«Վրաստանը որոշ օգուտ ունի մատակարարման գլոբալ շղթայի խափանումից». վրացի տնտեսագետ

6 ր.   |  2022-06-16

«Օրբելի» վերլուծական կենտրոնը զրուցել է վրացի տնտեսագետ, Թբիլիսիի պետական համալսարանի Վերլուծության և կանխատեսումների կենտրոնի տնօրեն Վախթանգ Ճարաիայի հետ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Վրաստանում տնտեսական խնդիրների և նոր մարտահրավերների վերաբերյալ։

- Փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին՝ հաշվի առնելով ազգային և բնակչության շահերը։ Ավելի ուշ Վրաստանի նախագահը CNN-ին ասել էր, որ Վրաստանը մասնակցում է միջազգային բոլոր ֆինանսական պատժամիջոցներին։ Սրան հաջորդել էր վարչապետ Ղարիբաշվիլիի նոր հայտարարությունը, թե Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի կիրառելու Ռուսաստանի նկատմամբ։ Խնդրում եմ պարզաբանել այս հայտարարությունները։ Վրաստանն անհատապե՞ս  պատժամիջոցներ չի կիրառում, թե՞ ընդհանրապես չի միանում միջազգային պատժամիջոցներին։

- Վրաստանը Ռուսաստանի դեմ կիրառված բոլոր միջազգային պատժամիջոցների մաս է։ Դա ճիշտ է, բայց Վրաստանն ակտիվ չէ Ռուսաստանի դեմ երկկողմ պատժամիջոցների հարցում։ Եթե նկատի ունենանք դիվանագիտական հարթությունը, ապա չի եղել թեկուզ մեկ դեպք, երբ Վրաստանը հրաժարվի Ռուսաստանի դեմ քվեարկելուց։ Բոլոր դեպքերում Վրաստանն աջակցում է Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի։ Դիվանագիտական հարթությունում պարզ է, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինային, բայց տնտեսական պատժամիջոցների դեպքում կարող եք տեսնել, որ նույնիսկ Եվրամիության ներսում ոչ բոլոր երկրներն են նույն պատժամիջոցները կիրառում Ռուսաստանի դեմ։ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ՝ Բալթյան երկրները, Լեհաստանը, հայտարարեցին, որ կփակեն սահմանը և հրաժարվեցին առևտուր անել Ռուսաստանի հետ, Լիտվան նույնիսկ դադարեցրեց ռուսական գազի ներմուծումը։

Բայց Եվրամիությունում կան շատ այլ երկրներ, ինչպիսիք են Գերմանիան կամ Հունգարիան, որոնք չեն փակել սահմանը և շարունակել են ստանալ ռուսական գազ և/կամ պատրաստ են գնել ռուսական նավթ:

Վրաստանի դեպքում՝ երկիրը լիովին իրականացնում է գործառույթները դիվանագիտական ոլորտում։ Միջազգային ֆինանսական տեսանկյունից Վրաստանն աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ բանկային համակարգի ոլորտում։

Մենք ունեինք ռուսական հայտնի բանկերից մեկը՝ ՎՏԲ բանկը, որը պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ չանցած փակվեց։ Ռուսական վճարային քարտերը Վրաստանում չեն ընդունվում, քանի որ Visa-ն և MasterCard-ը դադարեցրել են իրենց աշխատանքը ռուս հաճախորդների համար։ Վրաստանը թույլ չի տալիս ռուսական «Միր» հատուկ վճարային համակարգի միջոցով որևէ գործարք կատարել։

Բայց երկկողմ տնտեսական համագործակցության առումով, ինչպիսին են առևտրային կամ ֆինանսական տրանսֆերտները, Վրաստանը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ։ Այս դեպքում Վրաստանը վնաս կհասցներ միայն իր տնտեսությանը և չէր կարողանա վնասել ռուսական տնտեսությանը։ Սա Վրաստանի կառավարության կողմից պրագմատիկ քայլ է, սակայն դեռ կան որոշ ոլորտներ, որտեղ Վրաստանը կարող է երկկողմանի պատժամիջոցներ կիրառել։ Վրաստանը Ռուսաստանից որոշակի քանակությամբ գազ է ստանում։ Հիմնական մատակարարն Ադրբեջանն է։ Վրաստանը, կարծում եմ, հեշտությամբ կարող է «ոչ» ասել ռուսական գազին ուկրաինացի բարեկամներին աջակցելու համար։ Հավանաբար, վաղ թե ուշ Վրաստանի կառավարությունը դա կանի, եթե պատերազմն անցնի ավելի ինտենսիվ մակարդակի։

- Շատ երկրներ տարբեր պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի դեմ։ Հատկապես փոքր երկրների տնտեսության վրա ՌԴ պատժամիջոցներն արդեն հետևանքներ են թողնում։ Վրաստանի վրա տնտեսական առումով ինչ ազդեցություն են թողել կամ կարող են թողնել դրանք, ինչպիսին է իրավիճակն այդտեղ։

- Այո, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում ոչ միայն Ռուսաստանի տնտեսության, այլև այն երկրների վրա, որոնք կիրառում են այդ պատժամիջոցները։ Աֆրիկյան երկրները ոչ մի պատժամիջոց չեն կիրառել Ռուսաստանի դեմ, բայց քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան տարբեր գյուղմթերքների արտադրողներ են, դրանք մեծ պահանջարկ ունեն Աֆրիկայում։ Կան զգալի թանկացումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ տարբեր գյուղմթերքների սակավություն։ Նշանակություն չունի՝ դուք պատժամիջոցներ եք սահմանում, թե ոչ, ամբողջ աշխարհի վրա բացասաբար են ազդում այդ պատժամիջոցները։ Միևնույն ժամանակ, կան նաև որոշակի հնարավորություններ, բայց, այնուամենայնիվ, բացասական ազդեցությունը գերակշռում է։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի տնտեսությունը, ընդհանուր առմամբ, կարողացավ հաղթահարել արևմտյան պատժամիջոցների հետևանքով ցնցման առաջին ալիքը և որոշ առումներով նույնիսկ բարելավել իր տնտեսական դիրքերը, ինչը ցավալի է որպես փաստ ընդունել, բայց իրականություն է։

Ես կարծում եմ, որ պետք է լինի ողջամիտ համադրություն, որտեղ կարող ես գործել, որտեղ՝ ոչ: Այնուամենայնիվ, հավասարակշռությունն այն կլինի, որ պետք է աջակցել բարեկամներին՝ սեփական տնտեսությունն ամբողջովին չկործանելով։

- Ռուսաստանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Ըստ միջազգային տարբեր կանխատեսումների՝ 2022 թվականին Ռուսաստանի տնտեսական անկումը կարող է հասնել մինչև 15 տոկոսի։ Ինչպե՞ս կազդի այս սցենարը Վրաստանի տնտեսական աճի վրա։

- Իհարկե, բացասաբար կանդրադառնա Վրաստանի տնտեսության վրա թե՛ արտահանման, թե՛ ներմուծման առումով։ Ռուսաստանը Վրաստանի արտահանման և ներմուծման առաջատար շուկաներից է, որտեղ վաճառում է և որտեղից ստանում է ռազմավարական նշանակություն ունեցող շատ ապրանքներ։ Միաժամանակ, իհարկե, տեսականորեն Վրաստանի բոլոր արտահանումները և ներմուծումները կարող են դիվերսիֆիկացվել այլ երկրների օգնությամբ, սակայն դրա համար կպահանջվի որոշակի ժամանակ, գումար և ջանք, ինչը կարող է խնդիրներ առաջացնել վրաց հասարակության և բիզնեսի համար։ Ամենայն հավանականությամբ, դա բացասաբար կանդրադառնա գնի, համենայն դեպս՝ տարբեր ապրանքների ներմուծման վրա։ Յուրաքանչյուր դժվարության մեջ կա հնարավորություն, հեռանկարներ: Ռուսական այս բացասական հետևանքները հաղթահարելու համար Վրաստանի համար շատ հնարավորություններ կան, եթե Վրաստանի միջազգային գործընկերներն աջակցեն վրացական տնտեսությանը, և Վրաստանի կառավարությունն ինքն էլ գործի կոնկրետ դեպքի համաձայն։

-Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ երկրների համար պարենային անվտանգության խնդիր ստեղծեց։ Ի՞նչ միջոցառումներով է Վրաստանը պայքարում պարենային ճգնաժամի առաջ չկանգնելու համար։

- Ես չեմ հավատում, որ Վրաստանը կկանգնի սննդամթերքի կամ առավել ևս հումանիտար ճգնաժամի առաջ, քանի դեռ Ռուսաստանը չի որոշել հարձակվել Վրաստանի վրա: Եթե Ռուսաստանը չհարձակվի Վրաստանի վրա, ես այստեղ պարենային ճգնաժամ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ թանկացում, բայց ոչ՝ պարենային ճգնաժամ։

- Վրաստանը տարեկան հացահատիկի ընդհանուր ծավալի 70-80%-ը ներմուծում է Ռուսաստանից։ Վերջերս պաշտոնապես հայտարարվեց, որ այդ երկիրը շարունակում է մնալ հացահատիկի և ալյուրի հիմնական մատակարարը։ Ի՞նչ եք կարծում՝ շահավե՞տ է Ղազախստանից ներմուծման ծավալների մեծացումը, և արդյո՞ք այն կօգնի դիվերսիֆիկացնել այս շուկան։

- Ռուսաստանը վրացական շուկայում ցորենի առաջատար ներմուծողներից է։ Տարբեր տարիներին այն կազմում էր ընդհանուր ներմուծման մինչև 90 տոկոսը, քանի որ ամենաէժանն էր։ Ցորենը գրեթե ամբողջ աշխարհում նույն գինն ունի, բայց ամենակարևոր գործոնը, որը ռուսական ցորենն էժան է դարձնում Վրաստանում, տրանսպորտային ծախսն է։ Ռուսաստանից 1 տոննա ցորենի տեղափոխումն արժե 30-35 դոլար, Ղազախստանից՝ մինչև 70 դոլար, իսկ Ուկրաինայից՝ 80 դոլար։ Բայց հիմա հաշվի առնելով այն հարցը, որ ցորենի գինը տոննայի համար 200-ից հասել է 400 դոլարի, տրանսպորտի գինն ավելի քիչ զգայուն է։ Այսպիսով, Վրաստանը հնարավորություն ունի դիվերսիֆիկացնել ցորենի ներմուծումը։ Եթե Ռուսաստանը դադարեցնի ցորենի արտահանումը, ընդհանուր գինն ավելի բարձր կլինի։

- Վրաստանը տարեկան կարողանում է արտադրել անհրաժեշտ հացահատիկի մոտ 10%-ը՝ 80-100 հազար տոննա։ Կա՞ն արդյոք քննարկումներ կամ պետական աջակցության ծրագրեր ինքնաբավության ցուցանիշը բարձրացնելու համար։ Վրաստանն ունի՞ այդ ներուժը։

- Այո, Վրաստանն աշխատում է երկրում արտադրվող ցորենն ավելացնելու տարբեր ծրագրերի վրա։ Այդ նախագծի վրա աշխատում է գյուղատնտեսության նախարարությունը։ Միգուցե Վրաստանը չկարողանա ինքնուրույն արտադրել իրեն անհրաժեշտ ամբողջ ցորենը, բայց 10%-ն այս ուղղությամբ իսկապես ցածր արդյունք է։ Հետևաբար, այն պետք է մի քանի անգամ ավելացնել, և այդ ժամանակ Վրաստանն ավելի մեծ հարմարավետություն և վստահություն կունենա։ Տեղական արտադրողները ցորենը վաճառում են միջազգային շուկայի գներով։ Այնուամենայնիվ, Վրաստանում ավելի շատ ցորեն արտադրելը չի նշանակում, որ այն կէժանանա։ Բայց արտաքին շուկայից, մասնավորապես ռուսական շուկայից ավելի քիչ կախված լինելու տեսանկյունից, կարևոր է։

- Ռուս-ուկրաինական իրադարձություններով և ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով պայմանավորված՝ տուժում է նաև բեռնափոխադրումների ոլորտը։ Վրաստանը տարանցիկ երկիր է,  ծավալների փոփոխություն կա՞։

- Չնայած այն հանգամանքին, որ գլոբալ առումով մատակարարման շղթան խաթարված է, կարող եմ ասել, որ Վրաստանն այս պահին նույնիսկ որոշակի օգուտներ է քաղում մատակարարման գլոբալ շղթայի այս խաթարումից: Ասիական շատ բիզնեսներ, որոնք ուղղված էին դեպի ռուսական տնտեսություն տարանցմանը, հրաժարվում են այս տարբերակից։ Այլընտրանքներից մեկը Վրաստանն է։ Հենց հիմա վրացական նավահանգիստները, երկաթուղին և մայրուղիները տեղափոխում են և թույլ են տալիս տեղափոխել ավելի շատ ապրանք, քան մինչև համաճարակը կամ պատերազմը։ Երկարաժամկետ հեռանկարում շատ հնարավորություններ կան, ինչպես նաև Վրաստանը կարող է մասնակի այլընտրանք լինել ռուսական տարանցիկ միջանցքին։ Վրաստանն իր հնարավորություններով չի կարող լիարժեք այլընտրանք լինել ռուսական տարանցիկ միջանցքին, բայց, համենայնդեպս, կարող է լինել տարածք, որը կարող են օգտագործել եվրոպական և ասիական խաղացողները։ Դա լրացուցիչ առավելություններ կտա վրացական շուկային և մեծամասամբ կայունություն՝ Վրաստանին։