Արցախի շրջափակմանը նախորդած ադրբեջանական քարոզչական թեզերը
12 ր. | 2023-01-17Ա դրբեջանը 2022թ․ դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Թեև պաշտոնական Բաքուն տարբեր մակարդակի հայտարարություններով փորձում է հիմնավորել ստեղծված իրավիճակն, այնուհանդերձ Լաչինի միջանքի փակմանը նախորդած իրողությունների, հնչեցված կոչերի և սպառնալիքների, շրջանառության մեջ դրված նոր կեղծ թեզերի ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս հումանիտար աղետ ստեղծելու և Արցախը հայաթափելու նպատակով Բաքվի կողմից ամիսներ առաջ մշակված քաղաքականությունը։ Միջանցքը փակելու մշակված գործողությունը գործի դնելուց օրեր առաջ իշխանական գործիչները, մամուլը սկսում են լայն շրջանառության մեջ դնել «Ադրբեջանի բնական ռեսուրսները թալանելու» թեման։
Լաչինի միջանցքի փակմանը նախորդած ժամանակահատվածում նոր կեղծ քարոզչական թեզերի կառուցումն ու շրջանառումը
2 022թ. ընթացքում Ադրբեջանի պետական քարոզչությունը առաջ է քաշել և լայնորեն շրջանառել «պատերազմից հետո Ադրբեջանի տարածքում 2021 թվականին Հայաստանում արտադրված հակահետևակային ականների տեղադրման» թեզը։ Մասնավորապես, քարոզչական այս նոր թեզը շրջանառության մեջ է դրվել 2022թ. ապրիլից, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Քարվաճառում «նոր տեղադրված ականներ կան»։
2022թ. օգոստոսից Բերձորի և Լաչինի նախկին միջանցքի երկայնքով ընկած մյուս բնակավայրերի, տարածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատումից հետո նշված թեզը սկսել է առավել ակտիվ տարածվել, և առաջին նման պաշտոնական հաղորդագրությունը եղել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից օգոստոսի 16-ին։ Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան օգոստոս-նոյեմբեր ամիսներին ակտիվորեն աշխատել է թեզի զարգացման վրա, և արդեն նոյեմբերի 24-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «ականները բերվել են Լաչին միջանցքով և տեղադրվել Ադրբեջանի տարածքներում»։
Ադրբեջանի կողմից վերոնշված թեզի շրջանառման հիմնական նպատակներից մեկը Լաչինի միջանցքի թիրախավորումն ու այդպիսով նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար ճնշման մեխանիզմի ստեղծումն էր։ Պաշտոնական Բաքուն, ցույց տալով, որ «Հայաստանը միջանցքն օգտագործում է զենք-զինամթերքի փոխադրման համար», հիմքեր էր ստեղծում դա Հայաստանի կողմից նոյեմբերի 9/10-ի հայտարարության խախտում ներկայացնելու և միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության սահմանման պահանջն առաջ քաշելու համար։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանական քարոզչական և իշխանամերձ մամուլն ու թելեգրամյան ալիքները, հանրային-փորձագիտական շրջանակները, քաղգործիչներն ու պատգամավորները լծվել էին «Լաչինի միջանցքի փակման կամ վերահսկման անհրաժեշտության» քարոզի լայն տարածման և «ռուս խաղաղապահների գործունեության վրա ստվեր գցելու» գործին։
ՌԴ խաղաղապահ զորախմբի դեմ քարոզչության նկատելի աճ գրանցվել է դեռևս հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում անցկացված բազմամարդ ցույցի և Արցախում Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակման շրջանում։ Հանրային-փորձագիտական դաշտում պարբերաբար շրջանառվում էր կարծիք, թե «Մոսկվան Ղարաբաղում նոր խաղ է պատրաստում» և «հանրահավաքի միջոցով փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա» (1,2,3,4,5)։ Այս ամենն ուղեկցվում էր նաև ակնհայտ հակահայկական և հումանիտար խնդիրներ ստեղծելու կոչերով, մասնավորապես՝
- Ադրբեջանական պետական Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի արտաքին քաղաքականության բաժնի պետ Ջավիդ Վալիևը հայտարարել է, թե «Ադրբեջանի դեմ խաղերն Ադրբեջանին իրավունք են տալիս որոշակի քայլեր ձեռնարկել, մոտենում է ձմեռը, իսկ Ղարաբաղի հայերի գազը, ջուրը և Էլեկտրաէներգիան կարող է ապահովել միայն Ադրբեջանը»:
- Ադրբեջանի REAL կուսակցության ղեկավար կազմից Նաթիգ Ջաֆարլին հայտարարել է, որ «եթե Սոչիի հանդիպումից արդյունքներ չլինեն, պետք է փակել Լաչինի միջանցքը՝ որպես հակընդդեմ քայլ, եթե չկա Զանգեզուրի միջանցքը, չկա նաև Լաչինի միջանցքը»։
- Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն հայտարարել է, թե «Լաչինի ճանապարհին անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը կարող է թույլ տալ այստեղով անցնել միայն այն հայերին, որոնք Ղարաբաղում ապրում են Ադրբեջանի օրենքներով»:
Միևնույն ժամանակ, ռուս խաղաղապահներին ուղղված հայտարարություններին միանում է նաև Ադրբեջանի ՊՆ-ն, որը ՌԴ պաշտպանության գերատեսչության պաշտոնական կայքում խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկության մեջ Արցախի հայկական տեղանունների կիրառման առնչությամբ միայն նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում 10 հայտարարություն է տարածել։
Այս ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենան հրապարակում և մտացածին բացահայտումներ է անում «Լաչինի միջանցքի ապօրինի շահագործման, որպես հումանիտար բեռ տեղափոխված զենք-զինամթերքի և Արցախում հայերի սպառազինման մասին», ինչն ուղեկցվում էր հակառուսական, իսկ երբեմն նաև հակաիրանական տրամադրությունների հստակ արտահայտմամբ։
- Նոյեմբերի 30-ին ադրբեջանական Qafqazinfo.az կայքը հրապարակում է Արցախ մուտք գործած 14 արտասահմանցու մասին նյութ՝ որտեղ խոսվում է «ռուս խաղաղապահների հերթական ինքնագլխության» մասին։ Դեկտեմբերի 1-ին արդեն կայքը գրում է իբրև «Իրանից Ղարաբաղ ահաբեկչական-դիվերսիոն խմբի ուղարկման» մասին, և մի շարք կայքերում հրապարակվում են վերլուծություններ, որոնցում Իրանը մեղադրվում է հայերին աջակցելու մեջ։ Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հարցի առնչությամբ նոտա է հղում Իրանին և պարզաբանում պահանջում։
- Նոյեմբերի 30-ին ադրբեջանական Caliber.az-ը գրում է «Base Metals» ընկերության կողմից Ստեփանակերտից Հայաստան տեղափոխվող հումքի մասին, որն «արտահանվում է ՌԴ խաղաղահապահների վերահսկողության գոտում գտնվող ոսկու հանքից»։ Հրապարակումը հիմնականում թիրախավորում էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին ու ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովին։ Շեշտվում է, թե «հանքերի թալանն իրականացվում է Լաչինի միջանցքի միջոցով և անմիջապես խաղաղապահների հրամանատարության թողտվությամբ»։
- Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանի նիստի ընթացքում պատգամավորները բաց տեքտերով հայտարարում են, թե «ռուս խաղաղապահների հովանավորությամբ Լաչինի միջանցքով Ադրբեջանի ռեսուրսներն են տեղափոխվում, իսկ Ղարաբաղ զենք-զինամթերք ու Իրանից հատուկ ծառայությունների աշխատակիցներ են բերվում, և Ադրբեջանը պետք է Լաչինում սեփական վերահսկման կետն ունենա»։
Նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկբին Լաչինի միջանքի փակման կամ Ադրբեջանի կողմից վերահսկման պահանջներին գումարվեցին նաև Բաքվի կողմից «Լաչինի միջանցք գործողության» անցկացման հավանականությանն առնչվող վերլուծություններ։ Ադրբեջանցի ռազմական փորձագետների գնահատականներում նոր ռազմագործողության մեկնարկը դիտարկվում էր չափազանց ռիսկային և ի վնաս Բաքվի շահերի, ըստ այդմ՝ կոչ էր արվում գործել ավելի զգույշ քայլերով։
Լաչինի ճանապարհը փակելու առաջին փորձը եղավ դեկտեմբերի 3-ին, երբ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատրվակներով մի քանի ժամով փորձեցին արգելափակել Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ ՌԴ խաղաղապահների հետ բանակցություններից հետո միայն ճանապարհը բացվեց։
Ադրբեջանական մամուլում ճանապարհի փակման լուրերը տարածվեցին հիմնականում հայկական լրատվամիջոցներին հղումով և թեման հստակ լուսաբանվեց միայն Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած հայտարարությունից հետո։ Հայտարարությունում մասնավորապես ասվում էր, թե նախարարության հարցման հիման վրա երկրի ՊՆ-ն դիմել է ՌԴ խաղաղապահների հրամանատարությանը բնապահպանական մշտադիտարկման իրականացման համար, և այդ «մասնագետների խումբը» խաղաղապահների տեղակայման վայր է ուղարկվել, որտեղ քննարկում է եղել հետագա գործողությունների քարտեզի պատրաստման շուրջ։
Դեկտեմբերի 7-ին հաղորդվեց, որ Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարությանը կից Գույքային հարցերի պետական ծառայության և «AzerGold» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների և ՌԴ խաղաղապահների բանակցությունները շարունակվում են, սակայն խաղաղապահները «խոչընդոտել են» մշտադիտարկման խմբի գործունեությունը լուսաբանելու համար ադրբեջանցի լրագրողների մուտքը Խոջալու։
Այս ամենին զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան մամուլում շարունակում էր «բնապահպանական խնդիրների» մասին քարոզչության տարածումը (1,2)։ Տեղական մամուլը շարունակում էր թիրախավորել ՌԴ խաղաղապահների հրամանատար Ա․ Վոլկովին՝ շեշտելով, որ Ադրբեջանը սկսել է լուրջ միջոցառումներ կիրառել խաղաղապահների ինքնագլխությունների դեմ:
Մյուս կողմից, Արցախի օկուպացված տարածքների խնդիրներով զբաղվող Համակարգող շտաբին կից գործող միջգերատեսչական կենտրոնի բնապահպանական հարցերով աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ին նիստ է հրավիրում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անցկացված մշտադիտարկումների առնչությամբ և հայտարարում Ողջի գետի (Օխչուչայ) աղտոտման մասին։ Աշխատանքային խումբը հարցի առնչությամբ դիմում է Ադրբեջանի գլխավոր դատախազություն։
Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունն ու ԱՀ բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը համատեղ հայտարարություն են տարածում՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ դեկտեմբերի 3-ին և 7-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքների համաձայն՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում պետք է ստուգումներ մեկնարկեն։ Սակայն Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարում է, որ «հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք»։
Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հարցի առնչությամբ բողոքի նոտա է հղում ՌԴ-ին՝ հայտարարելով, որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պայմանավորվածությունն ու չեն ապահովել ադրբեջանցի «բնապահպանների» շրջայցը հանքավայրերում։
Այսպիսով, ընդամենը մեկ օր անց Ադրբեջանն անցավ Արցախի համար կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը փակելու և 120 հազար արցախահայությանն ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելու մշակված գործողության իրականացմանը, ինչի համար հիմնքեր էր նախապատրաստել ամիսներ շարունակ տարվող քարոզչությամբ ու հաշվարկված քայլերով։
Լաչինի ճանապարհի փակում. ներկայացված պահանջներն ու դրանց Էվոլյուցիան
Դ եկտեմբերի 12-ին իրենց որպես «ակտիվիստներ» և «բնապահպանական ՀԿ-ների» անդամ ներկայացնող մի խումբ ադրբեջանցիներ Արցախի Հանրապետությունում գտնվող Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի շահագործումը դադարեցնելու պատրվակով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Այսպես կոչված ադրբեջանցի «էկո-ակտիվիստները» պահանջում էին դադարեցնել հանքավայրերի շահագործումը, պայմաններ ստեղծել մշտադիտարկման համար։ Ադրբեջանցիների հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Վուգար Քերիմովը հայտարարել էր, որ «հանքավայրերում մոնիտորինգի համար պայմաններ չեն ստեղծվել», ակցիայի հիմնական պահանջներն են՝ դադարեցնել հանքի շահագործումը, պայմաններ ստեղծել «պատճառված» վնասի գնահատման համար։
Այդ օրը և հետագա օրերին հնչեցվել են հետևյալ կարգախոսներ ու պահանջները.
- Թույլատրել Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը մշտադիտարկում անցկացնել,
- Ստեղծել հանրային խումբ,
- Արցախում մշտական ներկայություն և մշտական կապ ապահովել,
- «Ադրբեջանը միասնական է և պաշտպանում է իր հարստությունը»,
- «Վերջ էկոհանցագործությանը»,
- «Ոչ՝ էկոցիդին, այո՝ մոնիթորինգին»։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հաջորդ օրն արդեն ադրբեջանցիները սկսեցին շրջանառել այն թեզը, որ ճանապարհը ոչ թե փակել են ադրբեջանցիները, այլ՝ ռուս խաղաղապահները։ Իհարկե, սա ինքնաբուխ կոչեր չէին, այն հաջորդել էր նույն օրը Ադրբեջանի նախագահի օգնականի մակարդակով արված հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե «ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահները»։
Ցուցարարների և պետական պաշտոնյանների սինխրոնիզացված հայտարարությունները ցույց են տալիս, որ, այսպես կոչված, «էկո-ակտիվիստները» սերտ համագործակցում են Ադրբեջան պետության ղեկավարության հետ, և որքան էլ ադրբեջանական կողմը պնդում է, որ այն «ինքնաբուխ» ակցիա է և ուղղված է շրջակա միջացավայրի պահպանմանը, այն ուղղորդվում է հենց ադրբեջանական քաղաքական բարձր շրջանակնների կողմից և պահանջներն ու կոչերը համապատասխանեցվում են երկրի ղեկավարության հետ։
Ասվածի ևս մեկ ապացույցն է նաև այն, որ ակցիայի ընթացքում մասնակցիները սկսեցին առաջ քաշել Ադրբեջանի պետական քարոզչության «ականների ահաբեկչության» և «Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով չշահագործելու» պաշտոնական թեզերը՝ այդկերպ նույնպես «ինքնաբուխ» ակցիային տալով քաղաքական երանգներ։ Ակցիայի ընթացքում պարբերաբար նկատվում էին «Ականների ահաբեկչություն», «Լաչինի միջանցքը խաղաղության միջանցք է և ոչ թե թմրանյութերի տեղափոխման» գրությամբ պաստառները: Եվ սա հենց այնպես չէր, քանզի նախքան դեկտեմբերի 12-ը, Ադրբեջանը օգտվելով այս քարոզչական թեզերից՝ մեղանդրանքներ էր հնչեցրել Հայաստանի դեմ՝ հող նախապատրաստելով հաջորդ սադրանքի՝ Լաչինի ճանապարհի փակման համար:
*Ադրբեջաներենից թարգմանաբար «Լաչինի ճանպաարհը խաղաղության ճանապարհ է, ոչ թե ավազակության, մաքսանենգության, թմրանմիջոցների տեղափոխման ճանապարհ»։
Բացի այդ, քաղաքական երանգները նաև ակնհայտ էին ռուս խաղաղապահների դեմ ուղղված ադրբեջանցի «ցուցարարների» գործողություններում: Լաչինի միջանցքի փակման հենց առաջին օր, մեդիա ոլորտի ներկայացուցիչները, ցուցարարները տարբեր սադրանքների էին դիմում խաղաղապահների ուղղությամբ, ամեն կերպ փորձում ստեղծել անվերահսկելի իրավիճակ: «Ցուցարարները» պահանջում էին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ա. Վոլկովի հետ հանդիպում: Զուգահեռ հնչեցնում էին ռուս խաղաղապահներին ուղղված հակասական կարգախոսներ: Այստեղ ուշադրության է արժանի այն փաստը, որ ակցիայի առաջին օրերին «ցուցարարները» փորձում էին խաղաղապահների դեմ սադրանքներ հրահրել, սակայն չկարողանալով ոչինչ անել, հայտարարում էին՝ «ռուսների դեմ ոչինչ չունեն»: Այնհուհետև, ակցիայի հաջորդ օրերին, քաղաքական զարգացումների, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների կողմից խաղաղապահ զորակազմի դեմ հնչեցված հայտարարությունների ֆոնին Շուշիի հատվածում ճանապարհը փակած ադրբեջանցիները բացեիբաց արդեն հայտարարում էին՝ «մենք սրանցից [խաղաղապահներից] չենք վախենում, սա Ուկրաինան չէ, Դոնբասը չէ», «Նրանք [խաղաղապահները] մեզ պետք չեն», «սրանց [խաղաղապահներին] մենք չենք հրավիրել»։ Խաղաղապահների նկատմամբ «էկո-ակտիվիստների» և դրան զուգահեռ Ադրբեջանի պատգամավորների հնչեցրած մեղադրանքներն ու հայտարարություններն էլ ևս մեկ անգամ փաստում են, որ ակցիան նպատակ ուներ նաև հեղինակազրկել խաղաղապահ զորակազմի գործունությունը:
Քաղաքական մի քանի ուղղվածություն պարունակող «ակցիայի» մասնակիցները օրեր անց հայտարարություն են տարածում, որտեղ նշվում է, որ «բողոքի ցույցը կրում է խաղաղ նպատակ, քաղհասարակության ներկայացուցիչները հնչեցնում են Ադրբեջանի բնական պաշարների թալանի և շրջակա միջավայրին հասցվող վնասներին վերջ տալու կոչեր»։ Սակայն ադրբեջանցիների կողմից հնչեցված «միայն բնապահպանական» կոչերը արտահայտում էին ազգայնական այնպիսի կոչեր, ինչպիսիք են «Թող միշտ լինի Ադրբեջանը, իսկ նրանք, ովքեր չեն ուզում, թող կուրանան» կամ ռազմական սպառնալիք պարունակող վանկարկումներ, օրինակ «հանքերը պետք է ազատագրվեն», «ամենամեծ զինվորը մեր զիվորն է», «շեհիդներն անմահ են, հայրենիքը՝ անբաժան»: Հարկ է նաև նշել, որ ցույցերից հրապարակվում էին ծայրահեղական համարվող «Գորշ գայլերի»[1] նշանը պատկերող լուսանկարներ:
Նկարները՝ Karabakh Records-ի թելեգրամյան ալիքից
Հնչեցվող ազգայնական, ռազմական կոչերին զուգահեռ, երբ Ադրբեջանը, խախտելով 2022թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունը և մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ ազատ տեղաշարժի իրավունքը, փակել էր Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշիի հատվածը, մի քանի օր շարունակ ձմռան սառը պայմաններում խափանել Հայաստանից դեպի Արցախ գազամատակարանումը, ադրբեջանցի «ցուցարարաները» կոչ են անում հայերին «գալ ապրել միասին» և «միասին պայքարել ահաբեկչության դեմ»: «Ահաբեկիչներն» ըստ նրանց, Արցախի ղեկավարությունն է, Արայիկ Հարությունանը, Ռուբեն Վարդանյանը, վերջինիս դեմ հսկայական արշավ էր սկսվել Ադրբեջանում:
Հատկանշական է նաև, որ իբր թե բնապահպանական նպատակներ հետապնդող ակցիայի շարունակելուն զուգահեռ Ադրբեջանի ներսում ավելի էին զարգացնում Լաչինի ճանապարհի և Նախիջևանի հետ զուգահեռներ անցկացնելու փորձերը: Նմանատիպ թեզեր դեռևս հնչեցվել էին նախքան Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակումը, սակայն ճանապարհի փակումից հետո Ադրբեջանի խորհրդարանում Նախիջևանում ցույցեր կազմակերպելու առաջարկ է հնչեցվել։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել էր «Նախիջանում նույնպես ցույց կազմակերպել՝ ճանապարհի բացելու պահանջով»: Երկրի խորհրդարանում հնչեցված այս միտքը, նույնպես գալիս է ապացուցելու, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակվել է հենց Ադրբեջանի ղեկավարի ցուցումով ու այն հետապնդում է քաղաքական մի քանի նպատակներ, որոնցից մեկն, այսպես կոչված, «Զանգեզուրի» միջանցքի բացման համար օրակարգ ստեղծելն է։
Այսպիսով, հիմք ընդունելով Լաչինի միջանցքի փակմանը նախորդած շրջանում ադրբեջանական կողմի առաջ քաշած թեզերի և արված հայտարարությունների, այնուհետև ակցիայի ընթացքում ցուցարարների կողմից փոփոխվող և ավելացվող պահանջների վերլուծությունը, ինչպես նաև դեկտեմբերի 28-ին Արցախի կառավարության կողմից Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի գործունեության ժամանակավոր դադարեցման և մոնիթորինգի անցկացման առաջարկը՝ կարող ենք պնդել, որ վերոնշյալ ակցիան որևէ կապ չունի «բնապահպանական և խաղաղ ակցիայի հետ» և ունի հստակ հաշվարկված նպատակներ, որոնց վերջնանպատակը Արցախի հայաթափման համար պայմանների ստեղծումն է, ինչն էլ իր խոսքում հստակ ձևակերպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ «ով չի ցանկանում լինել մեր քաղաքացին՝ ճանապարհը փակ չէ, բաց է։ Կարող են գնալ»:
Բացի վերոնշյալից, Բաքուն չի հրաժարվում ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ իր պահանջներից և ակցիային զուգահեռ զարգացնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման փորձում է հավասարության նշան դնել «միջանցնքերի» միջև և հավելյալ ճնշում գործադրել Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային կապ ստեղծելու համար։
[1] Եվրախորհուրդը «Գորշ գայլերի» շարժումը ներառել էր ահաբեկչական խմբերի ցանկում, իսկ Ֆրանսիայում 2020-ի նոյեմբերի 4-ից պաշտոնապես արգելվել է «Գորշ գայլերի» գործունեությունը։