հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տեղեկության ամբողջական ուսումնասիրությամբ, և կարող ենք ենթադրել, որ զորավարժություններն անցկացվել են 2000-ականների կեսերից: Չի բացառվում, որ մինչ այդ նույնպես կազմակերպվել են զորավարժություններ, սակայն մեզ չի հաջողվել տեղեկություն գտնել ո՛չ ՀԱՊԿ պաշտոնական հաղորդագրություններում, ո՛չ էլ համացանցային այլ աղբյուրներում։ 2000-ականների կեսին անցկացված զորավարժություններն, ըստ էության, պայմանավորված են ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Արագ տեղակայման հավաքական ուժերի (ԿԱՏ ԱՏՀՈւ) ձևավորման հետ (2001թ. մայիսի 25, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների համապատասխան որոշմամբ): ՀԱՊԿ ԱՏՀՈւ-երի ձևավորումից 3 տարի անց՝ 2004թ. մեկնարկեց ԱՏՀՈւ-երի «Սահման» խորագրով համատեղ առաջին զորավարժությունը:

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին 2-3 տարիներին նկատելի է ՀԱՊԿ հավաքական զորավարժությունների համակարգման, մեխանիզմների արդյունավետության բարձրացման միտում, ինչը վկայում է, որ կազմակերպության ղեկավարությունն առավել մեծ ուշադրություն է սկսել դարձնել ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը: 

ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն» զորավարժություններ  

Մ «արտական եղբայրություն» զորախաղերը բաղկացած են առանձին զորավարժություններից, համալիր միջոցառումներ են, որոնք առանձնանում են զորքերի, ռազմական տեխնիկայի և սպառազինությունների մեծ թվով[2]։ «Մարտական եղբայրություն 2018»-ն անցկացվեց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքում՝ ներառելով ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումները, արագ արձագանքման և արագ տեղակայման հավաքական ուժերը, խաղաղապահ ստորաբաժանումները: Զորավարժության ընթացքում առաջին անգամ անցկացվեց ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի «Օդային կամուրջ» վարժանքը[3]:  


ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) «Փոխգործակցություն» օպերատիվ-մարտավարական զորավարժությունները

2   009թ. փետրվարի 4-ին ստորագրվեց ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) ստեղծման որոշումը, որի համաձայն ԱԱՀՈւ-ն պետք է օպերատիվ հակազդի միջազգային ահաբեկչության, ռազմական ագրեսիայի, կազմակերպված վերազգային հանցավորության և արտակարգ իրավիճակների մարտահրավերներին: ԱԱՀՈւ-երի ստորաբաժանումները պետք է գտնվեն մշտական մարտական պատրաստվածության վիճակում, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի գործել ՀԱՊԿ պատասխանատվության ցանկացած կետում: Ստորաբաժանումն ունի 15-20 հազ. զինծառայող[4], և անհրաժեշտության դեպքում ԱԱՀՈւ-երի կազմում կարող են ընդգրկվել նաև ոստիկանության, անվտանգության և հատուկ ծառայությունների, ինչպես և արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման մարմիններից բաղկացած հատուկ նշանակության ուժերը։  

Ստորաբաժանումների կառավարման համար, գործողությունների պլանավորման ու անցկացման ընթացքում ձևավորվում է ԱԱՀՈւ հրամանատարություն, որը հաստատում է Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ): Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման շտաբը ղեկավարում է այն երկրի ներկայացուցիչը, որտեղ անցկացվում է տվյալ զորավարժությունը[5]: ԱԱՀՈւ հրամանատարության կառուցվածքը և անձնակազմը որոշվում է առաջադրված խնդիրներին համապատասխան:  

Ռուսաստանը ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ին տրամադրել է երկու շարժունակ զորամիավորում՝ 98-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիան (5 հազ. զինծառայող) և 31-րդ գվարդիական դեսանտագրոհային բրիգադը (3.5 հազ. զինծառայող): ԱԱՀՈւ-երի կազմում ներգրավված զորքերի թվով հաջորդը Ղազախստանն է՝ «աերոմոբիլ» զորքերի[6] 37-րդ դեսանտագրոհային բրիգադով և օպերատիվ նշանակության գումարտակով[7]: Բելառուսական կողմը ներկայանում է 103-րդ գվարդիական օդադեսանտային բրիգադով, իսկ կազմակերպության մյուս անդամները՝ Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը՝ մեկական գումարտակով (յուրաքանչյուրում 400-800 զինծառայող[8]):  

ԱԱՀՈւ-երի հիմնական խնդիրներն են՝   

  • ՀԱՊԿ անդամ-երկրի տարածքում ուժերի համախմբում՝ նպատակ ունենալով ցուցադրել ռազմական ուժի կիրառման պատրաստակամությունը,
  • մասնակցություն ռազմական հարձակման զսպման ու արձագանքման գործում,
  • մասնակցություն միջազգային ահաբեկչության, թմրանյութերի, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության և այլ վերազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարում,
  • ՀԱՊԿ անդամ-պետությունների պետական սահմանների, պետական ու ռազմական օբյեկտների պաշտպանության ուժեղացում:

Կարող ենք ասել, որ ԱԱՀՈւ-երի ձևավորումն էական նշանակություն ունեցավ կազմակերպության անդամ-պետությունների զինված ուժերի, առանձին զորքերի ու ստորաբաժանումների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու, միջազգային-տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին ավելի օպերատիվ ու համակարգված արձագանքելու առումով:

Ա ԱՀՈւ զորավարժություններն անցկացվել են մի քանի հիմնական սցենարներով, որոնցից են՝ կազմակերպության անդամ-պետության տարածք զինված խմբավորումների ներթափանցում ու դրանց վնասազերծում, անդամ-պետության տարածքում կամ հավաքական անվտանգության պատասխանատվության գոտում ռազմական հակամարտության բռնկում ու դրա չեզոքացում:

2009թ. հոկտեմբերի սկզբին Ղազախստանում մեկնարկեց «Փոխգործակցություն» առաջին օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունը: ՀԱՊԿ ղեկավարությունը համեմատաբար ավելի մեծ ուշադրություն էր հատկացրել միջոցառման կազմակերպչական և համակարգման հարցերին: Ըստ սցենարի, պայմանական հակառակորդը խախտել էր կազմակերպության անդամ-պետության պետական սահմանը՝ առաջանալով երկրի խորքը:

«Փոխգործակցություն 2009». վիճակագրության ընդհանուր բնութագիր[9]  

  Ռազմաօդային ուժեր (40 միավոր),        7000 զինվորական[10]

  Ռազմական տեխնիկա (350 միավոր)

  Ինքնաթիռներ

  ՀՄՄ-2

  Սու-24 ռմբակոծիչ

  9Կ35 «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիր (9К35 «Стрела-10»)

  Սու-24Մ ռմբակոծիչ

  ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց համալիր (ЗСУ-23-4 «Шилка»)

  Սու-25 գրոհային

  9Ա51 «Պրիմա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ), (9А51 «Прима» РСЗО)

  Սու-27 կործանիչ

  9Կ51 «Գրադ-21» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ),   9К51 «Град-21» РСЗО

  ՄիԳ-23 ուսումնամարտական  ինքնաթիռ (МиГ-23 УБ)

 

  ՄիԳ 31 կործանիչ

  ՄիԳ-27 գերձայնային ռմբակոծիչ

  ՄիԳ-31Բ գերձայնային ռմբակոծիչ

  Հեռահար ավիացիայի Տու-22Մ3 գերձայնային հրթիռակիր-ռմբակոծիչ  

  Լ-39 ուսումնամարտական երկու ինթնաթիռ

  Ուղղաթիռներ

  Մի-24Վ հարվածային ուղղաթիռ

  Մի-8ՄՏ բազմանպատակային ուղղաթիռ

  Մի-17 բազմանպատակային ուղղաթիռ

Աղբյուրը՝ ՀԱՊԿ, http://www.odkb-csto.org/  

ՌԴ Չեբարկուլ զորավարժարանում հոկտեմբերի 25-ին մեկնարկած «Փոխգործակցություն 2010» զորավարժություններին մասնակցեցին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի և Տաջիկստանի զինվորական ստորաբաժանումները, ինչպես նաև Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի սպայական օպերատիվ խումբը[11]։ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն» զորավարժությունների շարքում առաջին անգամ ներկայացվեցին ոչ մահացու գործողության սպառազինության տեսակներ[12]:

«Փոխգործակցություն 2010» զորախաղերին ընդհանուր առմամբ մասնակցել է 1740 զինվորական, շուրջ 214 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, ռազմաօդային ուժերի 33 միավոր[13], այդ թվում՝ Սու-25 գրոհայիններ, Իլ-76 ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ (12 միավոր), Սու-24 ռմբակոծիչներ, Սու-27 կործանիչներ: Զորախաղերին Հայաստանը ներկայացել էր 106 զինծառայողով[14]:  

Ա ԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններն առաջին անգամ Հայաստանում (Բաղրամյան զորավարժարան) կազմակերպվեցին 2012թ.։ Զորախաղերն ընթացան կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կիրառման սցենարով՝ ՀԱՊԿ անդամակցող պայմանական «Սեվանիա» պետության տարածք ներթափանցած ապօրինի ռազմական խմբավորումներին չեզոքացնելու նպատակով[15]: Զորավարժություններին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ և Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի և օպերատիվ խմբերի զինվորական միավորումները: Հայաստանում անցկացված միջոցառման առանձնահատկություններից մեկն այն էր, որ «Փոխգործակցություն-2012» զորավարժանքներին առաջին անգամ ներկա էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները՝ 2009թ. ՀԱՊԿ քարտուղարության և ԿԽՄԿ միջև ստորագրված «Մտադրությունների մասին» արձանագրության և «Համագործակցության պլան 2012-2014թթ.» փաստաթղթի համաձայն[16]: ԿԽՄԿ մասնակցության նպատակն էր ՀԱՊԿ ԱԱՀՈւ-երի հրամանատարության հետ փոխգործակցությունը, միջազգային հումանիտար իրավունքի և այլ միջազգային իրավական նորմերին համապատասխան գործողությունների վարման ապահովումը: Զորավարժանքներին հետևում էին ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ միջազգային դիտորդներ:

Զորավարժություններին ներգրավվել էր շուրջ 2 հազ. զինվորական, 500 միավոր մարտական տեխնիկա[17], 50 միավոր հրետանի, ռազմաօդային ուժեր՝ Սու-25 գրոհայիններ, Մի-24 և Մի-8 ուղղաթիռներ[18]: ՀԱՊԿ-ի ԱԱՀՈւ զորավարժություններում առաջին անգամ կիրառվեցին հայկական «Կռունկ 25» տեսակի հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր[19], որոնք Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում են 2011թ.-ից։ Զորախաղերին կիրառվեցին ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային և ԶՈւ-23-2 զենիթահրետանային համալիրներ, իսկ մոտոհրաձգային ստորաբաժանումներին հրետանային աջակցություն ցուցաբերվեց Դ-20 և Դ-30 հաուբիցներով:

Բելառուսում կայացած «Փոխգործակցություն-2013» վարժանքների նպատակը հավաքական անվտանգության արևելաեվրոպական տարածաշրջանում կազմակերպության անդամ-երկրների պաշտպանական անվտանգության ապահովման ուղղությամբ կառավարման մարմինների, զորքերի պատրաստության կատարելագործումն էր: Զորախաղերին ներգրավվեց ընդհանուր առմամբ 600 զինվորական, շուրջ 60 միավոր մարտական ու հատուկ տեխնիկա, 15 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռ: «Փոխգործակցություն-2013» զորավարժություններում առաջին անգամ մշակվեց 2Ս9 տեսակի հրետանային ինքնագնաց համալիրների դեսանտիջեցումը: Զորավարժության ընթացքում միաժամանակ կիրառվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի երկու բաղկացուցիչ մասերը՝ Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանային զորախումբն (Региональная группировка войск/сил) ու ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը:  

Ղ ազախստանում օգոստոսի երկրորդ կեսերից մեկնարկած  «Փոխգործակցություն 2014» համալիր զորավարժություններին առաջին անգամ կիրառվեցին կիբեռհարձակումներից պաշտպանության և տեղեկատվական-հոգեբանական գործողություններ: Այլ զինատեսակների հետ միասին զորավարժությունների ժամանակ կիրառվեցին նաև ՏՕՍ-1 (ТОС-1 «Буратино») և ԲՄ-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

«Փոխգործակցություն 2015» (Ռուսաստան) զորավարժություններին զորքերի կառավարումն իրականացվեց օդադեսանտային ուժերի «Անդրոմեդա-Դ» զորքերի կառավարման ավտոմատացված համակարգով (ԿԱՀ)[20], առաջին անգամ օգտագործվեց նաև Կա-52 «Ալիգատոր» հետախուզական-հարվածային ուղղաթիռ[21]։ ՀԱՊԿ պաշտոնական հաղորդագրությունում պարզաբանվեց, որ զորախաղերը Եվրոպայում ՆԱՏՕ անցկացվող վարժանքների հակակշիռը չեն[22]: Հիշեցնենք, որ այդ շրջանում ՆԱՏՕ 5 անդամ-պետությունների տարածքում անցկացվեցին ՆԱՏՕ անդամ 11 պետությունների օդադեսանտային ստորաբաժանումների «Արագ պատասխան» (Swift response) զորավարժությունները: Արևմտյան փորձագետներից ոմանք կարծում էին, որ ՆԱՏՕ և ՌԴ զորավարժությունների ծավալների ընդլայնումը կարող էր եվրոպական ճակատում հանգեցնել կողմերի միջև դիմակայության[23]:

2016թ. ՌԴ-ում կազմակերպված «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային լայնածավալ վարժանքներն անցկացվում էին բավական բարդ աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում: Զորավարժությունների սցենարով, արևմտյան ռազմական բլոկի երկրները ստեղծել էին խաղաղապահ ուժեր, ներթափանցել ՀԱՊԿ անդամ-պետության տարածք և խաղաղապահ առաքելության պատրվակով սահմանային տարածք գրավել[24]:

«Փոխգործակցություն-2017» մարտավարական զորախաղերն անցկացվեցին Հայաստանի «Ալագյազ» և «Բաղրամյան» զորավարժարաններում, որտեղ պայմանական հակառակորդի զինված խմբավորումների ոչնչացման համար ներգրավվեցին ռուսական ռազմակայանի գումարտակի մարտավարական խումբը, Հայաստանի ՌՕՈւ գրոհային ավիացիան, ռուսական կործանիչներ և Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հատուկ ստորաբաժանումներ։ Զորավարժության ընդհանուր առմամբ մասնակցեց 2500 զինծառայող, 500 միավոր ռազմական տեխնիկա[25]:


«Փոխգործակցություն 2017», Հայաստան

ՀԱՊԿ հետախուզական ուժերի ու միջոցների «Որոնում» համատեղ զորավարժություններ  

Հ ԱՊԿ «Որոնում» զորավարժությունների առջև դրված է երկու հիմնական նպատակ՝ կազմակերպության անդամ-երկրների տարածքում ահաբեկչական և այլ զինված խմբավորումների դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հայտնաբերում ու չեզոքացում: Նմանօրինկ զորավարժությունների կազմակերպման նախաձեռնությունը, ըստ ՀԱՊԿ ղեկավարության, բխում է միջազգային-տարածաշրջանային անվտանգային միջավայրի նոր ռիսկերի ու սպառնալիքների արագ արձագանքման, հակազդման հավաքական գործողությունների ու մեխանիզմների մշակման անհրաժեշտությունից: ՀԱՊԿ պաշտոնական հաղորդագրությունում մտահոգություն էր հայտնվում, որ վերջին շրջանում ակտիվացել են դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերը կազմակերպությանն անդամակցող երկրների տարածք, մեծացել ահաբեկչական  խմբավորումների վտանգը, ի հայտ են գալիս քվազիպետական ահաբեկչական տարրեր:

Հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» զորավարժություններն առաջին անգամ անցկացվեցին 2016թ. Տաջիկստանում։ Վարժանքների նպատակն էր հետախուզական տեղեկատվության հավաքագրման, վերլուծման, մշակման համակարգի կատարելագործումը, հետախուզության կազմակերպման կառավարման մարմինների հնարավորությունների ստուգումը: Զորախաղերին մասնակցեցին անդամ-պետությունների հատուկ, ռադիոէլեկտրոնային, օդային և հետախուզության այլ ստորաբաժանումներն ու կառավարման մարմինները (շուրջ 1500 զինվորական): «Որոնում–2017» զորախաղերը, որոնք անցկացվեցին երկու փուլով՝ Ռուսաստանի և Հայաստանի տարածքում, իրենց սցենարով չէին տարբերվում նախորդ համանուն զորախաղերից։

Ղազախստանում կազմակերպված «Որոնում-2018» զորավարժությունները ընթացան «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակում: Մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 3 հազ. զինվորական, կիրառվեցին ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, ռազմաօդային ուժեր ու հետախուզական միջոցներ, (այդ թվում՝ Սու-24ՄՌ մարտավարական հետախուզական ինքնաթիռներ, Սու-30 բազմանպատակային կործանիչներ, Մի-35, Մի-17 ուղղաթիռներ, ռուսական «Օռլան-10» և ռուս-իսրայելական «Ֆորպոստ» տեսակի ԱԹՍ-եր):  

ՀԱՊԿ ԱՏՀՈւ «Սահման» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ    

Ա   ՏՀՈւ-երի կազմում ներառվում են Տաջիկստանի ռուսական ռազմաբազան, Ղրղզստանի ռուսական ավիացիոն խմբավորումը, ինչպես նաև Ղրղզստանի, Ղազախստանի ու Տաջիկստանի գումարտակները[26]՝ շուրջ 5000 զինծառայող: ՀԱՊԿ Արագ տեղակայման հավաքական ուժերի հիմնական խնդիրներն են՝ մասնակցություն արտաքին ռազմական ագրեսիայի հակազդմանը և համատեղ հակաահաբեկչական գործողություններին[27]:

ՀԱՊԿ «Սահման 2004» զորավարժությունների առաջին փուլը կազմակերպվեց Ղազախստանում, որին մասնակցեցին կազմակերպության անդամ-պետությունների զինված ուժերի օպերատիվ ստորաբաժանումները, ՀԱՊԿ քարտուղարությունը, միացյալ շտաբը և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը[28]: Զորավարժությունների ընթացքում գնահատվեց Կենտրոնական Ասիայի ռազմաքաղաքական իրադրությունը, ստուգվեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի, միջոցների կիրառման վերաբերյալ որոշումների ընդունման մեխանիզմների արդյունավետությունը[29]: «Սահման 2004» զորավարժությունների երկրորդ փուլը անցկացվեց Ղրղզստանում: Վարժանքներին մասնակցեց շուրջ 1000 զինծառայող, կիրառվեց շուրջ 40 միավոր ռազմական տեխնիկա, 30 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Թեև «Սահման» զորավարժանքները գլխավորապես ուղղված են Կենտրոնական Ասիայում սպառնալիքների հակազդմանը, սակայն ուշադրությունից դուրս չի մնում նաև կովկասյան ճակատը, և զորախաղերն անցկացվեցին նաև Ռուսաստանում և Հայաստանում: Հայկական կողմի հավաստիացմամբ, Հայաստանում զորախաղերի կազմակերպման անհրաժեշտությունը բխում էր Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությամբ[30]: Վերջին մի քանի տարիներին ՀԱՊԿ Արագ տեղակայման հավաքական ուժերի «Սահման» համատեղ զորավարժանքներն անցկացվում են կազմակերպության «Մարտական եղբայրություն» օպերատիվ-ռազմավարական զորավարժանքների համատեքստում: 

ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈւ) «Անխախտ եղբայրություն» զորավարժանքներ

Հ   ԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք ստեղծվել են 2007թ.-ին, կազմված են ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից (շուրջ 3500 զինծառայող, որից 800-ը՝ ոստիկանության):  

2012թ. հոկտեմբերի 8-ին Ղազախստանում մեկնարկած «Անխախտ եղբայրություն-2012» առաջին համատեղ խաղաղապահ զորավարժության սցենարը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումն էր[31]: Զորավարժությանը մասնակցեց շուրջ 1000 մարդ, ներգրավվեցին մինչև 70 միավոր ավտոմոբիլային և 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 միավոր «Մի-17» ինքնաթիռ: ՀՀ զինված ուժերից միջոցառմանը մասնակցեց 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանում: «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությանը ներգրավվեց շուրջ 2.5 հազ. խաղաղապահ: Հայկական կողմը ներկայացավ 50 հոգանոց զորախմբով։

2015թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին «Անխախտ եղբայրություն» զորավարժությունը, որի սցենարը «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի միջոցով խաղաղության պահպանման գործողության նախապատրաստումն ու իրականացումն» էր:  Զորավարժանքներին հետևեցին ԿԽՄԿ և ՄԱԿ դիտորդները:

Բելառուսում կայացած «Անխախտ եղբայրություն-2016»  զորախաղերի սցենարով, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն առաջին անգամ ստացան ՄԱԿ-ի ԱԽ մանդատ, ըստ որի միջոցառման շրջանակում խաղաղապահ գործողություններ անցկացվեցին ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում: Վարժանքներին մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության շուրջ 1300 զինծառայող, կիրառվեց 300 միավոր ավիացիոն, զրահատանկային, ավտոմոբիլային տեխնիկա[32]:

«Անխախտ եղբայրություն 2015» զորավարժություններ, Հայաստան

«Անխախտ եղբայրություն-2017»  զորավարժությունների առանձնահատկություններից մեկն այն էր, որ գործողություններին ներգրավվեցին հոգեբանական-տեղեկատվական   պայքարի ստորաբաժանումները: Զորախաղերի սցենարով, խաղաղապահ ուժերը ռազմական հակամարտության գոտուց դուրս բերեցին փախստականներին ու ներքին տեղահանվածներին: Վարժանքներին մասնակցեց ավելի քան 1500 մարդ, օգտագործվեց 200 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, մինչև 25 միավոր ավիացիա:

Պետք է նկատել, որ մինչ օրս ՀԱՊԿ հավաքական ուժերը գործնականում չեն ընդգրկվել ՄԱԿ ԱԽ մանդատով անցկացվող միջազգային խաղաղապահ առաքելություններում: Վերջին մի քանի տարիներին այդ հարցի շուրջ քննարկումներ են կազմակերպվում ՀԱՊԿ և ՄԱԿ քարտուղարությունների միջև: 

ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի (ՀԱՈւ) «Օդային կամուրջ» հրամանատարաշտաբային զորավարժություններ  

Հ   ԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերը ձևավորվել են 2014թ. դեկտեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների գործողությունների ապահովման, ռազմական փոխադրումների օպերատիվության բարձրացման նպատակով: ՀԱՊԿ ՀԱՈւ-երի կազմում ներառվում են ավիացիոն ստորաբաժանումներ, այդ թվում՝ անդամ-երկրների զինված ուժերի, ոստիկանության և անվտանգության, արտակարգ իրավիճակների մարմինների ռազմատրանսպորտային ու հատուկ ավիացիան:

Օդային կամուրջ» առաջին զորավարժությունները կազմակերպվեցին 2018թ. (ՌԴ): Զորավարժությունների վայր տեղափոխված զինվորականների թիվը գերազանցում էր 3000-ը, կիրառվեց ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա[33]:  

Ամփոփելով շարադրվածը, առանձնացնենք մի քանի դիտարկում՝

  • վերջին տարիներին բարձրացել է զորավարժանքներին ներգրավված ՀԱՊԿ անդամ-պետութունների զինված ուժերի, ոստիկանության և այլ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության մակարդակը։
  • ՀԱՊԿ զորավարժությունների սցենարները մշակվում են՝ ելնելով ոչ այնքան անդամ-պետության ազգային, որքան կազմակերպության հավաքական անվտանգային միջավայրի մարտահրավերներից։  
  • ՀԱՊԿ հավաքական ուժերը գործնականում չունեն միջազգային խաղաղապահ առաքելության մանդատ։
    [1] https://odkb-csto.org/, Организация Договора о коллективной безопасности

    [2] 1992 թվականի մայիսի 15-ին ընդունված «Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ-պետությունների հավաքական անվտանգության հայեկարգ»-ի 3-րդ՝ «Հավաքական անվտանգության համակարգը» գլխի համաձայն, անդամ-երկրների հավաքական անվտանգության համակարգի ուժեր և միջոցներ ասելով հասկացվում են՝ ա/անդամ-երկրների զինված ուժերը և այլ զորքերը, բ/տարածաշրջաններում կոալիցիոն (միացյալ) զորախմբերը (ուժեր), որոնք կստեղծվեն անդամ-երկրների նկատմամբ ագրեսիայի արձագանքման համար, գ/հակաօդային պաշտպանության համատեղ (միացյալ) համակարգը, այլ համակարգերը:

    [3] https://tvzvezda.ru, Учения ОДКБ «Боевое братство - 2018» пройдут в четырех странах Центральной Азии

    [4] https://lenta.ru, "Независимая газета" получила информацию о численности и составе спецвойск ОДКБ

    [5] http://www.dkb.gov.ru, Более семи тысяч военнослужащих стран - участниц Коллективных сил оперативного реагирования Организации Договора о коллективной безопасности (КСОР ОДКБ) готовятся принять участие в масштабном учении "Взаимодействие-2009" на полигоне Матыбулак в Казахстане.

    [6] «Աերոմոբիլ» զորքերը ներառվում են տվյալ պետության ցամաքային զորքերում և նախատեսված են այսպես ասած «աերոմոբիլ» գործողությունների իրականացման համար, որոնք վերաբերում են օդային ճանապարհով մեծ քանակով զորքերի տեղաշարժման և ցամաք իջեցման համար:

    [7] https://rg.ru, Вчера ОДКБ создала коллективные силы оперативного реагирования.

    [8] https://www.gazeta.ru, Блок не хуже НАТО.

    [9] http://www.dkb.gov.ru, Более семи тысяч военнослужащих стран - участниц КСОР ОДКБ готовятся принять участие в масштабном учении "Взаимодействие-2009".

    [10] https://ria.ru, Медведев назвал учения КСОР "этапным событием" в развитии ОДКБ.

    [11] http://www.dkb.gov.ru, Коллективные силы оперативного реагирования Организации Договора Организации Договора о коллективной безопасности, Пресс-релиз 2010   

    [12] https://odkb-csto.org, О проведении оперативно-тактического учения "Взаимодействие- 2010" Коллективных сил оперативного реагирования ОДКБ

    [13] http://www.dkb.gov.ru, Коллективные силы оперативного реагирования Организации Договора Организации Договора о коллективной безопасности, Пресс-релиз 2010

    [14] https://www.aravot.am, «Փոխգործակցություն 2010»

    [15] https://odkb-csto.org, Учение КСОР ОДКБ «Взаимодействие-2012» в Армении завершилось победой союзников  

    [16] https://odkb-csto.org, О проведении оперативно-тактического учения "Взаимодействие- 2012" Коллективных сил оперативного реагирования ОДКБ

    [17] https://www.azatutyun.am/a/24709568.html, Հայաստանում մեկնարկեցին ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժությունները:

    [18] https://news.am/arm/news/121584.html, ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ զորավարժություններին առաջին անգամ կիրառել են հայկական «Կռունկ» անօդաչու սարքեր

    [19] Նու՛յն տեղում, տե՛ս նաև՝ https://odkb-csto.org, Учение КСОР ОДКБ «Взаимодействие-2012» в Армении завершилось победой союзников

    [20] https://odkb-csto.org, Участников учений "Взаимодействие-2015" из состава командования КСОР ОДКБ российские коллеги из воздушно-десантных войск обучат работе с автоматизированной системой управления (АСУ) "Андромеда-Д".

    [21] Զորավարժանքներին մասնակցեց շուրջ 2000 զինվորական, օգտագործվեց 200 միավոր ռազմական տեխնիկա և ռազմաօդային ուժերի շուրջ 40 միավոր:

    [22] https://odkb-csto.org, Учения КСОР ОДКБ «Взаимодействие2015» " не являются ответом на маневры НАТО в Европе

    [23] http://mk-london.co.uk, Россия и НАТО готовятся к войне, - британские аналитики

    [24] ՀԱՊԿ ԱԱՀՈւ ստորաբաժանումների զինծառայողների քանակը ավելի քան 1300 էր, իսկ զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում էր ավելի քան 6000։

    [25] https://mir24.tv/news, Учения КСОР ОДКБ «Взаимодействие-2017» в Армении: как это было

    [26] https://armyman.info, Масштабные учения Коллективных сил быстрого развертывания (КСБР) «Рубеж-2012»

    [27] https://jscsto.odkb-csto.org, Коллективные силы быстрого развёртывания Центральноазиатского региона коллективной безопасности

    [28] ԱՊՀ անդամ-երկրների Հակաահաբեկչական կենտրոնն ապահովում է ԱՊՀ անդամ-պետությունների համապատասխան մարմինների փոխգործակցության կոորդինացիոն գործառույթներն ու մեխանիզմները՝ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ: Հակաահաբեկչական կենտրոնը ստեղծվել է 2000թ.:

    [29] http://www.dkb.gov.ru/u/azc.htm, В учения "Рубеж-2004" внесены коррективы с учетом терактов в Ташкенте - министр обороны Казахстана

    [30] http://www.dkb.gov.ru/ub/azg.htm,В Ереване состоялось заключительное заседание первого этапа учений ОДКБ "Рубеж-2008"

    [31] 1992 թվականի մայիսի 15-ին ընդունված «Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ-պետությունների հավաքական անվտանգության հայեկարգ»-ի 3-րդ՝ «Հավաքական անվտանգության համակարգ»-ի 3-րդ գլխում նշվում է. «ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ որոշման համապատասխան անցկացվող խաղաղության աջակցման գործողությունների իրականացման նպատակով, Հավաքական անվտանգության խորհրդի կողմից կարող են ստեղծվել հավաքական խաղաղապահ ուժեր»:

    [32] https://razm.info/87636, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը առաջին անգամ «գործել են ՄԱԿ-ի մանդատով»

    [33] 2010թ.-ից ՀԱՊԿ շրջանակում անցկացվում են նաև կազմակերպության անդամ-երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հատուկ-մարտավարական «Կոբալտ» զորավարժությունները, որոնք ենթադրում են հակաահաբեկչական պայքարի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և այլ միջոցառումներ: