Վրաստանի ամենահեղինակավոր ինստիտուտները. IRI հետազոտություն
5 ր. | 2022-11-17Ն ոյեմբերի 7-ին հրապարակվել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հերթական հետազոտությունը Վրաստանի տնտեսական, քաղաքական, անվտանգության հարցերի շուրջ հասարակական կարծիքի վերաբերյալ։ Հարցումն իրականացվել է 2022թ․ սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 2-ը, մասնակցել է 1500 մարդ։
Սա IRI-ի այս տարվա երկրորդ հետազոտությունն է, նախորդն իրականացվել էր ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ մարտի 4-24-ը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարն ու քարտուղարն անդրադարձել են հետազոտությանը՝ նշելով, որ հարցումն իրականացրած տեղական կազմակերպությանը վստահել պետք չէ։ «Պարզ երևում է, որ մանիպուլացնելու հստակ հետաքրքրվածություն կա»,- հայտնել է Կոբախիձեն՝ անդրադառնալով կուսակցության, ինչպես նաև պատրիարքարանի վարկանիշներին։ Կուսակցության քարտուղար Մամուկա Մդինարաձեն նույնպես շեշտել է որոշ քաղաքական դեմքերի և պատրիարքարանի վարկանիշը՝ նշելով, որ հարցումն իրականացրած կազմակերպությունը դիտավորյալ վնասում է պատրիարքարանի իմիջը։
Վրաստանի ամենահեղինակավոր ինստիտուտները
Հետազոտության արդյունքներով վրացական բանակը 74% բարեհաճ վերաբերմունքով շարունակում է գլխավորել վրացական ամենահեղինակավոր ինստիտուտների ցուցակը։ 2-րդ տեղում Վրաց պատրիարքարանն է (68%), թեև հանրային գործիչների ցուցակը, ինչպես ամեն տարի, գլխավորում է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը (88%)։ Երրորդ տեղում ոստիկանությունն է, իսկ 4-րդում՝ տեղական ինքնակառավարման մարմինները։ Հնգյակը եզրափակում է վրացական մեդիան՝ 55% բարեհաճ վերաբերմունքով։
Հ ետաքրքրականն այն է, որ թեև սույն թվականի մարտի հետազոտությունից վարկանշային աղյուսակները փոփոխություն չեն կրել, սակայն էապես փոխվել է տոկոսային հարաբերակցությունը։ Եթե 2022թ. մարտին վրացական բանակի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ուներ հարցվածների 84%-ը, ապա սեպտեմբերին՝ 74%: 2021թ. փետրվարի հետազոտության արդյունքներով էլ բանակի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ուներ հարցվածների 82%-ը։ Հատկանշական է, որ բանակն ամենաբարձր վարկանիշը՝ 93% բարեհաճ վերաբերմունք, ունեցել է 2014-2015թթ.։
Էապես նվազել է նաև պատրիարքարանի նկատմամբ բարեհաճությունը. մարտի տվյալներով՝ այն 81% էր։ Իլյա 2-րդի վարկանիշը նույնպես փոփոփվել է՝ եթե մարտին բարեհաճ վերաբերմունք ուներ հարցվածների 92%-ը, իսկ ոչ բարեհաճ՝ 4-ը, ապա սեպտեմբերի տվյալներով՝ բարեհաճ վերաբերմունք ունի 88%-ը, անբարեհաճ՝ 7%-ը։ 2021թ. հունիսի տվյալներով՝ Իլյա 2-րդի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքը նույնպես եղել է 88%։
Հարկ է նշել, որ վրաց եկեղեցու մասին հարցեր ներառում է ինչպես IRI-ն, այնպես էլ՝ NDI-ը։ IRI-ի հետազոտություններում եկեղեցու մասին հարցեր կան 2003 թ.-ից։ Ամենաբարձր վարկանիշն ունեցել է 2008թ-ին՝ 96%։ NDI-ի հետազոտություններում էլ առաջին հորիզոնականում ավանդաբար հայտնվում էր Վրաց ուղղափառ եկեղեցին, որի վերաբերյալ հարցեր ներառվել են հետազոտության մեջ 2015թ-ից։ Հենց այդ տարում էլ եկեղեցու գործունեությունը բարձր էր գնահատել հարցվածների 75%-ը։ 2017-2018թթ. ցուցանիշը նվազել էր, հետո մի փոքր բարձրացել, իսկ 2019թ. վերջին հետազոտությամբ եկեղեցու աշխատանքը դրական էր գնահատել հարցվածների 50%-ը։ Այսինքն՝ 2015թ. 75%-ից եկեղեցու նկատմամբ վստահությունը 2019թ. Վերջին հետազոտությամբ դարձել է 50%՝ 4 տարվա ընթացքում գրանցելով 25% նվազում։
Վրաստանի ներքաղաքական պատկերը
Ըստ հետազոտության՝ հարցվածների 62%-ն ասել է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում (61% մարտի տվյալներով)։ Մեծամասնության կարծիքով տնտեսությունը, գործազրկությունը և բարձր գները երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներն են (առաջին և երկրորդ պատասխաններով)։ 34%-ը կողմ է ընդդիմության արտահերթ ընտրություններ իրականացնելու պահանջին, ևս 34%-ը՝ դեմ։
Ե թե խորհրդարանական ընտրությունները լինեին վաղը, ապա հարցվածների մեծ մասը (25%) կքվեարկեր իշխող կուսակցության օգտին, ընդամենը 12%-ը՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» օգտին։
Հարցվածների մեծամասնությունը շարունակում է բարեհաճ վերաբերմունք ունենալ իշխող կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ 51% ցուցանիշով ցուցակը գլխավորում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հաջորդիվ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է՝ 44%-ով։ 3-րդ հորիզոնականում Աննա Դոլիձեն է՝ «Ժողովրդի համար» ընդդիմադիր կուսակցության ղեկավարը։
Միջազգային հարաբերություններ
Վրաստանում անցկացվող ցանկացած հարցում անպայմանորեն ներառում է հարցեր ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության վերաբերյալ։ Այդ հարցերն անկարևոր չեն. Ինտեգրման համար ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ՆԱՏՕ-ն հաշվի են առնում ասպիրանտ երկրի հասարակության կարծիքը. հասարակությունը պետք է մեծապես աջակցի երկրի ընտրությունը։ Այդ իսկ պատճառով անցկացվող հարցումներում անդամակցության հարցը մշտապես ներառվում է։
Հ արցվածների մեծամասնությունը կողմ է Վրաստանի ԵՄ անդամակցությանը՝ 85%, սակայն 50%-ը չի հավատում, որ երկիրը 2023-ին կստանա ԵՄ անդամակցության թեկնածություն։
Ինչ վերաբերում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ապա դրան կողմ է 78%-ը՝ համարելով, որ Դաշինքին միանալու ամենակարևոր օգուտն անվտանգությունը կլինի։
Թեև Ռուսաստանին մշտապես սպառնալիք համարողների տոկոսը բարձր է՝ 89%, սակայն 59%-ը կողմ է ՌԴ-ի հետ երկխոսությանը։ Ըստ հարցվածների՝ քաղաքական սպառնալիք են նաև Թուրքիան (11%), ԱՄՆ-ն (6%), Հայաստանը (4%), Ադրբեջանը (3%)։
Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքական և տնտեսական գործընկերներին, ապա պատկերը հետևյալն է՝
- Վրաստանի ամենակարևոր քաղաքական գործընկերներն են՝ ԵՄ-ն (51%), ԱՄՆ-ն (47%), Ուկրաինան (24%), Թուրքիան(16%), Ադրբեջանը (14%)։ Հայաստանը 8-րդ տեղում է 6% ցուցանիշով։
- Վրաստանի ամենակարևոր տնտեսական գործընկերներն են՝ ԵՄ-ն (48%), ԱՄՆ-ն(43%), Թուրքիան(28%), Ուկրաինան(19%), Ադրբեջանը(18%)։ Հայաստանը 9-րդ հորիզոնականում է 5%-ով։ Տնտեսական սպառնալիք է Վրաստանի համար ՌԴ-ն(80%), Թուրքիան(10%), ԱՄՆ-ն(4%), Ադրբեջանը (3%): Հայաստանը 6-րդ տեղում է 2%-ով։
Հարկ է նշել, որ IRI-ի վերջին 6 տարվա հետազոտությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին որպես քաղաքական և տնտեսական սպառնալիք Հայաստանի ցուցանիշը փոքր-ինչ նվազել է։ Եթե 2016թ. Հայաստանին սպառնալիք (տարանջատված չէին քաղաքական և տնտեսական սպառնալիքները) էր համարում հարցվածների 2%-ը, ապա 2022-ին՝ 4%-ը։ 2018-2019թթ. որպես տնտեսական սպառնալիք Հայաստանին նշել է հարցվածների միայն 1%-ը, իսկ 2021-ին՝ 3%-ը։ 2022թ. երկու հարցումներով տնտեսական սպառնալիքի ցուցանիշը տատանվել է 1-2%-ում։
1. Դաշտային աշխատանքներն իրականացրել է Institute of Polling & Marketing, հետազոտությունը CISR-ի անունից համակարգել է Baltic Surveys/The Gallup կազմակերպությունը։
2.Եկեղեցու մասին վերջին անգամ հարց ներառվել է 2019թ. Հետազոտության մեջ։ Դրանից հետո NDI-ի հետազոտություններում եկեղեցու կամ պատրիարքի վերաբերյալ հարց չկա։