Թուրքիա․ #Ընտրություններ2023
22 ր. | 2023-03-242 023թ․ լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրերորդ տարին։ 2023թ․ կառավարման քսան տարին է ամփոփում 2002թ.-ից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը 2003թ․ մարտի 14-ին առաջին անգամ ստանձնեց Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Այդուհանդերձ, տարվա գլխավոր իրադարձությունը մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։ Թուրքիայի 13-րդ նախագահի, 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները հավակնում են լինել 1950թ․-ից հետո ամենադրամատիկն ու ամենակարևորը հանրապետության պատմության ողջ ընթացքում։
Ինչո՞ւ են կարևոր 2023թ․ ընտրությունները
Թ ուրքիայում այժմ իշխող «Ժողովուրդ» դաշինքի լոկոմոտիվ ԱԶԿ-ն ու դրա առաջնորդ Էրդողանը 2023թ․, որպես հանրապետության հիմնադրման հարյուրամյակի և տարիների իրենց քաղաքական գործունեության ամփոփման կարևոր տարեթվի, վաղուց են սկսել պատրաստվել։ Դեռ 2011թ․ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Թուրքիան պատրաստ է, նպատակը 2023թ․-ն է» կարգախոսով Էրդողանը բազմաթիվ տնտեսական, քաղաքական խոստումներ էր տվել, որոնք պետք է իրականացներ մինչև 2023 թ․-ն՝ կարևորելով այն որպես «Նոր Թուրքիայի», այն է՝ «Էրդողանական Թուրքիայի» վերելքի համար կարևոր սկզբնակետի։ Էրդողանն այդ տարի սպասվող ընտրությունները կարևորել և այժմ էլ կարևորում է որպես «իսկական ճամփաբաժան ոչ միայն ԱԶԿ-ի, «Ժողովուրդ» դաշինքի ապագայի, այլև Թուրքիայի և թուրք ազգի ճակատագրի տեսանկյունից»։ Այլ կերպ ասած՝ նա խիստ նշանակություն է տալիս, թե որ առաջնորդի, քաղաքական որ ուժի կողմից և ինչ համակարգով ու տեսլականով է Թուրքիան տեղափոխվելու նոր հարյուրամյակ։ Հարցը, թե արդյոք իրեն հաջողվելու է ամբողջապես իրականացնել դեռևս կիսատ մնացած նպատակները, ամրագրել ձեռքբերումները և իր տարիների քաղաքական ժառանգությունն ապագայում կյանքի կոչելու համար բազմաթիվ պատգամներով փոխանցել իր համար ընդունելի հաջորդին, որոշվելու է այս ընտրությունների արդյունքում։
2023թ․ ընտրությունները կարևորությամբ բնավ չեն զիջում և սպասված են նաև 2002թ․-ից ի վեր Ռ․ Թ․ Էրդողանին 1 նախագահական (2018), 5 խորհրդարանական (2002, 2007, 2011, 2015, 2018), 4 ՏԻՄ (2004, 2009, 2014, 2019) ընտրություններում և 3 հանրաքվեում (2007, 2010, 2017) պարտված ընդդիմադիր կուսակցությունների համար։ Էրդողանի դեմ պայքարում, որը հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից ավելի երկար իշխանության ղեկին գտնվող ու նաև նրա քաղաքական գաղափարներին ու ժառանգությանը կենսունակ այլընտրանք առաջարկած դեռևս միակ ղեկավարն է Թուրքիայի պատմության մեջ, ընդդիմադիր կուսակցություններն առաջին անգամ շոշափելի արդյունքներ գրանցեցին 2019թ․ ՏԻՄ ընտրություններում։ Մասնավորապես, Թուրքիայի քաղաքական պատմության համար խորհրդանշական կարևորություն ունեցող Ստամբուլ և Անկարա քաղաքներում հաջողության հասած ընդդիմադիր «Ազգ» դաշինքի համար այս ընտրությունները բավականին վճռորոշ են լինելու։ Ընդդիմադիր այս դաշինքը, որը կազմված է վեց կուսակցություններից, հաջողել է առաջադրել միասնական թեկնածու․ Աթաթուրքի հիմնած «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը (ՀԺԿ) 2010թ․-ից առաջնորդող Քեմալ Քըլըչդարօղլուն է հենց լինելու Էրդողանի գլխավոր մրցակիցը։ «Ազգ» դաշինքի ձեռամբ ընտրությունները որոշակիորեն նաև հանրաքվե են լինելու, քանի որ այս դաշինքի հաղթանակից հետո նախատեսվում է վերադարձ կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։
Ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում ընտրություններին
Թ ուրքիայում 2018թ․-ից իշխում է «Ժողովուրդ» դաշինքը (Cumhur İttifakı), որը ձևավորվել է նույն թվականին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ ԱԶԿ-ի և աջ ծայրահեղական, ազգայնական գաղափարներ ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) միավորմամբ, որի առաջնորդն է Դևլեթ Բահչելին։ Այնուհետև դաշինքին է միացել Մուստաֆա Դեսթիջիի «Մեծ միասնություն» կուսակցությունը (ՄՄԿ), որի գաղափարները տեղավորվում են իսլամական-ազգայնականության, թուրք-իսլամական սինթեզի ծիրում։ «Ժողովուրդ» դաշինքը 2023թ․ համապետական ընտրությունների համար միասնական թեկնածուի որոշման խնդիր չուներ։ Պարզ էր, որ դաշինքն առաջադրելու է այն գործչին, ում անվան շուրջ էլ միավորվել է։ Ընտրություններից դեռ մեկ տարի առաջ՝ 2022թ․ հունիսին, Էրդողանը հայտարարեց, որ ինքն է լինելու դաշինքի միասնական թեկնածուն։ ԱՇԿ առաջնորդ Բահչելին, որն ավելի վաղ խոսել էր այդ մասին, 2022թ․ սեպտեմբերի 18-ին կրկին թիրախավորելով քննարկումների փուլում գտնվող ընդդիմադիր վեց կուսակցություններին, ասաց․ «Նրանց թեկնածուն սա է թե նա, կարևոր չէ, առանց այդ էլ, դեռևս չի հաստատվել։ Նրանք, ովքեր չեն կարողանում համաձայնության գալ մի անվան շուրջ, ինչպե՞ս են համաձայնության գալու ազգի ապագայի շուրջ։ Մեր թեկնածուն հայտնի է, մեր որոշումը՝ հստակ․․․ 2023թ․ մեր նախագահի թեկնածուն հարգ․ Ռ․Թ․ Էրդողանն է»։
Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ և ԱԶԿ առաջնորդ Էրդողանը ներկայացրեց ԱԶԿ-ի՝ «Թուրքիայի հարյուրամյակ» տեսլականը։ Շուրջ 1 ժամ 35 րոպե տևած ելույթում Էրդողանը խոսեց Թուրքիայի Հանրապետության պատմության փուլերի, դժվարությունների և ձեռքբերումների մասին։ Կրկին 2002թ․ ԱԶԿ-ի ստանձնած առաքելությունը ներկայացրեց որպես շարունակություն կիսատ մնացած կամ կասեցված այն գործի, որ սկսել էին նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը՝ «Բավական է, խոսքն ազգինն է» և նախագահ Թուրգութ Օզալը՝ «Պետությունն ազգի համար է» կարգախոսներով։ Խոսելով այն մասին, որ անցնող քսան տարվա ընթացքում մեծացրել, զարգացրել, հզորացրել և հարստացրել են երկիրը տարբեր ոլորտներում՝ Էրդողանն ընդգծեց․ «Թող չթվա, թե այս քսան տարին անփուշ վարդաստանի նման անցել է միայն աշխատելով։ Երկրի ներսում և դրսում իմպերիալիստները, գաղութարարները, հեղաշրջում իրականացնողները որքան համակարգ ունեին, բոլորը մեր դեմ ուղարկվեց․․․ նույնիսկ փորձ արվեց փակել մեր կուսակցությունը․․․ Մենք երբեք չենք բողոքել, միշտ պայքարել ենք»։ Նա հավելեց, որ քսան տարում Թուրքիան վերածել են մի երկրի, որին արդեն հետևում են, այլ ոչ թե ինքն է հետևում մյուսներին։ «Ահա այսպիսի ժառանգությամբ ենք այսօր կանգնում մեր ազգի առջև Թուրքիայի հարյուրամյակի համար»,- հայտարարեց նա։ ԱԶԿ-ի՝ երկրորդ հարյուրամյակի այս տեսլականը, ըստ էության, առավել ամփոփիչ, գաղափարական էր։ Դրա ներկայացմամբ թերևս միայն հստակեցվեց, որ հաղթանակի դեպքում Էրդողանն ամբողջովին փոխելու է գործող սահմանադրությունը, որ գրվել է 1980թ․ սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո. «Երկիրը փրկել հեղաշրջման սահմանադրության ամոթից»,- սահմանվեց որպես հստակ նպատակ։ Նա, իհարկե, այս տեսլականում ընդգրկեց բազմաթիվ խոստումներ, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական, դիվանագիտական, ինչպես նաև այլ ոլորտներում Թուրքիան աշխարհի ամենամեծ 10 պետությունների շարքը բարձրացնելը, նոր դարում ինքնության քաղաքականության փոխարեն միասնության քաղաքականության, բևեռացման փոխարեն ամբողջականացման քաղաքականության վերջնական հաստատումը և այլն։
Թուրք քաղաքագետ Բուրհանեթթին Դուրանը, որն այժմ թուրքական քվազի-պետական ուղեղային կենտրոններից մեկի գլխավոր համակարգողն է, նշյալ տեսլականը բնութագրեց այսպես․ «Այն ժամանակաշրջանում, երբ ընդդիմությունն ասում է՝ «արդեն հնարավոր չէ, որ նոր հույս հաղորդի», Էրդողանը «Թուրքիայի հարյուրամյակ» տեսլականով հասարակության բոլոր շերտերին հասնող հեռանկար ներկայացրեց»։ Դուրանի դիտարկումը հատկապես հետաքրքիր էր դեռևս օգոստոսին նրա գնահատականի համատեքստում, որ ԱԶԿ-ն 2023թ․ քննության է ենթարկվելու և ստիպված է իշխանության մեջ մաշվածությունը, սխալները և ձախողումներն ընտրողին պատմելու ճանապարհը գտնելով, նոր ուժեղ աջակցություն ստանալ․ «Այն պետք է ներսում համապարփակ քաղաքականություն մշակի, շարունակի նորացվել և ցուցադրի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում իր հաջողությունը։ Պետք է իր այդ նորացման ջանքերի մասին ձգտի պատմել քրդերին, աջ կենտրոնամետ ընտրողներին, վիրավորված պահպանողականներին և երիտասարդներին»,- գրել էր Դուրանը։ Նա պնդում էր, որ ընդդիմությունը չի ներկայացնում իրեն որպես այլընտրանքային լուծման հասցե, ինչը մի հնարավորություն է ԱԶԿ-ի համար, բայց ընդդիմության անկազմակերպ վիճակը հաղթելու համար դեռ բավարար չէ։ Ուստի Թուրքիայի հարյուրամյակի տեսլականը, ըստ էության, նաև Դուրանի անհրաժեշտ համարած այդ համապարփակ, ներառական ծրագիրն էր հավակնում լինել։
Տեսլականի ներկայացումից առաջ և հետո Էրդողանը բազմաթիվ այցեր էր կատարում երկրի տարբեր շրջաններ, խոսում արված աշխատանքի, կրթության, սոցիալական ապահովության, տնտեսության, ռազմական արդյունաբերության, արտաքին քաղաքական և այլ ոլորտներում գրանցած հաջողությունների մասին։ Դրան զուգահեռ, 2022թ․ կեսերից արդեն իշխանությունը վարում էր նախընտրական տնտեսական քաղաքականություն, բարձրացնում նվազագույն աշխատավարձը և խոստանում ավելի բարձրացնել, հայտարարում սոցիալական բնակարանաշինության ծրագրի, կարիքավոր ընտանիքներին, ուսանողներին աջակցության ծրագրերի գործարկման մասին և այլն։ Այդպես Էրդողանը փորձում էր ձևավորել նախընտրական օրակարգ, միաժամանակ փորձում հօգուտ իրեն շրջել և վերաձևակերպել ընդդիմության շահարկած և շրջանառության մեջ դրած մի շարք հարցեր և նախաձեռնություններ։ Այդպես, օրինակ, 2022թ․ դեկտեմբերին Էրդողանը նույնիսկ խոստացավ լուծել ընդդիմադիրների և մասնավորապես ՀԺԿ առաջնորդ Ք․ Քըլըչդարօղլուի կողմից տարիներ առաջ օրակարգ բերված «Կենսաթոշակի տարիքին բախվողների» խնդիրը (EYT)։ Դա այն դեպքում, երբ Էրդողանը ոչ հեռավոր 2019թ․ բացահայտ դեմ էր արտահայտվել խնդրի հետ կապված օրենսդրական որևէ փոփոխության՝ նշելով․ «Եթե նույնիսկ պարտվենք ընտրություններում, ես այդ գործում չկամ»։ Նույն կերպ Էրդողանը փորձեց իր վերահսկողության դաշտ տեղափոխել և իր շահերին ծառայեցնել ՀԺԿ-ի կողմից ներկայացված նոր օրենսդրական նախաձեռնությունը։
Թուրքիայի պատմության մեջ թերևս ամենաշատ քննարկված խնդրին՝ ազատ գլխաշոր կրելուն վերաբերող օրենսդրական նախագիծը, որով ՀԺԿ-ն նաև փորձում էր «քավել իր մեղքերը» այդ հարցում դրսևորած արմատականության համար, երաշխիք էր նախատեսում ապահովել հանրային հաստատություններում աշխատող կանանց ցանկացած հագուստ կրելուն։ Նախագծի՝ խորհրդարան ներկայացնելուց մեկ օր անց՝ հոկտեմբերի 5-ին, Էրդողանը, սակայն, առաջարկով հանդես եկավ․ «Եկե՛ք գլխաշորի հարցում լուծումն ապահովենք ոչ թե օրենքի, այլ սահմանադրության մակարդակում»։ Դեկտեմբերի 9-ին ԱԶԿ-ն ազատ գլխաշոր կրելուն սահմանադրական երաշխիք տալու, ինչպես նաև ավանդական ընտանիքի ինստիտուտը պաշտպանելու նպատակով սահմանադրական փոփոխությունների առաջարկ ներկայացրեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահություն։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը հավանություն չտար դրան, և նախագիծը չընդունվեր, ըստ Էրդողանի սկզբնական հայտարարությունների, հարցը դրվելու էր հանրաքվեի, ընդ որում, չէր բացառվում, որ հանրաքվեն կայանալու էր առաջիկա ընտրությունների հետ միասին նույն օրը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավարևմտյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժերով պայմանավորված ներքաղաքական օրակարգի փոփոխությունը, սակայն, դանդաղեցրեց այդ գործընթացը։ Այնուհանդերձ, մարտի 1-ին Էրդողանը, չնայած մամուլում տեղ գտած կուլիսային տեղեկություններին, թե նախագիծը հետ է վերցվել, հայտարարեց, որ աշխատանքները տարվում են, և իրենց պարտականությունն է այդ հարցին ամենակարճ ժամանակում վերջ դնելը։ Այս հարցում ՀԺԿ-ի հնարքը ոչ միայն չաշխատեց, այլև Էրդողանը նոր երկընտրանքի առջև կանգնեցրեց ընդդիմադիր կուսակցություններին, որոնք բուռն քննարկումներ սկսեցին՝ արդյոք պետք է կողմ քվեարկել նախագծին, թե հանրաքվեի գնալ, անգամ մեկը մյուսին սկսեց մեղադրել հարցի շուրջ ունեցած այս կամ այն դիրքորոշման համար։
Անդրադառնալով երկրի ներքաղաքական օրակարգը նույնպես ցնցած երկրաշարժերին և իշխանության համար դրանց ունեցած հետևանքներին՝ նշենք, որ աղետն իսկապես մեծ էր, շոկային և սկզբում կանխատեսումներ կային նաև, որ այն անդառնալի հարված կարող է լինել իշխանության համար։ Առաջին օրերին աղետի կառավարման հարցում գրանցված բազմաթիվ խնդիրները, որ ավելի էին ընդգծվում մեծ հուզական ֆոնի առկայության պատճառով, բնական է, որ չէին վրիպելու ո՛չ ընդդիմադիր ուժերի, ո՛չ էլ հասարակ մարդկանց աչքերից։ Թուրքիայի իշխանությունները, սակայն, բավականին արհեստավարժորեն հաջողեցին մեղմել իրավիճակը և խուսափել առնվազն անկառավարելի զարգացումներից։ Պետական ամբողջ քարոզչությունը զարգացվեց երկրաշարժերը որպես «դարի աղետ» ներկայացնելու սկզբունքի հիման վրա, որը, իհարկե, ուներ գրանցված խնդիրները բացատրելու, որոշակիորեն արդարացնելու նպատակ։ Աղետի գոտի այցելելիս Էրդողանը չխորշեց ընդունել, որ եղել են բացթողումներ, և կրոնական հռետորաբանությամբ ժողովրդի ներողամտությունը հայցեց այն դժվարությունների համար, որոնցով ստիպված են եղել անցնել։ Էրդողանը նաև մեկ տարի ժամանակ խնդրեց երկրաշարժի հետևանքները վերացնելու, շենքեր կառուցելու համար, ինչը հետաքրքրիր էր, քանի որ յուրատեսակ ակնարկ էր այն վստահության մասին, որ ինքը շարունակելու է ևս մեկ տարի կառավարել։
Այդուհանդերձ, նման կարճ ժամանակում մոռացնել տալ ամեն ինչ նրան պարզապես չէր հաջողվի։ Մարտի 3-ին իշխանամերձ «Optimar» կենտրոնի հրապարակած հետազոտության համաձայն՝ երկրի 26 նահանգներում 2 հազար հարցված քաղաքացիների 64․7%-ն սպասելի կարծիք հայտնեց այն մասին, որ աղետից հետո միջամտությունները բոլոր նահանգներում ժամանակին և ճիշտ չեն կատարվել։ Այս ցուցանիշը, «Hürriyet»-ի իշխանամետ սյունակագիրներից Աբդուլքադիր Սելվիի բնութագրմամբ, անգամ՝ պետք է սթափեցնող լիներ իշխանության համար։ «İstanbul Ekonomi Araştırma» ընկերության սոցհարցման համաձայն էլ՝ 2 հազար հարցվածների 45%-ը կառավարության կողմից աղետի կառավարումը կա՛մ անհաջող, կա՛մ էլ շատ անհաջող որակեց։ Հետաքրքիր է, սակայն զարմանալի չէ այն, որ, ըստ «Optimar»-ի հետազոտության, հարցվածների 29․3%-ը, այդուհանդերձ, կարծիք է հայտնել, որ աղետի հետևանքով առաջացած խնդիրները կարող է լուծել հենց իշխող ԱԶԿ-ն, մինչդեռ միայն 19․1%-ն է այդ հարցում վստահություն հայտնել ՀԺԿ-ին։ Սա վկայում է ոչ միայն խնդիրներն ու ճգնաժամերը հաղթահարելու Էրդողանի վճռականության, փորձի հարցում մասնավորապես ԱԶԿ-ի ընտրողների մոտ առկա վստահության մասին, այլև հաստատում վերոհիշյալ պնդումը, թե ընդդիմությունը չի կարողանում ներկայանալ որպես լուծման հասցե, և դա անգամ նման իրադարձություններից հետո, երբ ընտրություններին արդեն հաշված օրեր են մնացել։ Ընդհանուր առմամբ, փետրվար ամսի հարցումները ցույց տվեցին, որ երկրաշարժը գուցե ոչ անդառնալիորեն, սակայն բացասական է անդրադարձել ԱԶԿ-ի, իշխող դաշինքի վարկանշի վրա (1,2,3)։
Հարկ է կարևորել, որ Էրդողանը նույնիսկ նման մասշտաբի աղետից հետո հետքայլ չկատարեց և որոշեց, որ ընտրությունները միևնույն է անցկացվելու են իր կողմից նախապես հայտարարված օրը՝ մայիսի 14-ին։ Ինչպես քանիցս նշվել է, այդ օրը կրկին խորհրդանշական է, և իսլամական-պահպանողական գաղափարներ կրող և տարածող Էրդողանը փորձելու է հաջողության հասնել 1950թ․ այն նույն օրը, երբ իր գաղափարական-քաղաքական նախորդը՝ Ադնան Մենդերեսը, հաղթանակ տարավ Աթաթուրքի հիմնած ՀԺԿ-ի դեմ։ Նշենք, որ արդեն հայտնի է, որ «Ժողովուրդ» դաշինքն այս ընտրություններին մասնակցելու է հենց Մենդերեսի՝ «Բավական է, խոսքն ազգինն է» կարգախոսով, որն իր հերթին ռիսկային էր և քննարկումների տեղիք տվեց, քանի որ Մենդերեսն այդ կարգախոսով ընդդիմության դիրքերից էր պայքարում տարիների կարծրացած իշխանության դեմ, սակայն Էրդողանի որոշումը, իհարկե, անսասան մնաց։
Արդեն զգացվում է նաև, որ ԱԶԿ-ի ընտրական օրակարգը կամ ռազմավարությունը երկրաշարժի հետևանքները հաղթահարելու մասին խոստումներից բացի, կառուցվելու է հենց Էրդողանի անվան ու անձի շուրջ։ Այս մասին է վկայում նաև Էրդողանի զգացմունքային կոչերը ժողովրդին՝ մի վերջին անգամ քվեարկել իր՝ թուրքական պետության տարիների առաջնորդի օգտին։ «2023թ․ մեր անունից վերջին անգամ աջակցություն ենք խնդրում մեր ազգից։ Հետո դրոշը երիտասարդներին ենք հանձնելու»,- հայտարարել էր նա Սամսունում հանրահավաքի ժամանակ։ Այս մասին իր սյունակներից մեկում մեջբերման արժանի դիտարկում է արել Աբդուլքադիր Սելվին․ «Էրդողանն առաջնորդ է, որը քսան տարիների ընթացքում հաղթել է այն բոլոր ընտրություններում, որոնց մասնակցել է։ Պահպանողական շրջանակներում անգամ ԱԶԿ-ին քննադատողները, երբ խոսքն Էրդողանին է վերաբերում, նրան առանձին տեղ են տալիս։ Կա մի լուրջ զանգված, որը եթե անգամ ասում է, որ ԱԶԿ-ին քվե չի տալու, նախագահի ընտրություններում ասում է՝ «իմ քվեն Ռեիսինն է»։ Ընտրողների 75%-ն առնվազն մեկ անգամ Էրդողանին ձայն է տվել։ Ազդեցիկ չի՞ լինի, եթե Էրդողանը նրանցից մի վերջին անգամ աջակցություն խնդրի»։
Ընտրական գործընթացը մեկնարկելու մասին մարտի 10-ին Թուրքիայի նախագահի ստորագրած որոշումից հետո այժմ «Ժողովուրդ» դաշինքը քայլեր է կատարում համակիրների շարքերն ընդլայնելու ուղղությամբ։ Պետության նախագահն ընտրվելու է 50%+1 քվեով, ուստի փոքր կուսակցությունների ձայները նույնպես կարևորվում են։ Դաշինքի ներկայացուցիչները, ակնկալելով ստանալ պահպանողական քուրդ ընտրողների ձայները, արդեն հանդիպումներ են ունեցել «Ազատ պայքար» կուսակցության (HÜDA PAR) հետ, որն առաջնորդում է Զեքերիյա Յափըջըօղլուն։ Կուսակցությունը հայտարարել է նախագահի ընտրություններում Էրդողանին աջակցելու մասին, իսկ խորհրդարանականի հետ կապված քննարկումները շարունակվում են։ Դաշինքը հանդիպում էր ունեցել իսլամիստական «Ազգային տեսակետ» շարժման հիմնադիրներից Նեջմեթթին Էրբաքանի որդու՝ Ֆաթիհ Էրբաքանի «Նոր բարօրություն» կուսակցության (YRP) հետ նույնպես, որը, սակայն, հայտնեց, որ չի աջակցելու որևէ դաշինքի և ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով։
Ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում ընտրություններին
2018թ․ նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀԺԿ-ն, ԱՇԿ-ից ներկուսակցական պառակտման հետևանքով առանձնացած աջ ազգայնական գործիչ Մերալ Աքշեների հիմնած «Լավ» կուսակցության (ԼԿ), իսլամիստական «Ազգային տեսակետ» շարժման հերթական՝ Թեմել Քարամոլլաօղլուի «Երջանկություն» կուսակցության (ԵԿ) և Գյուլթեքին Ույսալի աջ կենտրոնամետ «Ժողովրդավարական» կուսակցության (ԺԿ) հետ ձևավորեց «Ազգ» դաշինքը (Millet İttifakı)։ Այն նպատակ ուներ զրկել Էրդողանին խորհրդարանում մեծամասնություն կազմելու հնարավորությունից, որը չկարողացավ իրականացնել։ Նախագահի միասնական թեկնածու դաշինքը չներկայացրեց, իսկ ընդդիմադիր թեկնածուներից առավել մեծ ժողովրդականություն վայելող ՀԺԿ-ական Մուհարեմ Ինջեն պարտվեց Թայիփ Էրդողանին, որը հավաքեց 52% ձայն։ Վերջինս հաջողեց ընտրվել նախագահ, քանի որ սահմանադրական հանրաքվեով զրոյացրել էր նախորդ կառավարման տարիները և ստացել ևս երկու անգամ երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնելու հնարավորություն։ 2019թ․ ՏԻՄ ընտրություններում ՀԺԿ-ն և ԼԿ-ն կրկին համագործակցությամբ հանդես եկան և կարողացան հաղթանակել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Անթալիան և այլն: 2019թ․-ից հետո ընդդիմադիր այս միավորմանը միացան նաև ԱԶԿ-ից առանձնացած երկու նոր պահպանողական ուժեր՝ Ահմեդ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը (ԱԿ) և Ալի Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունը (ԺԱԿ)։
Ընդդիմադիր թվով վեց կուսակցություններից կազմված այս քաղաքական միավորումն առաջին հանդիպումն անցկացրեց 2022թ․ փետրվարի 12-ին։ 2023թ․ հունվարի 26-ին 11-րդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում կուսակցություններն առաջին անգամ ներկայացան որպես «Ազգ» դաշինք։ Մեկ տարվա մեջ «վեցի սեղանը» հրապարակեց մի քանի փաստաթղթեր և համաձայնագրեր, որոնցում ներկայացվում են նրանց քաղաքական ծրագրերը։ Հունվարի 30-ին հրապարակված «Համատեղ քաղաքականության փոխըմբռնման տեքստը» (Ortak Politikalar Mutabakat Metni), որն ամփոփում է մոտ 2300 խոստում՝ կապված քաղաքական, դատաիրավական, տնտեսական, կրթական և մյուս ոլորտների այն խնդիրների հետ, որոնցում մշտապես քննադատվում է իշխանությունը, դաշինքի հաղթանակի դեպքում կազմելու է ձևավորվելիք կառավարության ծրագրի հիմքը։ Այսպես, ըստ այդ տեքստի, «Ազգ» դաշինքի հաղթանակի դեպքում՝
- Գործող նախագահական համակարգից, որն իրենք քննադատում են՝ բնորոշելով «մեկ մարդու ռեժիմ», անցում է կատարվելու ուժեղացված խորհրդարանական համակարգի, նախագահն ընտրվելու է 7 տարի ժամկետով մեկ անգամ և ընտրվելուց հետո լքելու է այն կուսակցությունը, որին անդամակցում է, ընտրություններում անցողիկ շեմը 7%-ից իջեցվելու է 3%-ի, մեջլիսին է տրվելու միջազգային պայմանագրերից դուրս գալու լիազորությունը, հնարավոր է լինելու երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել ներկա 6 ամսվա փոխարեն միայն 2 ամիս ժամկետով։
- Ամրապնդվելու են մտքի և խոսքի ազատությունները, մամուլի ազատությունը և այդ նպատակով անկախության և անկողմնակալության սկզբունքով վերակազմավորվելու են Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերությունը (TRT) և պետական Anadolu գործակալությունը, վերջ է դրվելու հավաքների և ցույցերի կազմակերպման իրավունքի կամայական սահմանափակմանը, քաղաքական կուսակցությունները փակելու հետ կապված դատական գործերի բացման համար պարտադիր է լինելու մեջլիսի թույլտվությունը:
- Խորհրդարանում ստեղծվելու է կոռուպցիայի հետաքննության հանձնաժողով, ինչպես նաև այլ մեթոդներով պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ։
- Երկու տարվա ընթացքում գնաճն իջեցվելու է, դարձվելու միանիշ, լիրան արժևորվելու և կայունացվելու է, ապահովվելու է, որ տնտեսական աճի տեմպը բարձր լինի 5%-ից, կրկնապատկվելու է մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը դոլլարով, առնվազն հինգ միլիոն նոր աշխատատեղ է ստեղծվելու, գործազրկության ցուցանիշը դարձվելու է միանիշ, վերացվելու է ծայրահեղ աղքատությունը։
- Արտաքին քաղաքականության հիմքում կրկին դրվելու է «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում» քեմալական հայտնի սկզբունքը, ԱԳՆ-ին է վերադարձվելու արտաքին քաղաքականություն մշակելու և գործադրելու հիմնական դերը, նպատակ է սահմանվելու ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը, շարունակելու են ներդրում ունենալ ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունն առաջ են մղվելու, ՌԴ-ի հետ հարաբերություններն ամրապնդվելու են, ուժեղացվելու է Թյուքական պետությունների կազմակերպությունը, ինչպես նաև եղբայրական կապերն Ադրբեջանի հետ և այլն։
Դաշինքը, սակայն, ավելի քան մեկ տարի հանդիպումներ անցկացնելով հանդերձ չէր հրապարակում իր միասնական թեկնածուի անունը։ Վեց կուսակցության առաջնորդները միաբերան պնդում էին, որ չեն քննարկում այդ հարցը՝ կարևորություն տալով ոչ թե թեկնածուի ընտրմանը, այլ ճանապարհային քարտեզի մշակմանը, որին պետք է հետևի իրենց թեկնածուն։ Իշխող ուժը միաժամանակ անընդհատ խաղում էր այդ լարի վրա և պնդում, որ նրանք ի զորու չեն միասնական որոշում կայացնել, մարտահրավեր էր նետում՝ կոչ անելով հայտարարել իրենց թեկնածուի անունը պահ առաջ։ «Վեցի սեղանը», ինչպես հետագայում իրադարձությունները ևս ցույց տվեցին, չէր գնում այդ քայլին նախ ունենալով որոշում կայացնելու խնդիր, իսկ հետո էլ խուսափում էր իշխանությանն իրենց թեկնածուի դեմ ռեսուրսները կենտրոնացնելու համար շատ ժամանակ տալուց։
Երկրաշարժի պատճառով ևս մեկ ամիս երկարաձգելով գործընթացը՝ «վեցի սեղանը» միասնական թեկնածու որոշելու հարցով հանդիպում գումարեց մարտի 2-ին։ Հանդիպման հաջորդ օրը ԼԿ առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարությամբ հանդես եկավ և պաշտոնապես հայտարարեց դաշինքը լքելու մասին։ «Լավ կուսակցությունն աքցանի մեջ է առնվել, մենք գլուխ չենք խոնարհելու։ Ո՛չ թղթախաղի սեղանի, ո՛չ էլ նոտարի սեղանի շուրջ չենք լինելու»,- ասաց նա՝ պնդելով, որ հանդիպմանը հինգ կուսակցություններն առաջարկել են ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ իրենք առաջարկել են դիտարկել Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի կամ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը, մինչդեռ իրենց առաջարկը հաշվի չի առնվել։ Նա հավելեց․ «Հասկացանք, որ անձնական հավակնությունները գերադասվել են Թուրքիային։ Մենք «Լավ» կուսակցությունը դրա համար չենք հիմնադրել։ Տխրությամբ ասում ենք, որ այս կետում «վեցի սեղանը» կորցրել է ազգի կամքն արտահայտելու կարողությունը»։ Աքշեներն այդ քայլով խառնեց բոլորի խաղաքարտերը՝ «ջուրը գցելով» իրենց ամիսների աշխատանքը և լուրջ կասկածի տակ դնելով ընդդիմության հաղթանակի հավանականությունը։
Լրագրող, քաղաքական մեկնաբան Ռուշեն Չաքըրն այս առիթով հետաքրքիր մի նախադասություն օգտագործեց․ «Ընդդիմության պարտությունը հրաշք է, և ընդդիմությունը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի այդ հրաշքն իրականանա»։ 72 ժամ տևած քաղաքական բուռն իրադարձություններից հետո՝ մարտի 6-ին, երբ պետք է արդեն մյուս հինգ կուսակցությունները հայտարարեին միասնական թեկնածուի անունը, Մերալ Աքշեներին կուսակցության գլխավոր գրասենյակում այցելեցին Անկարայի, Ստամբուլի քաղաքապետերը։ Նրանց հաջողվեց ի վերջո համոզել Աքշեներին և վերադարձնել դաշինքի շարքերը՝ պայմանով, որ իրենք՝ Յավաշն ու Իմամօղլուն, հաղթանակի դեպքում, ի թիվս մյուս հինգ կուսակցությունների ղեկավարների, նշանակվելու են փոխնախագահների պաշտոններում։ Վեց կուսակցությունների առաջնորդներն այդ լարված ճգնաժամից հետո ի վերջո հայտարարեցին, որ իրենց միասնական թեկնածուն Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Հարկ է նշել, որ Քըլըչդարօղլուի կուսակիցներ Ստամբուլի քաղաքապետ Է․ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մ․ Յավաշը, երիտասարդ և խոստումնալից քաղաքական գործիչներ են, վայելում են որոշակի ժողովրդականություն։ Դրա մասին են վկայում ոչ միայն 2019թ․ նրանց գրանցած հաջողությունը, այլև հարցումները, ըստ որոնց, նրանք վարկանշով գրեթե միշտ զբաղեցնում են առաջին տեղը՝ գերազանցելով Էրդողանին։ Ուստի պատահական չէր նրանց առաջադրումն Աքշեների կողմից, որը վերջերս անընդհատ կրկնում էր «հաղթող թեկնածու» առաջադրելու անհրաժեշտության մասին։
Պետք է նշել, որ Մ․ Աքշեների աջակցությունը հատկապես Էքրեմ Իմամօղլուին հստակ արտահայտվել էր դեռևս ամիսներ առաջ։ Ի պաշտպանություն Իմամօղլուի՝ դեկտեմբերին Սարաչհանեում տեղի ունեցած հանրահավաքին, որը գումարվել էր այն բանից հետո, երբ Ստամբուլի 1-ին ատյանի քրեական դատարանը վճիռ էր կայացրել ազատազրկման դատապարտել նրան և արգելել զբաղվել քաղաքականությամբ, Աքշեները բավականին խրոխտ ելույթ ունեցավ՝ համեմատականներ տանելով Իմամօղլուի և Էրդողանի միջև, ակնարկելով, որ Իմամօղլուն շարունակելու է իր քաղաքական ընթացքն այնպես, ինչպես Էրդողանն արեց դա․ «Տարիներ առաջ մի քաղաքապետ կար, որին այստեղ բանաստեղծություն կարդալու համար ասել էին, որ «գյուղապետ անգամ չի կարող լինել» [խոսքն Էրդողանի մասին է-հեղ․]։ Նա նախագահ դարձավ։ Այդ քաղաքապետն այստեղից դիմելով ձեզ ասել էր՝ «Այս երգն այստեղ չի ավարտվելու»։ Ճիշտ է, այդ երգն այդտեղ չավարտվեց։ Այսօր որպես Մերալ Աքշեներ՝ ես խոսք եմ տալիս՝ այս երգն էլ այստեղ չի ավարտվելու»,- հայտարարել էր նա։ Սակայն այս անգամ ԼԿ առաջնորդը, փաստորեն, ստիպված եղավ վերջնական որոշումը զիջել առավել մեծաքանակ ձայներ ունեցող ՀԺԿ-ին, որն էլ առաջադրեց իր բազմամյա առաջնորդին։
Չանդրադառնալով այն հարցերին, թե որոնք էին այդ որոշման պատճառները, ինչպիսիք կարող են լինել և՛ Քեմալ Քըլըչդարօղլուի անձնական հավակնությունները, և՛ Իմամօղլուի դեմ շարունակվող դատական գործընթացի պատճառով նրան առաջադրելու ռիսկայնությունը, և՛ Իմամօղլուի ու Յավաշի միջև ընտրություն անելու դեպքում հնարավոր ներկուսակցական խնդիրները, և՛ Անկարան ու Ստամբուլը 2024թ․ կայանալիք ՏԻՄ ընտրություններում առանց ընդդիմադիր ֆավորիտների չթողնելու ու ԱԶԿ-ին չզիջելու ձգտումը և այլն, թերևս, նշենք, որ եթե վերջիններս երիտասարդ են և ունենալու են հետագայում դրսևորվելու բավականին լուրջ հնարավորություններ, ապա 74-ամյա Քըլըչդարօղլուի համար 2023թ․ ընտրությունները լինելու են վերջին մեծ քաղաքական պայքարը։ Հարկ է նշել, որ ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրման գործընթացի հաջողությունը շատ կարևոր էր այս փուլում և, չնայած արձանագրված ինտրիգներին, արդեն իսկ մեծ շանս է հաջողության համար։ Գործընթացի տապալման և ընդդիմության պառակտման դեպքում, որը շատ հավանական սցենար էր՝ հաշվի առնելով Աքշեների գործոնը, ակնհայտ էր լինելու արդեն, որ գրեթե նույնությամբ կրկնվելու է 2018թ․ պատմությունը, և Էրդողանն ընտրություններին այս անգամ ևս գնալու է երաշխավորված հաղթանակով։
Ինչպես «Ժողովուրդ» դաշինքը, այնպես էլ «Ազգ»-ը՝ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ, այս օրերին աշխատում է համակիրների շարքերը մեծացնելու ուղղությամբ։ Քըլըչդարօղլուն կոչերով է հանդես գալիս ոչ միայն համախմբվել՝ ընդդեմ Էրդողանի, որը նրա խոսքով առաջին և ամենափոքր նպատակն է, այլև համախմբվել Թուրքիան աշխարհի հետ մրցունակ դարձնելու գաղափարի շուրջ։ «Մեր ժողովրդավարությունը, տնտեսությունը, արդարադատական համակարգը և ազատությունները մի ծանր սպառնալիքի՝ Էրդողանի սպառնալիքի տակ են։ Դա, առանց այդ էլ, երկար տարիներ այդպես է, սակայն, այն ժառանգությունը, որն այս տարիքիս թողնելու եմ երկրիս, պետք է որ այդքան փոքր չլինի։ Էրդողանին ուղարկելու ենք։ Դա, առանց այդ էլ, միշտ ասում եմ։ Դա մեր նպատակներից ամենահեշտն է, մինչդեռ մեր հիմնական նպատակը շատ ավելի մեծ է։ Մենք պայմաններ ենք ստեղծելու մրցունակ Թուրքիա կառուցելու համար․․․ Թուրքը, քուրդը, սուննին, ալևին, գլխաշոր կրողն ու չկրողը, աջերը և ձախերը պետք է այս կետում միավորվեն»,- նշեց նա իր վերջին տեսաուղերձներից մեկում։
Այսպես, մարտի 20-ին Քըլըչդարօղլուն խորհրդարանում հանդիպեց նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների հետ։ ԺԴԿ-ն, որն իր ավելի քան 10% վարկանիշով «Ժողովուրդ» և «Ազգ» դաշինքներից հետո երրորդ քաղաքական ուժն է, հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես չեկավ որպես նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուին աջակցելու մասին, սակայն չառաջադրեց նաև իր նախագահի թեկնածուին։ ԺԴԿ-ն, որի դեմ ի դեպ դատական գործընթաց է ընթանում երկրում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապի մեղադրանքով, և հնարավոր է, որ Սահմանադրական դատարանը վճռի փակել այն ու հինգ տարով քաղաքական գործունեության արգելք սահմանել կուսակցության վերնախավի համար ընտրություններից անմիջապես առաջ, այդպես արդեն մարտավարական համագործակցության մեջ մտավ «Ազգ» դաշինքի հետ։ Կանխատեսվում է, որ եթե նույնիսկ մինչև ընտրությունները հայտարարություն չարվի Քըլըչդարօղլուին աջակցելու մասին, ինչը չի բացառվում, որ համաձայնեցված է վերջինիս հետ՝ ազգայնական-պահպանողական ընտրողներին չվանելու համար, ԺԴԿ-ի ընտրողներից առնվազն երկու երրորդը կքվեարկի հենց Քըլըչդարօղլուի օգտին նախագահական ընտրություններում։ Ինչ վերաբերում է խորհրդարան ընտրություններին, ապա ԺԴԿ-ի՝ բանտում գտնվող նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն արդեն հայտարարել է, որ եթե կուսակցությունը փակվի, իրենց պատգամավորի թեկնածուներն առաջադրվելու են «Կանաչ ձախ» կուսակցության (ԿՁԿ) ցուցակներով, ինչը պետք է նշել, որ այդուհանդերձ, մի քանի անգամ բարդացնելու է նրանց գործը՝ հօգուտ իշխող դաշինքի։ Նշենք, որ ԺԴԿ-ն ևս ձախակողմյան սոցիալիստական կուսակցությունների հետ դաշինքով է մասնակցելու ընտրություններին, որն առայժմ կոչվում է «Աշխատանք և ազատություն» դաշինք (Emek ve Özgürlük İttifakı)։
Խորհրդարանական և նախագահական ընտրություններին մասնակցելու են այլ քաղաքական ուժեր նույնպես։ Եթե խորհրդարանական ընտրություններում դրանք կարող են ստանալ խիստ սահմանափակ թվով մանդատներ, ապա նախագահական ընտրություններում չունեն էական շանսեր։ Իսկ նախագահի իրենց թեկնածուներին արդեն իսկ առաջադրել են, օրինակ, «Երկիր» (Մուհարեմ Ինջե), «Հայրենիք» (Դողու Փերինչեք), «Նոր բարօրություն» (Ֆաթիհ Էրբաքան) կուսակցությունները և այլ քաղաքական ուժեր։
Ինչպիսի՞ն է քաղաքական ուժերի վարկանիշը՝ ըստ սոցհարցումների
Թ ուրքիայում գործող հետազոտական բազմաթիվ ընկերություններ նախընտրական շրջանում պարբերաբար հրապարակում են իրենց սոցիալական հարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս երկրում գործող քաղաքական ուժերի և դրանց առաջնորդների վարկանիշը։ Չնայած ընկերությունների հրապարակած հետազոտությունների արդյունքները հաճախ իրարամերժ են լինում և երբեմն նաև մանիպուլյատիվ՝ կախված իշխանության կամ թե ընդդիմության հետ դրանց ունեցած կապերից, այդուհանդերձ, որոշակի պատկերացում տալիս են քաղաքական ուժերի շանսերի մասին։ 2018թ․ ընտրություններից առաջ արված վերջին սոցհարցումներում այնպիսի հետազոտական կենտրոններ, ինչպիսիք են, օրինակ, «Optimar»-ը, «KONDA»-ն, եթե հետահայաց դիտարկենք, շատ մոտ ճշգրտությամբ կարողացել էին մասնավորապես նախագահի ընտրության հարցում պարզել հանրության տրամադրությունները։
Այսպես, ընդգծելով, որ պաշտոնական քարոզարշավը Թուրքիայում դեռևս չի մեկնարկել և դեռևս ամեն պահ կարող է ամեն ինչ գլխիվայր փոխվել, ստորև ներկայացնում ենք այս տարվա մարտ ամսին որոշ ընկերությունների կատարած հետազոտությունների արդյունքները։
2023թ․ մարտի սոցհարցումների համաձայն՝ Էրդողանի ԱԶԿ-ն զբաղեցնում է հիմնականում առաջին հորիզոնականը, Քըլըչդարօղլուի ՀԺԿ-ն՝ երկրորդ, Աշքեների ԼԿ-ն՝ երրորդ, քրդամետ ԺԴԿ-ն՝ չորրորդ, Բահչելիի ԱՇԿ-ն՝ հինգերորդ հորիզոնականը։ Մյուս կուսակցությունները, ինչպիսիք են Բաբաջանի ԺԱԿ-ը, Դավութօղլուի ԱԿ-ն, Քարամոլլաօղլուի ԵԿ-ն, Ումիթ Օզդաղի «Հաղթանակ» կուսակցությունը, Մուհարեմ Ինջեի «Երկիր» կուսակցությունը և Ֆաթիհ Էրբաքանի «Նոր բարօրություն» կուսակցությունը, հավակնում են առավելագույնն ունենալ մինչև 4% ձայն (Ինջեի «Երկիր»-ը որոշ հարցումներով մինչև 6%) և, կախված հարցումներից, նրանք տեղերով հաճախ փոխվում են։
Ըստ Euronews-ի թուրքերեն ծառայության մեկտեղած տվյալների՝ քրդամետ ԺԴԿ-ի, ինչպես և իշխող «Ժողովուրդ» և ընդդիմադիր «Ազգ» դաշինքներում ներառված կուսակցությունների ձայները համապատասխանաբար միավորելիս, դաշինքներն ունենում են հետևյալ վարկանիշը (Yöneylem-ի արդյունքները հաշվված են անորոշ ընտրողների պատասխաններով հանդերձ)։
«Ազգ» դաշինքի կողմից միասնական թեկնածուի անվան հայտարարումից հետո մարտ ամսվա հետազոտություններն առաջին սոցհարցումներն են։ Դրանք այս պահին ցույց են տալիս, որ Քեմալ Քըլըչդարօղլուի ձայները գերազանցում են Թայիփ Էրդողանին։ Նշենք նաև, որ եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկը չկարողանա հավաքել 50%+1 ձայն, ապա ընտրության երկրորդ փուլ է կայանալու, որտեղ մրցակցելու են ամենաբարձր ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները։ Ստորև, հղում կատարելով Euronews-ի թուրքերեն ծառայության մեկտեղած տվյալներին, ներկայացնում ենք Քըլըչդարօղլուի և Էրդողանի վարկանիշը ցույց տվող հարցումների արդյունքները նույնպես (հաշվված են առանց անորոշ ընտրողների պատասխանների)։
Այսպիսով, ամփոփելով նշենք, որ Թուրքիայում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ պետության հետագա ընթացքի տեսանկյունից այդքան կարևորվող ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Այս պահին իշխանությունն ու ընդդիմությունը վերջին նախապարաստական աշխատանքներն են տանում պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ։ Թե՛ Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» դաշինքը և թե՛ Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» դաշինքն ունեն ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու լուրջ շանսեր։ Ավելին, վերջին երկու տասնամյակի ընթացքում ընդդիմությունը, թերևս, ամենաշատն է մոտ հաղթանակին՝ եթե հաշվի առնենք, որ առայժմ հաջողում է հանդես գալ միասնական դիրքերից։ Խիստ կարևոր և որոշիչ է լինելու, սակայն, քարոզարշավի բուն ընթացը։ Ընդդիմադիր թեկնածուի և նրա դաշնակիցների համար իսկապես շատ բարդ է լինելու արշավը վարել այնպիսի վարպետությամբ, որով կգերազանցեն տարիների հաջողված փորձ ունեցող Էրդողանին։ Վերջինս ինչպես քարոզարշավում, այնպես էլ հենց ընտրությունների ընթացքում վստահաբար գործադրելու է բոլոր հնարավոր միջոցները և ցուցաբերելու է իր լավագույն հմտությունները հաղթանակի հասնելու համար։